HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նարեկ Բաբայանը «Ակնալճի կուղբաբուծական տնտեսությունը» պետությանը նվիրաբերելու հարցով դիմել է Մանվել Գրիգորյանի գործով դատավորին

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը գրություն է ուղարկել ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատավորին՝ հետաքրքրվելով, թե որքա՞ն է կազմում Գրիգորյանի կողմից պետությանը պատճառված վնասի չափը և արդյոք արգելանք դրվա՞ծ է Գրիգորյանին պատկանող անշարժ և շարժական գույքի վրա։ Այս մասին այսօր Գրիգորյանի գործով դատական նիստի ընթացքում ասաց դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը 2018թ. հոկտեմբերի 17-ին դիմել էր Կառավարությանը՝ հայտնելով որ Գրիգորյանը ցանկանում է Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը: Խոսքն ընկերության 100 տոկոս բաժնեմասը պետությանը տրամադրելու մասին է: Ըստ պաշտպանական կողմի՝ ընկերության տարածքի շուկայական արժեքը մոտ 5 մլրդ դրամ է, որը մի քանի անգամ գերազանցում է պետությանը պատճառված ենթադրյալ վնասի չափը: Պետական գույքի կառավարման կոմիտեն ՀՔԾ–ին նախաքննության ընթացքում գրություն է ուղարկել՝ փորձելով ճշտել այն հարցերի պատասխանները, որոնք այսօր ուղղել էր դատարանին, և ի պատաախան ՀՔԾ-ից հայտնել են, որ իր վարույթում գտնվող գործով հստակեցված չէ հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի չափը, առաջարկել Պետական գույքի կառավարման կոմիտեին հարցի քննարկումը հետաձգել մինչև վնասի չափը պարզելու համար քննչական և դատավարական գործողությունների ավարտը։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօրվա նիստի ընթացքում հայտնեց, որ քրեական գործի նյութերը դեռևս չեն հետազոտվել, սակայն հայտնի է, որ արգելանք է դրված Գրիգորյանի ամբողջ գույքի վրա: Ըստ դատավորի՝ նախ պետք է քննարկվի գույքի վրայից արգելանքը հանելու միջնորդությունը, ապա նոր վնասի փոխհատուցման հարցը: Բացի այդ՝ դատարանը շեշտեց, որ պետք է տարանջատել պետությանը նվիրաբերությունը պետությանը պատճառված վնասի փոխհատուցումից:

Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն իր խոսքում հիշեցրեց, որ Գրիգորյանը մեղադրվում է նաև հարկերից խուսափելու մեջ, և նշեց, որ վնասի փոխհատուցումը դիմումի առկայության պայմաններում հնարավոր չէ իրականացնել, քանի որ Գրիգորյանի գույքն արգելանքի տակ է:

Դատարանը հայտնեց, որ պատրաստվում է գրություն ուղարկել Պետական գույքի կառավարման կոմիտե՝ տեղեկացնելով, որ Գրիգորյանին պատկանող ամբողջ գույքը կալանքի տակ է:

Հիշեցնենք, որ Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, խոշոր չափի՝ շուրջ 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 միլիարդ դրամ վատնելու, շորթման, 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter