HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գևորգ Պետրոսյանը՝ Վահե Գրիգորյանին. «Եթե ՍԴ դատավորը ընտրվել է քաղաքական խողովակներից, չի կարող չծառայել քաղաքական ուժին»

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ազատ է քվեարկելու Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի ընտրության հարցում։

Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Հարգելի պարոն Գրիգորյան, մի քանի անգամ հանդես եք եկել այն պնդումով, որ ՍԴ անդամի ընտրությունը քաղաքական է, ինձ թվում է շատ լավ հասկանում եք, թե ինչ վտանգավոր էլեմենտ է պարունակում ձեր պնդումը։ Այսինքն, որ արդարադատությունն ուզում եք փոխել, դուք ո՞նց եք պատկերացնում, որ ՍԴ-ն քաղաքական կոմպոնենտով ձևավորվի։ Մի ձեռքով ասում եք՝ ուզում ենք անկախ դատարան, մյուս ձեռքով ասում եք եկեք քաղաքական ազդեցությունը պահպանենք։ Պարզ է, չէ՞, որ եթե ՍԴ դատավորը լինեք դուք, եթե նա ընտրվել է քաղաքական խողովակներից, չի կարող չծառայել քաղաքական ուժին»,- ասաց Պետրոսյանը։

Գևորգ Պետրոսյանն անդրադարձավ Վահե Գրիգորյանի արտահայտած այն մտքին, որ քաղաքական մեծամասնությունում գտնվող որոշ անձանց հետ մտերմացել է բանտերում։

«Բա որ հանկարծ բանտային պայմանում օգնած մարդը աջակցություն հայցի, ո՞նց եք ձեր բանտային օրերի վատ հիշողությունները անտեսելու»,- ասաց նա։

Պետրոսյանը հարց ուղղեց՝ քաղաքական մեծամասնությունը նախկինում մերժում էր ՍԴ դատավորի մյուս թեկնածուներին այն պատճառով, որ վերջիններս չե՞ն դատապարտվել։

«Մենք ոչ թե բանտային անցյալն ենք կարևորելու, այլ մասնագիտական ունակություններն ու փորձը»,- ասաց պատգամավորը։

ԲՀԿ-ական պատգամավորը հիշեցրեց, որ Վահե Գրիգորյանի հետ փակ հանդիպման ժամանակ խոսել են դատարանների մուտքերն ու ելքերն ագելափակելու ակցիայի մասին։

«Փակ հանդիպման ժամանակ ասում եք խնդիր կա, հետո լրագրողներին ասում եք նման բան չեմ ասել, Գևորգ Պետրոսյանը խեղաթյուրել է»,- ասաց նա։

Պետրոսյանը խոսեց նաև այն մասին, որ Վահե Գրիգորյանը պնդում է՝ հանրապետության նախագահը լեգիտիմ չէ, և հարցրեց, թե ինչ գործ ունի այստեղ ինքը, եթե նախագահը լեգիտիմ չէ։

«Եթե մի սուբյեկտի անվանում եք ոչ լեգիտիմ, կարծում եմ բարոյական չէ այդ ոչ լեգիտիմ սուբյեկտի կողմից առաջադրվելը և ամեն գնով ՍԴ հաստիքացուցակը ծանրաբեռնելը»,- եզրափակեց Պետրոսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter