HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Հիվանդներն` ընդդեմ հիվանդանոցի տնօրենի

Աբովյան քաղաքի «Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերի» տնօրեն Մարինա Սաֆարյանը որոշել է հիվանդանոցի մի քանի բաժանմունքներ միացնել իրար, ինչն առաջացրել է հիվանդների զայրույթը:

Նրանք վստահ են, որ դրանով տնօրենը փորձում է իրականացնել կադրային ջարդ` անտեսելով արդյունքում սպասվող վտանգավոր հետեւանքները:

«Թոքային բաժնի հիվանդները վարակակիր են: Հիմա նրանց ուզում են միացնել մեզ: Իմ պրոբլեմը կապված է ողնաշարի հետ, եւ եթե նույն սենյակում պառկեմ թոքային հիվանդություն ունեցողի հետ, պետք է ձեռք բերեմ նոր հիվանդություն: Ի՞նչ է, իմ ցավը քի՞չ է»,- հարցնում է տուբերկուլյոզային ոսկրային բաժնի հիվանդ Ավթանդիլ Գեւորգյանը:

Նույն բաժնում բուժվող Արայիկ Արշակյանը նշում է, թե իրենց մոտ ներարկում կատարելու կամ հիվանդասենյակը մաքրելու համար հիվանդից գումար չեն պահանջում, «ինչը, մեծ հաշվով, բաժնի վարիչ Լեւոն Խալաթյանի շնորհիվ է»:

«Հիմա ուզում են նրան վտարել, տեղն անմարդկային մեկին նշանակեն, որ հիվանդներին գռփեն ու թալանեն,- ավելացնում է հիվանդ Ռազմիկ Մարտիրոսյանը:- Ես արդեն բուժվել եմ եւ դուրս եմ գրվում, դարդս մյուսներն են: Ու մեկը չկա ղեկավարությունից, որ ասի` այ կեղտոտներ, էս ի՞նչ խարդախություններ եք անում, ի՞նչ խաղեր եք սկսել»:

Տնօրեն Մ. Սաֆարյանը մեզ հետ կարճ խոսեց: Միայն նշեց, որ հիվանդների անհանգստությունն անտեղի է. «Պաշտոնապես հայտարարում եմ` այդպիսի բան չկա»,- ասաց նա:

«Առավոտյան տնօրենն ինձ ասաց, որ երեք վիրաբուժական բաժանմունքներ միացվում են, եւ բացարձակապես հիմնավորում չի ներկայացվում: Հայտարարվում է, թե դա Առողջապահության նախարարի հրամանն է ու վերջ: Բայց եթե այդպիսի առաջարկ տնօրենը չներկայացնի, նախարարն ինչու՞ պետք է նման որոշում ընդունի»,- ասում է օրթոպեդիկ բաժանմունքի տուբերկուլյոզային-ոսկրային բաժնի վարիչ Լեւոն Խալաթյանը: Նա հավաստիացնում է, որ տվյալ դեպքում անձնական շահի` բաժնի վարիչի պաշտոնում մնալու խնդրով առհասարակ մտահոգ չէ. «Ի վերջո, ես տարբեր հիվանդանոցներում աշխատելու հրավերք ունեմ: Բա հիվանդների հարցն ինչպե՞ս է լինելու»:

«Հիվանդները Լեւոն Դավիդովիչի անունով երդվում են: Նա կողի ոսկորներից կտրում է, դարձնում ող եւ մարդուն կանգնեցնում ոտքի: Անձամբ ես կիսամեռ, անհույս վիճակում եկել եմ այստեղ, 5 ամիս անշարժ պառկել, բայց ողնաշարի բարդ վիրահատությունից հետո այսօր արդեն քայլում եմ»,- ասում է Արման Մարալյանը: Նրա խոսքերով` իրենք հիվանդանոցի «անտանելի պայմաններին» ստիպված համակերպվում են զուտ նրա համար, որպեսզի բուժվեն Լ. Խալաթյանի մոտ:

«Մի քանի ամիս է` պառկած եմ, բայց հիվանդանոցի տնօրենի երեսը չեմ տեսել: Բա թող մի անգամ պալատներով շրջի ու պրոբլեմներին ծանոթանա: Թող դրանք լուծելու մասին մտածի, ոչ թե տարօրինակ որոշումներ կայացնի,- հավելում է Սերոբ Ջամկերտյանը եւ թվարկում հիվանդանոցի խնդիրները,- մկների ձայնից գիշերները քնել չի լինում, իսկ տառականներին ընդհանրապես չենք կարողանում վերացնել: Ջրերն անընդհատ կտրում են, նույնիսկ չենք իմանում` ո՞նց գնանք զուգարան: Հակահիգիենիկ վիճակից ուղղակի զզվում ենք: Պատերն այնքան կեղտոտ են, որ մարդու սիրտը խառնում է: Ստիպված մենք մեր ուժերով պաստառ ենք փակցրել»:

Հիվանդներն ու նրանց խնամողները դիմում-բողոք են գրել եւ ներկայացրել Առողջապահության նախարարություն: Այստեղ խոստացել են, որ դիմումը կդրվի անձամբ նախարարի սեղանին:

Առաջին անգամը չէ, որ Մ. Սաֆարյանի գործելակերպը նախարարությունում դառնում է քննարկման առարկա: Նախկին «ՕԵԿ»-ական, այժմ «Հանրապետական» կուսակցության անդամ Մ. Սաֆարյանը 2006 թ. պայքարում էր Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցնելու համար: Սակայն բուհի խորհրդի 32 անդամներից ոչ ոք ընտրությունների ժամանակ նրան ձայն չտվեց: Ավելի ուշ պրոֆեսոր Մ. Սաֆարյանը նշանակվեց Աբովյանի «Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերի» տնօրեն: Մոտ երկու ամիս անց` 2007 թ. ապրիլին, թերթերը գրեցին, թե պրոֆեսորին հիվանդանոցում լավ չեն ընդունել, ինչի պատճառով էլ վերջինս, որպես պատիժ, «ընդդիմադիր» աշխատակիցներին առաջարկել էր դիմում գրել եւ ազատվել: Իսկ երբ աղմուկ էին բարձրացրել հիվանդները` բողոքելով, թե առանց բժիշկների իրենց բուժումը կիսատ կմնա, տնօրենը հիվանդանոցից դուրս էր գրել անգամ բողոքավոր բացիլակիր հիվանդներին: Արդյունքում որոշ հիվանդներ հացադուլ էին հայտարարել, իսկ Առողջապահության նախարարությունում խնդիրներին լուծում տալու համար կազմվել էր հանձնաժողով: Երեքամսյա փորձաշրջանով դիսպանսերի տնօրեն նշանակված Մ. Սաֆարյանն աշխատանքից չազատվեց:

«Բողոքներ միշտ էլ կարող են լինել: Այս պահին ես որեւէ խնդիր չեմ տեսնում»,- անդրադառնալով Մ. Սաֆարյանի գործելաոճին` մեզ հետ զրույցում պարզաբանեց Առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը: Ըստ նրա` այս անգամ եւս հիվանդներին հուզող խնդիրները հարթվել են. «Այլեւս այդ բաժանմունքներն իրար չեն միացվելու»,- ասաց փոխնախարարը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter