
Սյունիքի նախկին մարզպետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար
Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք: Այս մասին տեղեկացնում է ծառայության մամուլի կենտրոնը:
ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2016թ-ին պաշտոնավարող Սյունիքի մարզպետը, տեղեկանալով, որ իր հետ լարված հարաբերությունների մեջ գտնվող անձինք հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով ձեռք են բերել հողատարածք՝ նշված ձեռնարկատիրական գործունեությանն արհեստական խոչընդոտելու և ներդրումային ծրագրերը ձախողելու նպատակով, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց ցուցում է տվել նշված հողամասին հարակից՝ մուտքն ապահովող տարածքը իրացնել իր մատնանշած անձին: Իրավասու անձինք, կազմելով հողատարածքն աճուրդով օտարելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, կազմակերպել են վաճառքը, ինչի արդյունքում կառուցապատվող տարածքի սեփականատերը փաստացի զրկվել է հողամասը տնօրինելու և օգտագործելու հնարավորությունից:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով:
Կատարվում է նախաքննություն:
Նշենք, որ մինչև 2016թ-ի հոկտեմբերի 6-ը Սյունիքի մարզպետ է եղել Սուրիկ Խաչատրյանը Հայաստանի հանրապետական կուսակցությունից: Նրան փոխարինել է Վահե Հակոբյանը՝ կրկին ՀՀԿ-ից: ԱԱԾ-ն չի մանրամասնում, թե որ մարզպետին է վերագրվում մեղադրանքը:
լուսանկարը՝ syunik.mtad.am
Մեկնաբանել