HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապամոնտաժվում են Կոմիտասի պողոտայի շուկայի հարակից առևտրային տաղավարները

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Արաբկիրի կենտրոնական՝ Կոմիտասի պողոտայի փակ շուկայի մուտքին հարող մայթին տեղադրված առևտրային տաղավարներն ապամոնտաժվում են: 

«11 տաղավար, որոնք մոտավորապես 25մ մեկուսացրել են մայթը փողոցից, որը նաև քաղաքաշինական իմաստով սխալ է: Ժամանակին մայթի այդ հատվածը 5 տարի ժամկետով տրամադրվել է անհատ ձեռնարկատիրոջ: Այնուհետև ժամկետը երկարացվել է: Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո մենք խնդիր էինք դրել, որ այն այլևս չենք երկարացնելու»,-պատմում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը:

Այն, որ պայմանագրի ժամկետը չի երկարացվելու՝ տնտեսվարողը ծանուցվել էր դեռ ամիսներ առաջ: Երկարատև բանակցություններից հետո այսօր ապամոնտաժումն ամբողջովին կատարվում է հենց տաղավարների սեփականատիրոջ միջոցներով:

Աննախադեպ այս ծրագրի հիմնական նպատակը նախ մայթն ազատելն էր, հետո նաև՝ շուկային իր նշանակությանը վերադարձնելն ու ծառայեցնելը:

Տաղավարների ապամոնտաժումից հետո տարածքը կբարեկարգվի և կկանաչապատվի: Կվերականգնվի նաև մայթի ընդհատված ծառուղին, կփորվեն նոր բնաբաժակներ, և աշնանը տարածքը կհամալրվի նոր ծառերով:

Արաբկիրում և հատկապես Կոմիտասի պողոտայում մայթերին տեղադրված կրպակների և տաղավարների ապամոնտաժման գործընթացը լինելու է շարունակական.

«Նմանատիպ այլ կրպակաշարեր կան շուկայի մյուս կողմում, դրանք ևս պետք է նույն տարբերակով ապամոնտաժվեն: Մայթը լիարժեք գործառնական առումով վերադարձնելու ենք իր երբեմնի կարգավիճակին» ,- ընդգծում է վարչկան շրջանի ղեկավարը:

Տաղավարների ապամոնտաժումն առաջացրել էր տարիներ շարունակ իրենց առևտուրն այստեղ կազմակերպող քաղաքացիների դժգոհությունը: Ու, թեև համայնքն ու վարչական շրջանը որևէ պարտավորություն չունեին առևտրով զբաղվողների նկատմամբ, վարչական շրջանի ղեկավարի առաջարկով առևտրականներն իրենց գործունեությունըը կարող են շարունակել շուկայում  և առաջարկվող մի շարք այլ տարածքներում՝ առաջին մի քանի ամիսն առանց վճարելու պայմանով:

Մայթերը բնակիչներին վերադարձնելու ևս մեկ օրինակը Արաբկիրում շուկայի հանդիպակաց մայթն էր: Առևտրի կենտրոնի կառուցումից հետո մայթն ամբողջությամբ վերածվել էր ավոտակայանտեղիի: Խնդիրն այստեղ արդեն լուծված է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter