HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Նախատեսվում է ներդնել «լուսաֆորային մակնշում»՝ ըստ սննդամթերքի օգտակարության

2019թ. հոկտեմբերին նախատեսվում է ընդունել ԳՕՍՏ, որով սննդամթերքի համար կսահմանվի «լուսաֆորային» գույներով մակնշում․ կախված այդ սննդամթերքում աղի, շաքարի և ճարպի քանակից՝ դրանք կլինեն կանաչ, դեղին կամ կարմիր։ Այս մասին տեղեկացնում է «Известия»-ն։

Ռուսական «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պապովայի խոսքերով՝ կարմիր մակնշումը նախատեսվելու է այն ապրանքների համար, որտեղ ընդհանրապես չկան օգտակար նյութեր։

Դեղինով մակնշվելու է այն սննդամթերքը, որը պարունակում է այս կամ այն տիպի փոխարինիչ, իսկ կանաչը՝ արդեն միանգամայն բնական բաղադրատարրերով մթերքի համար է։

Օրինակ, եթե 100գ մսային կամ ձկնային ապրանքում աղի պարունակությունը լինի 0,7 գ և ավելի քանակով, ապա այն պետք է մակնշվի կարմիրով։ Իսկ եթե աղը, ասենք, 0,12 գ է, ապա փաթեթի վրա դրա գունավորումը կլինի կանաչ։ Այդ սանդղակի միջև եղած աղի պարունակությունն էլ կներկվի դեղինով։

Այս ԳՕՍՏ-ի ստանդարտները չեն տարածվելու այն ապրանքների կամ հումքի վրա, որոնք միատարր են, ինչպես օրինակ՝ շաքարը, աղը, սերուցքային կարագը և այլն։ Լուսաֆորային մակնշում չի նախատեսվում դնել նաև շշալցված ջրի, սննդային հավելումների և մասնագիտական, բուժական սննդի, ինչպես նաև՝ հրուշակեղենային արտադրանքի և պանրի վրա։

Նշված է, որ այդ ԳՕՍՏ-ը գործելու է ոչ միայն Ռուսաստանում, այլև Եվրասիական տնտեսական միության անդամ մնացած երկրներում, այդ թվում ՝ Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում։

Լուսաֆորային մակնշման պիլոտային ծրագիրը Ռուսաստանում մեկնարկել է դեռևս 2018թ հունիսին, սակայն՝ կամավորության սկզբունքով։ Առաջիններից մեկը, ով միացել էր այս առաջարկին, Unilever ընկերությունն էր, որը կիրառել էր լուսաֆորային մակնշման սկզբունքն իր պաղպաղակների վրա։ Հետագայում ծրագրին միացավ նաև «Danone» ապրանքանիշը՝ իր արտադրանքներով։

Ներկայում մակնշման «լուսաֆորային» սկզբունքը դեռևս կամավոր է․ այն ներառված չէ սննդամթերքի մակնշմանը վերաբերող, գործող և պարտադիր ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում (ինչպես օրինակ՝ «Սննդային արտադրանքը՝ դրա մակնշման մասով» 022/2011  ՄՄ ՏԿ-ում)։ Սակայն ժամանակի ընթացքում այն կարող է ներառվել կանոնակարգերում և կամավորի փոխարեն՝ դառնալ պարտադիր։

Նշենք, որ դեռևս 2017թ. ամռանը «Ռոսպոտրեբնադզոր»-ն առաջարկում էր ԵԱՏՄ անդամ երկրներին «լուսաֆորային» մակնշումը դարձնել պարտադիր և ներառել այն տեխնիկական կանոնակարգերում։ Սակայն այս գաղափարը քննադատվեց և հավանության չարժանացավ, քանի որ կարծիքներ հնչեցին, որ դա կհանգեցնի ապրանքների գնային աճին․ կանաչ մակնշմամբ ապրանքները կթանկանան։

 

Գլխավոր լուսանկարը՝ Известия

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter