HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գլխավոր դատախազը Մարտի 1-ի գործով բողոքների քննությունը ձգձգելու միտում է տեսնում. նա անդրադարձավ Քոչարյանի հայտարարությանը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բողոքների գործով դատավոր Արմեն Դանիելյանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ իրեն ներկայացված հերթական ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի ժամը 12:30-ին:

Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստին դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը:

Ըստ Խուդոյանի՝ երեկ տեղի ունեցած դատական նիստի ընթացքում նախագահող դատավորը պարբերաբար և անհարկի ընդհատել է պաշտպաններին, արգելել է նրանց իր գործողությունների դեմ ներկայացնել առարկություններ:

«Դատարանն արգելել է հանդես գալ հայտարարություններով՝ առանց իրավական պատշաճ հիմնավորման՝ ցանկանալով դրանք հետաձգել անորոշ ապագայում՝ պատեհ պահերի, ինչով դրսևորվել է կամայական մոտեցում դատավարության կանոնների նկատմամբ: Այդ գործողությունների հետևանքով առաջացած լարված իրադրության պայմաններում հայտարարված ընդմիջումից հետո դատարանն, այնուամենայնիվ, թույլատրել է պաշտպաններին ներկայացնել առարակություններ, ինչով փաստել է իր նախորդող գործողությունների անհիմն լինելը»,- ասաց Խուդոյանը:

Ըստ պաշտպանի՝ դատավորի վարքագիծը խոսում է դատարանի կանխակալ վերաբերմունքի մասին: Պաշտպանը հիշեցրեց նաև, որ դատարանը, փաստացի հրաժարվել է դատավարության մասնակիցներին պարզաբանել վերջիններիս իրավունքներն ու պարտականություններն այն դեպքում, երբ վերջիններս այդպիսի պարզաբանում են խնդրել: Խուդոյանը դատական նիստի կոնկրետ հատվածներ մեջբերեց՝ փորձելով փաստերով ներկայացնել դատարանի կողմից դրսևորած վարքագիծը:

Միջնորդության դեմ առարկեցին մեղադրող դատախազներն ու տուժողի իրավահաջորդները: Գլխավոր դատախազն, ինչպես արդեն նշել ենք, պաշտպանների վարքագծում նիստը ձգձգելու միտում տեսավ:

«Միտումն ակնհայտ է․ եթե դուք նկատեցիք, նախորդ նիստը, որ տևեց շուրջ երկուսուկես ժամ, հարց ու պատասխանի էր վերածվել այն դեպքում, երբ առնվազն պրոֆեսիոնալ իրավաբաններիս համար ակնհայտ է գործի քննության ընթացակարգը։ Յուրաքանչյուրս, դառնալով դատախազ կամ փաստաբան, պետք է իմանանք, թե որ պահին ասելու և որ պահին լսելու իրավունք կամ պարտականություն ունենք։ Շուրջ երկուսուկես-երեք ժամ այդ հարցի վերաբերյալ քննարկում ծավալելը ինչի՞ մասին է վկայում››,- ասաց Դավթյանը և նկատեց, որ, փաստորեն, երեկվա դատական նիստին ծավալված քննարկման վերաբերյալ պաշտպանական կողմն այսօր է որոշել ինքնաբացարկ հայտնել․ «Գուցե հիմա հետ գանք, և պարզվի, որ հիմա էլ դատարանի կողմից այդ որոշումը հրապարակելու ձևն է հիմք հանդիսանում ինքնաբացարկի համար»,- ասաց Դավթյանը։

Դավթյանն անդրադարձավ նաև Քոչարյանի՝ դատավորին ուղղված հորդորին այն մասին, որ յուրաքանչյուրը պատասխան է տալու իր արարքի համար:

«Ես շատ խորհրդանշական եմ համարում, որ այդպիսի հայտարարություն է անում այսօր մեղադրյալ, իսկ մեղսագրվող հանցանքների պահին ՀՀ նախագահ հանդիսացած անձը։ Ես կարծում եմ, որ սա արդեն իսկ վկայում է բավական լուրջ արդյունքների մասին, և ժողովրդական այն անվիճելի խոսքի մասին, որ, այո, ամեն մարդ, իր արածի համար պատասխան է տալու»,- ասաց Դավթյանն, ապա նշեց, որ որևէ պաշտոնյա, ով բարեխղճորեն իր պարտքն է կատարել, անհանգստանալու կարիք չունի։

Դավթյանը վստահեցրեց, որ Հայաատանում դատավորը պաշտպանված է։

Հարցին՝ ըստ գլխավոր դատախազի՝ դատավոր Դանիելյանը հիմա բարեխղճորե՞ն է կատարում իր պարտականությունները, Արթուր Դավթյանը պատասխանեց, որ եթե դատարանը որևէ խախտում թույլ տված լիներ, Դատախազությունն իր դիրքորոշումն արտահայտած կլիներ:

Լրագրողներից մեկը հարց ուղղեց՝ արդյո՞ք Դավթյանը վստահ է, որ Դատախազությունում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապեր չկան, քանի որ, շատերի պնդմամբ, տևական ժամանակ Մարտի մեկի գործով Դատախազությունն անգործություն է դրսևորել։ Ի պատասխան Արթուր Դավթյանն ասաց, որ Դատախազությունն ապացույցներն ըստ էության գնահատող գործառույթ ունեցող մարմին է, այլ ոչ թե ապացույց ձեռք բերող:

«Մարտի մեկի գործով որ պահին ինչ ապացույց ձեռք է բերվել, գնահատվել է»,- ասաց Դատախազը:

Դիտարկմանը, որ ըստ մեղադրանքի՝ Մարտի մեկի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը գործով ապացույցները կեղծել է, Դավթյանը պատասխանեց. «Իսկ դրա մասին Դատախազությունն իմացե՞լ է, այդ փաստը պարզվեց այն ժամանակ, երբ հարուցվեց քրեական գործ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter