HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը 2018թ. տվյալներով կազմել է 51.4 %

2018 թվականի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է մոտ 6 մլրդ 923 մլն դոլար կամ ՀՆԱ-ի 55.8 %-ը։ Արտաքին պետական պարտքը կազմել է մոտ 5 մլրդ 533 մլն դոլար, իսկ ներքին պետական պարտքը՝ 1 մլրդ 390 մլն դոլար։ Տարվա ընթացքում (2017 թ. դեկտեմբերի վերջին գրանցված ցուցանիշի համեմատ) Հայաստանի պետական պարտքն աճել է 148.3 մլն դոլարով կամ  2.2 %-ով։

Մասնավորապես, արտաքին պարտքը կազմել է ՀՆԱ-ի 44.6 %-ը։ Այս մասին նշված է Ֆինանսների նախարարության ներկայացրած 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մեջ, որն այսօր քննարկվում է Ազգային ժողովում։ Հիմնական զեկուցողը Ատոմ Ջանջուղազյանն է։

Արտաքին պարտքի հիմնական մասը` մոտ 4 մլրդ 983 մլն ԱՄՆ դոլարը, Կառավարության պարտավորություններն են, իսկ 550 մլն ԱՄՆ դոլարը՝ Կենտրոնական բանկի վարկային պարտավորություններն են։ 2018 թվականին Հայաստանի արտաքին պետական պարտքը բացարձակ արտահայտությամբ աճել է 38 մլն ԱՄՆ դոլարով (16.4 մլրդ դրամով) կամ 0.7 %-ով։ Աճը մեծամասամբ արձանագրվել է ի հաշիվ ՀՀ կառավարության արտաքին պարտքի։

Իսկ ներքին պարտքն աճել է 110.3 մլն դոլարով կամ 8.6 %-ով։

Ընդհանուր առմամբ ՀՀ կառավարության պարտքը` ներքին և արտաքին, կազմել է մոտ 6 մլրդ 373 մլն ԱՄՆ դոլար, որը ՀՆԱ-ի 51.4 %-ն է՝ 2017 թվականի53,7%-ի դիմաց։ «Պետական պարտքի մասին» ՀՀ  օրենքով սահմանված է, որ  յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Կառավարության պարտքի և համախառն ներքին արդյունքի հարաբերակցության սահմանային շեմը 60 %-ն է։ Այսինքն՝ այս տեսանկյունից պարտքը կառավարելի մակարդակում է։

Իսկ ՀՀ կենտրոնական բանկի պարտքը 2018-ի վերջի դրությամբ 550 մլն ԱՄՆ դոլար է կամ ՀՆԱ-ի 4.4 %-ը։

«Հաշվետու տարում ՀՀ արտաքին պետական պարտքի սպասարկումը կազմել է ավելի քան 370.9 մլն ԱՄՆ դոլար, որից շուրջ 296.7 մլն ԱՄՆ դոլարը` Կառավարության և շուրջ 74.3 մլն ԱՄՆ դոլարը` ԿԲ պարտավորությունների գծով»,- նշված է հաշվետվության մեջ: Նշենք, որ խոսքն այստեղ արտաքին պարտքի տոկոսավճարների մասին է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter