HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Լարված իրավիճակ Քոչարյանի գործով բողոքների քննության ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը լարված մթնոլորտում անցավ:

Դատարանը պարբերաբար ընդհատում, առարկություններ և հայտարարություններ անելու հնարավորությունից զրկում էր գործում ներգրավված պաշտպաններին:

Դատարանում, հիշեցնենք, քննվում էր Քոչարյանի խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխելու, ինչպես նաև նրա, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումների դեմ բողոքները:

Բողոքների քննության մեկնարկին Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը հետաքրքրվեց, թե ինչ ընթացակագով պետք է քննվեն բողոքներն ու ինչ հաջորդականությամբ, ապա Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը փորձեց պարզաբանում ստանալ բողոքների քննության ժամանակ իր իրավունքների և պարտականությունների վերաբերյալ՝ նկատի ունենանով, որ նիստը դատաքննության նախապատրաստելիս առաջին ատյանի դատարանը Պողոսյանի ներկայությունը պարտադիր չէր համարել ու նրան խոսելու հնարավորություն չէր տվել:

Պողոսյանն իր խոսքը դեռևս չէր ավարտել, երբ դատավորը նրան ընդհատեց՝ հավատացնելով, թե հասկացել է՝ պաշտպանն ինչ է ասում:

Դատավորը հորդորում էր Պողոսյանին նստել, իսկ վերջինս պնդում էր, որ դատարանը չընդհատի իրեն և թույլ տա շարունակել խոսքը: Դատավորը, սակայն, պարբերաբար կրկնում էր, որ Պողոսյանին խոսելու հնարավորություն կտա մոտ ապագայում:

Արդյունքում վիճաբանություն սկսվեց դատավորի և Միհրան Պողոսյանի միջև:

Իրավիճակն էլ ավելի լարվեց, երբ Դանիելյանը հանդիմանեց պաշտպան Հայկ Ալումյանին՝ ծիծաղելու համար։ «Պարոն Ալումյան, կարծում եմ ոչ ոքի հրճվանքը չեմ առաջացրել»,- հայտարարեց դատավորը:

Վերջինիս գործողությունների դեմ առարկություն ներկայացնելու համար ոտքի կանգնեց Հայկ Ալումյանը: «Առաջին անգամ մեղմ ասում եմ՝ հրճվանք բառն իմ նկատմամբ չկիրառեք, մյուս անգամ շատ կոպիտ եմ ասելու»,- հայտարարեց Ալումյանը։

Նախագահող դատավորը հորդորեց իր վրա մատ թափ չտալ, և չնայած Ալումյանի պնդումներին, փորձում էր նրան թույլ չտալ առարկություն ներկայացնել՝ խոստանալով պաշտպանին պատեհ պահին խոսելու հնարավորություն տալ:

Ալումյանը պահանջեց հայտնել, թե երբ է այդ պատեհ պահը, ի պատասխան՝ դատարանն Ալումյանին հորդորեց նստել: Տևական ժամանակ դատավորն ու Ալումյանը զուգահեռաբար խոսում էին, և նիստն ընդմիջվեց տասը րոպեով, իսկ հետո շարունակվեց համեմատաբար հանգիստ մթնոլորտում: Դատարանն այսօրվա նիստը հետաձգեց, հաջորդը նշանակվեց վաղը՝ հունիսի 19-ին:

Նշենք, որ դատարանի դիմաց բողոքի ակցիա է: Ցուցարարների մի մասը բղավում է «կեցցե նախագահ Ռոբերտ Քոչարյանը», մյուս մասը՝ «Քոչարյան մարդասպան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter