Հերթական ոտնձգությունը ընդդիմադիր ակտիվիստի դեմ
Մայիսի 28-ին օրը ցերեկով Վերնիսաժի մոտ անհայտ անձինք ծեծել են Արսեն Խառատյանին: Արսենը «Սկսել ա» եւ «Հիմա» երիտասարդական շարժումների ակտիվ մասնակիցներից է:
Միջադեպի օրը Ա. Խառատյանը պետք է հանդիպեր ոմն Սաշայի: Վերջինս «ՎիվաՍել» բջջային օպերատորին պատկանող հեռախոսահամարով զանգել է Արսենին, ներկայացել որպես «Լայֆ» հանդեսի լրագրող եւ հարցազրույցի համար ժամադրել Վերնիսաժի մոտ գտնվող սրճարանում:
«Երբ եկա, սրճարանում այդպիսի մարդ չկար: Տվյալ բջջային հեռախոսահամարին հետ զանգեցի, բայց պատասխանող չկար: Այդ պահին հետեւիցս վազելով մեկը մոտեցավ, ինչ-որ բանով խփեց գլխիս ու փախավ,- հիշում է Արսենը:- Ընկել էի գետնին, գլխիցս արյուն էր հոսում: Սեւ հագուստով մի տղա «ապեր-ապեր» ասելով մոտեցավ, իբր ուզում էր օգնել, բայց հենց հասավ ինձ, սա էլ սկսեց հարվածել ու փախավ»:
Ա. Խառատյանի խոսքերով` հարձակվողները եղել են 2-3 հոգով եւ գործել են այնքան արագ, որ նույնիսկ չի հասցրել տեսնել նրանցից որեւէ մեկի դեմքը:
Պատահական մարդկանց կանչով շտապօգնության մեքենան տուժողին տեղափոխել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
«Այդ տղան, որ ներկայացել էր իբրեւ լրագրող, նորից զանգել է բջջայինիս եւ կարծել, թե խոսում է ինձ հետ: Բայց իրականում զանգին պատասխանել է փաստաբանս` Վահե Գրիգորյանը, որովհետեւ ես վերակենդանացման բաժանմունքում էի,- պատմում է Արսենը,- նա հարցրել է` դուրդ եկա՞վ, ինչու՞ չես խելոք մնում, ուզու՞մ ես կրկնենք: Երբ փաստաբանն ասել է, որ խոսակցությունը գրառվում է, անմիջապես հեռախոսն անջատել է, եւ այդ համարն այլեւս չի գործում»:
Տուժողին այցելել են նաեւ ոստիկանության քննիչները եւ բացատրություն վերցրել: Վերջինս արդեն հիվանդանոցից դուրս է գրվել եւ գտնվում է տանը: Կոտրվել է նրա քթի ոսկորը, իսկ գլխին դրվել է 4 կար: Արսենը վստահ է, որ կատարվածը պայմանավորված է իր քաղաքական հայացքների եւ ակտիվության հետ:
Հետընտրական շրջանում Ա. Խառատյանը երեք անգամ բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունք: Երկուսը` Հյուսիսային պողոտայում քաղաքական զբոսանքներին մասնակցելու, մեկն էլ` թռուցիկներ փակցնելու համար: Այս մասին ժամանակին մամուլը գրել էր:
«Ես Գլխավոր դատախազությունում դիմում էի գրել եւ նույնիսկ ներկայացրել էի լուսանկարներ, որոնք հաստատում են ինձ բերման ենթարկելու իրողությունը: Սակայն դատախազությունից պատասխանեցին, թե դիմումիս բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը, եւ գործ չհարուցեցին»,- նշում է Արսենը եւ ենթադրում, որ հիմա էլ փորձում են իրեն սաստել` ծեծի ենթարկելով:
«Հիմա» երիտասարդական շարժումը միջադեպը գնահատել է իբրեւ «ռեժիմի կողմից իրականացված ահաբեկչության հերթական ակտ»:
«Կարեւոր ենք համարում ընդգծել, որ սույն հանցագործությունն Արսենի նկատմամբ կատարվել է բացեիբաց եւ հրապարակայնորեն` նպատակ ունենալով վախի մթնոլորտ տարածել եւ կասեցնել համաժողովրդական շարժման ալիքը»,- ասված է շարժման հայտարարությունում:
Կատարվածը դատապարտել են նաեւ մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ եւ իշխանություններից պահանջել «պատժի ենթարկել հանցագործներին ու նրանց պատվիրատուներին»:
«Կարծում եմ` իրավապահների համար հարձակվողներին գտնելը դժվար չէ: Եթե հետաքննությունը չպարզեց, թե ովքեր էին նրանք եւ ինչի համար են դա արել, նշանակում է` այս ամենում իշխանությունների մատը խառն է»,- եզրակացնում է Արսենը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել