HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Երբ դատավորները խախտում են օրենքը

Ոստիկանության նախկին աշխատակից կապիտան Էմմա Կարապետյանը մոտ 17 տարի է` համակարգից հեռացվել է: Սոցիալական ծանր պայմաններում ապրող տարեց կինը մինչ օրս նույնիսկ չի կարողանում ստանալ տարիներով չվճարված աշխատավարձը:

Գործը հասել է դատարան եւ շրջել տարբեր ատյաններով, սակայն դատավորները չեն վերականգնում Էմմա Կարապետյանի իրավունքները:

Է. Կարապետյանը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան եւ պահանջել, որպեսզի ոստիկանությանը պարտադրվի կատարել որոշակի գործողություններ եւ վճարել հարկադիր պարապուրդի ընթացքում տարիներ շարունակ իրեն չվճարված աշխատավարձը: Թեեւ մինչ այդ Վճռաբեկ դատարանի որոշմամբ հաստատվել է, որ վեճն աշխատանքային է, դատավոր Ռուբեն Ներսիսյանը հայցը մերժել է` վաղեմությունը լրանալու պատճառով, ինչն աշխատանքային վեճերի ժամանակ կիրառելի չէ:

Է. Կարապետյանն այս որոշումը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում: Այս տարվա փետրվարի 1-ին դատավոր Նոյեմ Հովսեփյանի նախագահությամբ սկսվել է առաջին նիստը:

Պատասխանող կողմը` ոստիկանությունը, միջնորդել է դատաքննությունն անցկացնել իր ներկայացուցչի բացակայությամբ եւ հիմք ընդունել առաջին ատյանի դատարանում իր կողմից տրված բացատրությունները: Դատարանը միջնորդությունն ընդունել է:

«Բայց ոստիկանության ներկայացուցիչն առաջին ատյանում նիստերին ընդհանրապես չէր մասնակցում: Թե դատարանն ի՞նչ բացատրություն պետք է հիմք ընդուներ, ես այդպես էլ չհասկացա: Ն. Հովսեփյանին այս մասին ասում էի, բայց նա հաշվի չէր առնում, պատասխանում էր` քո գործը չէ»,- հիշում է տիկին Էմման:

Դատարանը ռուսախոս Է. Կարապետյանից պահանջել է, որպեսզի խոսի հայերեն կամ էլ սեփական միջոցներով թարգմանիչ հրավիրի, քանի որ դատավարության լեզուն հայերենն է:

«Ասացի, որ առաջին ատյանի դատարանն ինձ պետբյուջեի հաշվին թարգմանիչ էր տրամադրել, որովհետեւ սոցիալապես խիստ անապահով վիճակում եմ: Հովսեփյանը հակադարձեց, որ դատարանը թարգմանիչ վարձելու հնարավորություն չունի, ու եթե մյուս նիստին ես թարգմանիչ չբերեմ, գործը կթողնի առանց հետեւանքի»,- պատմում է Է. Կարապետյանը:

Հաջորդ նիստին նա մատնանշել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածը, ըստ որի` «Վարչական եւ օրենքով սահմանված քաղաքացիական գործերով գործին մասնակցող ֆիզիկական անձանց դատարանը ՀՀ հաշվին ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե նրանք չեն տիրապետում հայերենին եւ ապացուցում են, որ բավարար միջոցներ չունեն վճարովի թարգմանություն ապահովելու համար»: Հայցվորը միաժամանակ դատարանին ներկայացրել է իր սոցիալական ծանր պայմանների մասին փաստող անհրաժեշտ փաստաթղթերը:

«Ն. Հովսեփյանն իրեն շատ տարօրինակ պահեց: Ասաց, որ օրենքի այդ կետի մասին չգիտի եւ նիստը հետաձգեց, որպեսզի տեղեկանա: Բայց չէ՞ որ ինքը դատավոր է: Ո՞նց կարող էր չիմանալ, երբ այդ օրենքն արդեն մեկ տարի գործում է»,- զարմանում է Է. Կարապետյանը:

Հաջորդ նիստը կրկին հետաձգվել է թարգմանչի պատճառով: Դատարանը, առանց հիմնավորման, կրկին պնդել է, թե հայցվորն ինքը պետք է ապահովի թարգմանչի ներկայությունը:

«Այդ օրը Հովսեփյանը չէր կողմնորոշվում, թե մյուս նիստը կոնկրետ որ օրը նշանակի: Մեկ ասում էր` ապրիլի 1-ին, հետո` 2-ին, չէ` 4-ին, 3-ին: Ի վերջո, նիստը նշանակեց հինգշաբթի` ապրիլի 3-ին: Բայց ես, հայերենից ռուսերեն թարգմանելով, սխալմամբ հասկացել էի` ուրբաթ, ամսի 4-ին»,- պարզաբանում է Է. Կարապետյանը: Նա Վերաքննիչ դատարանի նախագահի անունով գրված հերթական դիմումի պատասխանը ստանալու համար ապրիլի 3-ին այցելել է դատարան եւ պատահաբար իմացել, որ իր գործով դատավարությունը սկսվել է:

«Մտա նիստերի դահլիճ, երեք դատավորներն էլ նստած էին: Ընդամենը մի քանի րոպե էի ուշացել: Ինձ տեսնելով` դատավորներից մեկն անմիջապես հեռացավ, իսկ Ն. Հովսեփյանն ասաց, թե ուշանալուս պատճառով դատարանի ամբողջ կազմն այլեւս ներկա չէ, ուստի նիստ լինել չի կարող»,- հիշում է տիկին Էմման: Մոտ 20 օր անց նա դատարանից ծանուցագիր է ստացել եւ տեղեկացել, որ իր հայցը թողնվել է առանց քննության, քանի որ «ապրիլի 3-ին նշանակված դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին կողմերը պատշաճ կարգով ծանուցվել են, սակայն դատական նիստին չեն ներկայացել»:

Է. Կարապետյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ եւ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովին: Երկու դեպքում էլ նրան ասել են, որ օրենքն իր կողմից է, եւ խոստացել են օրենքով իրենց տրված հնարավորությունների սահմաններում օժանդակել:
Է. Կարապետյանը դիմում-բողոքներ է գրել նաեւ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանների նախագահներին: «Ես մինչեւ վերջ պայքարելու եմ: Ինչքա՞ն կարող է այսպես շարունակվել: Դատավորներն անօրինականություն են անում, բայց մի բան էլ ինձ են ծաղրում»,- ասում է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter