HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյան. «Շատ կարևոր է, որ արդարադատության նախարարը արդյունավետ քայլերով իրականացնի այն քաղաքական ուղերձները, որոնք հղվում են Կառավարության կողմից»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արդարադատության նախարարություն և վերջինիս աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին: Այս մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը:

Վարչապետը նշել է, որ պարոն Բադասյանին ճանաչում է որպես ինտելեկտուալ, կամային հատկանիշներով օժտված և պարտաճանաչ մարդ, ով նաև մասնագիտական բարձր կարողություններ ունի: «Վերջին մեկ տարվա ընթացքում պարոն Բադասյանն աշխատել է որպես պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ և այս ընթացքում իրեն դրսևորել է լավագույն կողմերով՝ ցուցաբերելով նաև կազմակերպչական բարձր ընդունակություններ: Եվ ես կարևոր եմ համարում, որ այսօր այս վճռական փուլում պարոն Բադասյանը պետք է ղեկավարի արդարադատության համակարգի բարեփոխումները: Ոչ մի գաղտնիք չկա, մենք այս առումով գտնվում ենք շատ վճռական և իրադարձային փուլում և կառավարությունը, քաղաքական մեծամասնությունն ունի կամք Հայաստանում իսկապես անկախ դատական համակարգ ունենալու գործում: Այդ առումով, շատ կարևոր է, որ արդարադատության նախարարը լիարժեք տիրապետի իրավիճակին և արդյունավետ քայլերով իրականացնի այն քաղաքական ուղերձները, որոնք հղվում են Կառավարության կողմից:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել արդարադատության նախկին նախարար պարոն Զեյնալյանին՝ այս ընթացքում կատարած աշխատանքի համար: Պարոն Զեյնալյանը Հայաստանում չէ և այդ է պատճառը, որ այսօր այստեղ ներկա չէ: Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը և փորձը Հայաստանի պետականաշինության գործին ծառայելու հնարավորություն կլինի:

Ըստ էության, դատաիրավական բարեփոխումների ընթացքի մասին այսօր քիչ անց առիթ կունենամ խոսելու Ազգային ժողովում: Չեմ ցանկանում այստեղ շատ մանրամասնել, որովհետև այդ թեմայով տարբեր առիթներով, ձևաչափերով բազմիցս ենք խոսել: Պարոն Բադասյան, ինձ համար շատ կարևոր է նաև, որ պոզիտիվ աշխատանքային մթնոլորտ ստեղծվի և համոզված եմ, որ Դուք ի վիճակի եք նման մթնոլորտ ստեղծել, որպեսզի արդարադատության նախարարությանը և ընդհանրապես համակարգին մոտիվացնեք պոզիտիվ, կրեատիվ և ինովացիոն ոճի աշխատանքի: Այս առումով Ձեզ և նախարարության բոլոր աշխատակիցներին, մեզ բոլորիս մաղթում եմ հաջողություններ, որովհետև այս գործընթացի նշանակությունը դժվար է գերագնահատել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել. «Մանավանդ պարոն Զեյնալյանի նման պրոֆեսիոնալից հետո բավականին բարդ աշխատանք է սպասվում նախարարությունը ղեկավարելու հարցում: Վստահ եմ, որ պրոֆեսիոնալ աշխատակազմի հետ միասին կկարողանանք արդարացնել Ձեր սպասելիքները: Կարծում եմ, որ այս փուլում էական է բոլոր ռազմավարական միջոցառումները, մասնավորապես հակակոռուպցիոն ծրագիրը, որը շրջանառության մեջ է գտնվում, կազմել այնպես, որպեսզի հանրությունը հստակ ակնկալիքներ ունենա յուրաքանչյուր գործողության մասով վերջնաժամկետի, ակնկալվող արդյունքի շուրջ:

Վստահ եմ, որ մենք մեր բոլոր ռազմավարական փաստաթղթերն այսուհետ այնպես կկազմենք ու այնպես կաշխատենք, որպեսզի հստակ լինի, թե երբ ինչն է պատրաստ լինելու և որ ոլորտում մենք ինչ խնդիրներ ունենք ու ինչպես ենք պատկերացնում դրանց լուծումները: Ինչպես պարոն վարչապետը նշեց, տրամադրված եմ պոզտիտվ աշխատել բոլորի հետ՝ մեր նպատակների իրականացման համար»,- ասել է արդարադատության նորանշանակ նախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter