HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Կանաչ գործողությունների» ծրագիր Գյումրու համար

Մասնագետների պնդմամբ քաղաքային բնակավայրերի օդային ավազանի, կանաչ տարածքների եւ կենսաբազմազանության մասին կարելի է պատկերացում կազմել թեկուզ միայն տարածքում առկա թռչնատեսակների կազմն իմանալով: Դրական ցուցիչի կարեւորագույն ազդակը երգող թռչունների առկայությունն է: Այս թռչնատեսակն իր զույգին գտնում է երգի միջոցով: Դրա համար անհրաժեշտ են, որ լինեն բավարար կանաչ տարածքներ, որոնք պետք է շատ հեռու չլինեն միմյանցից, շրջապատում աղմուկի ցուցիչը նվազագույն պետք է լինի եւ այլն: Իսկ ի՞նչ կարելի է ասել Գյումրի քաղաքի մասին, որի օդային ավազանում վերջին տասնամյակում անփոփոխ իշխում են ագռավներն ու կաչաղակները:

«Դա ուղղակի աղետ է,- ասում է բնապահպան Դշխուհի Սահակյանը:- Մենք, ցավոք, Գյումրու համար չունենք  ուսումնասիրություններ թռչնատեսակների հետ կապված, թեպետ անզեն աչքով էլ տեսանելի է ագռավների գերակայությունը: Միայն կարող եմ ասել, որ եթե քաղաքում, շրջակա միջավայրում վիճակը հավասարակշռված է, այսինքն կանաչ տարածքներն այնպիսի ծավալի են, որտեղ կարող են երգեցիկ թռչունները բնակվել եւ լսել միմյանց, նշանակում է այդտեղ շրջակա միջավայրը բարվոք վիճակում է: Եթե խախտված է՝ անկանոն շինարարության իրականացում, կոշտ կենցաղային թափոններ, շինարարական թափոններ, հատված ծառեր եւ այլն, դա արդեն իսկ բնապահպանական լուրջ ահազանգ է»:

Մեկ տարի առաջ Զարգացման եվրոպական բանկը որոշեց ֆինանսավորել Գյումրի քաղաքի կանաչ գործողությունների ծրագրի կազմման աշխատանքները: ՎԶԵԲ-ն ունի ներքին վերակառուցողական գործընթաց, որ կոչվում է կանաչ քաղաքների տրանսֆորմացիա` փոխակերպում եւ իրականացվում է բանկի վարկային ծրագրերից օգտվող համայնքներում: Գյումրու համար մեկնարկը տրվել է 2018թ-ին: Ծրագիրն իրականացնելու համար հայտարարված մրցույթում հաղթել է «ԴաբլյուԷս Աթքինս ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն: Ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար, Էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Աստղինե Պասոյանի փոխանցմամբ, «Կանաչ գործողությունների ծրագիրը» կանաչ ֆիլտրով անցած խնդիրների վերհանման նպատակ ունի:

«Մենք նայում ենք ոլորտային բոլոր խնդիրները եւ փորձում հասկանալ, թե որտեղ ինչ կարելի է  անել,- ասում է Աստղինե Պասոյանը,- սկզբում նայում ենք համայնքի բնական ռեսուրսների վիճակը՝ հողը, ջուրը, օդը, էկոհամակարգերն ու կենսաբազմազանությունը: Այուհետեւ նայում ենք ոլորտային վիճակը՝ տրասպորտ, քաղաքաշինություն, ջրօգտագործում, ջրահեռացում, արդյունաբերություն եւ այլն: Հաջորդ դիտարկվող հարթությունը քաղաքի եւ պետության՝ բնապահպանական խնդիրներին արձագանքելու գործիքակազմն է, հետո մենք վեր ենք հանում այն ոլորտները, որտեղ ունենք լուրջ խնդիրներ, օրինակ հողում՝ ծանր մետաղները, տրանսպորտում՝ դիզելային վառելիքի օգտագործումը եւ այլն»:

Առկա խնդիրները գնահատվում են լուսացույցի սկզբունքով: Մեթոդաբանությունը տրամադրել է ՎԶԵԲ-ը: Ըստ հաշվարկային այդ մեխանիզմի՝ կանաչը նշանակում է, որ ամեն ինչ նորմալ է, կարմիրն ընկալվում է որպես մարտահրավեր, դեղին ստացած ոլորտում առկա խնդիների մասին պետք է մտածել: Կա դեղին ոլորտ, որ բարելավման միտում ունի եւ կա այնպիսին, որ տանում է դեպի կարմիր՝ ահազանգի հատկանիշներով:

«Oրինակ, ծծմբի երկօքսիդի ցուցանիշը շատ բարձր չէ Գյումրու համար, փոշին է շատ բարձր, սա էն դեպքում, որ մթնոլորտային աղտոտումն արդյունաբերական քաղաքի բնորոշում չունի,- նկատում է Աստղինե Պասոյանը:- Այստեղ փոշու աղբյուր են կառուցապատման աշխատանքները, անբարեկարգ փողոցները, կանաչ տարածքների սակավությունը, այսինքն մեր քարտեզում, մեր թղթերում Գյումրու օդը կարմիրով է նշված եւ սրան պետք է լուրջ ուշադրություն դարձնել»:

Ծրագրի բնապահպան Դշխուհի Սահակյանն ասում է, որ Գյումրու օդային ավազանի ցուցիչն, ըստ իրենց ունեցած տվյալների, 3.91 է: Սա նշանակում է, որ ընդհանրապես պետք է բացառվեն ծառահատումներն ու խորը էտը քաղաքում: «Երեւանի համար 7.9 ցուցիչը համարում ենք աղետ, իսկ Գյումրիում երկու անգամ պակաս է, այսինքն մոտեցել ենք կրիտիկական սահմանին,- ասում է Դշխուհի Սահակյանը,- ընդունված նորմը եթե նայենք, ապա պետք է 12-ից պակաս չլինի, լավ, ծայրահեղ դեպքում թող սահմանը լինի 10, բայց մենք դրանից էլ ենք ցածր: Տեսեք, Փարիզում եւս ցուցիչը ցածր է, բայց քաղաքն իր միջով անցնող Սենա գետ ունի, որ իր վրա է վերցնում փոշին: Երեւանն ունի մի Հրազդան գետ, որը տեղ-տեղ մտցրած է խողովակի մեջ, ուներ գետառ, որը նույնպես մտցվեց խողովակի մեջ, իսկ Գյումրին դա էլ չունի»:

Կազմակերպությունը Երեւան քաղաքի կանաչ գործողությունների փաթեթը կազմել է 2 տարի առաջ: 2017թ-ին ծրագիրը հաստատվել է ավագանու եւ վավերացվել՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից: «Վարչարարական տեսանկյունից «կանաչ քաղաքի» պլանը շտեմարան է, որտեղից ՏԻՄ-երը կարող են վերցնել գործողությունների պլան եւ ընդգրկել հնգամյա ռազմավարական միջոցառումների ցանկում: Երբ Երեւանում իշխանությունը փոխվեց, եւ նոր քաղաքապետը փորձեց առաջարկել նոր գաղափարներ, մենք ասացինք, որ գոյություն ունի առնվազն երկու երկարաժամկետ ծրագիր եւ դրանք դրված են քաղաքապետարանի կայքում: Եվ հիմա իրենք գումարներ են փորձում գտնել այդ ծրագրերն իրականացնելու համար»,- ասում է Աստղինե Պասոյանը:

Ըստ ժամանակացույցի՝ Գյումրու կանաչ գործողությունների ծրագիրը պատրաստ կլինի այս տարվա սեպտեմբերին: Դրան կհետեւի հանրային քննարկումը, հետո փաթեթը կներակայացվի ավագանիների դատին, այնուհետ, հաստատումից հետո, կվավերացվի քաղաքապետի կողմից: 15 տարվա համար նախատեսված ծրագիրը Գյումրու համար կդառնա «կանաչ գործողությունների» ուղեցույց` անկախ ՏԻՄ-ում տեղի ունեցող փոփոխություններից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter