HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որքանով է բյուջեի կատարողականը շեղված ծրագրից

Պետական բյուջեի ճշտված ծրագրով՝ 2018 թվականին Հայաստանի պետական բյուջեի եկամուտները ծրագրված են եղել 1 տրլն 365 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 1 տրլն 527 մլրդ դրամ։ Արդյունքում բյուջեի դեֆիցիտը պետք է կազմեր 161.9 մլրդ դրամ։ Եկամուտների ծրագրային ցուցանիշը կատարվել է 98.3 %-ով կամ փաստացի 1 տրլն 342 մլրդ եկամուտներ են արձանագրվել 2018թ. պետական բյուջեի կատարման արդյունքում։ Իսկ ծախսերի համար փաստացի օգտագործվել է 1 տրլն 447 մլրդ դրամ, կամ ծախսերի կատարողականը կազմել է շուրջ 95 %: Համապատասխանաբար բյուջեի փաստացի դեֆիցիտը կազմել է 105 մլրդ դրամ կամ ծրագրվածի շուրջ 65 %-ը։

Այս մասին այսօր 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս նշեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Ըստ նրա՝ պետական բյուջեի եկամուտների 94 %-ը հարկային եկամուտներն են, մնացածը՝ այլ եկամուտները։

Բյուջեի կատարողականի հաշվետվության մեջ նշված է, որ 2018 թվականի պետական բյուջեի փաստացի եկամուտները 8.4 %-ով կամ 103.9 մլրդ դրամով գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը. «2017 և 2018 թվականների համադրելի ցուցանիշների համեմատության դեպքում պետական բյուջեի եկամուտների աճը կկազմի 13.8 % կամ 168.7 մլրդ դրամ: Մասնավորապես` հարկային եկամուտների (ներառյալ` պետական տուրքերը) և այլ եկամուտների գծով մուտքերն աճել են համապատասխանաբար 14.4 %-ով (164.9 մլրդ դրամով) և 11 %-ով (7.2 մլրդ դրամով), իսկ պաշտոնական դրամաշնորհները՝ նվազել 23.2 %-ով (3.4 մլրդ դրամով)»։

Արդյունքում 2017 թվականի համեմատ 2018 թվականի պետական բյուջեի եկամուտներում 0.5 տոկոսային կետով ավելացել է հարկային եկամուտների (ներառյալ պետական տուրքերը) տեսակարար կշիռը, իսկ այլ եկամուտների և պաշտոնական դրամաշնորհների տեսակարար կշիռները նվազել են համապատասխանաբար 0.1 և 0.4 տոկոսային կետով:

Բյուջեի ծախսերը, ըստ ֆինանսների նախարարի հայտնած տվյալների, 2018 թվականին կազմել են ՀՆԱ-ի 24 %-ը, իսկ եկամուտները՝ 21 %-ը։

Ինչ վերաբերում է բյուջեի եկամուտներին ըստ հարկատեսակների, ապա ինչպես պարզ է դառնում ներկայացված հաշվետվությունից, 2018 թվականին հարկային եկամուտների և պետական տուրքերի 34.8 %-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է 438.2 մլրդ դրամ։ Հարկային եկամուտների 13.5 %-ն էլ ապահովվել է շահութահարկի հաշվին` կազմելով 170.1 մլրդ դրամ։ Եկամտային հարկի գծով պետական բյուջե է մուտքագրվել 356.6 մլրդ դրամ հարկ` ապահովելով հարկային եկամուտների և պետական տուրքերի 28.3 %-ը: Հարկային եկամուտների ու պետական տուրքերի 8.7 %-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով շուրջ 109 մլրդ դրամ:

Մնացածն ապահովվել է մաքսատուրքեր, շրջանառության հարկի, բնապահպանական հարկի և այլ վճարների տեսքով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter