
Ռազմարդյունաբերության կոմիտեն կմիացվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը
Ռազմարդյունաբերության կոմիտեն կմիացվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց Կառավարությունը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջարկով:
Այդ նպատակով կկատարվեն նաև վերաբաշխումներ պետական բյուջեում: Մասնավորապես՝ «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրի կատարման համար նախատեսված 2,9 մլրդ դրամից 2,84 մլրդ դրամը Պաշտպանության նախարարությունից կհատկացվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, իսկ 76 միլիոն դրամը` Պաշտպանության նախարարության «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ին:
Նշենք, որ Ռազմարդյունաբերության պետական կոմիտեն գործում է Պաշտպանության նախարարության կազմում։ Այն մշակում է ռազմաարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտներին երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ պետական աջակցության ծրագրերի նախագծեր, ռազմական կարիքների համար պետական պատվերի և դրա ձևավորման կարգի նախագծեր։
Մեկնաբանել