HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Դեղերի շուկայում թանկացում է սպասվում

Պետական եկամուտների կոմիտեն որոշել է իր մեթոդներով պայքարել մենաշնորհների դեմ: Սակայն պարզվում է, որ այդ պայքարը գնաճի նոր ալիք է ի հայտ բերելու: Օրերս ՊԵԿ-ի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում ընդգծված տնտեսական երևույթ է նկատվում. կազմակերպությունը ներկրում է ապրանք` հատկապես սննդամթերք և իր խանութների ցանցի միջոցով վաճառում: Խոսքը թերևս գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների մասին է, որոնց գործունեության արդյունքում էլ վերջին տարիներին փոքր և միջին բիզնեսը բառի բուն իմաստով ճզմվում է: Սակայն այս իրավիճակը ՊԵԿ-ի մասնագետները, պարզվում է, նոր են միայն նկատում: Արմեն Ալավերդյանը նաև արձանագրել էր, որ խոշոր խանութների ցանց ունեցողները միաժամանակ դարձել են խոշոր ներկրողներ, տնտեսությունը կենտրոնացրել են իրենց ձեռքում, իսկ միջին բիզնեսը շարքից դուրս է գալիս:

«Այս պարագայում հարկային և մաքսային քաղաքականությունն այն գործիքներից է, որը կազմակերպություններին ստիպում է, որ հենց իրենք ապրանքը հաշիվ ապրանքագրերով փոխանցեն ուրիշ կազմակերպությունների: Եթե նրանք, այնուամենայնիվ, չեն ցանկանում վառելիքը, սննդամթերքը, հագուստը և այլ ապրանքները միջնորդների օգնությամբ իրացնել, ստիպված են լինելու իրենց շրջանառությունը մեխանիկորեն 20%-ով ավելացնել և վճարել նաև ավելացված արժեքի հարկ»,- այս հայտարարությունն Արմեն Ալավերդյանն արել էր գործարարների հետ հանդիպման ժամանակ:

Սակայն քննարկումից անմիջապես հետո Հանրային խորհրդի ձեռնարկատիրության ենթահանձնաժողովի նախագահ Մուշեղ Տերյանը «Հայացք»-ի հետ զրույցում ասել էր, որ այս փոփոխության արդյունքում Հայաստանում գների բարձրացում կլինի, առաջիկայում կթանկանան նաև դեղերը, քանի որ այդ ոլորտը կենտրոնացված է մի քանի խոշոր խաղացողների ձեռքում, ովքեր և՛ ներկրում են, և՛ իրացնում:

«Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միություն» ՀԿ նախագահ Սամվել Զաքարյանը «Հայացք»-ի հետ զրույցում չժխտեց, որ դեղերի շուկայում գների բարձարցում է սպասվում:

- Պարոն Զաքարյան, մտահոգություններ կան, որ հարկային օրենսդրության փոփոխությունների արդյունքում դեղերի գների բարձրացում է սպասվում: Տեղի՞ն են այդ մտահոգությունները:

- Այո, մենք քննարկել ենք այդ հարցը մեր միությունում, կարծիքները տարբեր են, բայց հիմնականում այդ մտավախությունը կա: Մենք որոշել ենք քննարկում անցկացնել հարկային մարմինների հետ, պարզաբանումներ ստանալ փոփոխությունների վերաբերյալ, որովհետև շատ մարդիկ չեն հասկանում այդ օրենքի փոփոխությունը: Ըստ այդմ կհասկանանք. եթե մեր մտահոգությունը տեղին է, կդիմենք կառավարությանը, որպեսզի այդ փոփոխությունը մեկ անգամ էլ քննարկման դրվի: Դա, իրոք, անհանգստացնում է մեզ: Դրա արդյունքում ոչ միայն ներմուծողն է գումարներ կորցնելու, այլև սպառողներն էլ են դեղերն ավելի թանկ գնելու:

- Բայց դա ներկայացվում է որպես պայքար մենաշնորհների դեմ:

- Մենաշնորհների դեմ այդպես չեն պայքարում: Համենայն դեպս ես համաձայն չեմ, որ մենաշնորհների դեմ պայքարելու համար պետք է ամբողջ օրենքը փոխվի, որից փոքր կամ միջին ձեռնարկությունները նույնպես կարող են վնաս կրել: Մենաշնորհի դեմ պայքարում են լրիվ ուրիշ գործիքներով:

- Իսկ արդեն հաշվարկներ արե՞լ եք, թե որքան են բարձրանալու դեղերի գները:

- Նման հաշվարկ չենք արել: Թե որքան կթանկանան դեղերն` այսօր դժվար է ասել, բայց, կարծում եմ, դա զգալի կլինի: Հասկանալի է, որ ցանկացած բիզնեսի վրա շեմ դնելը հավելյալ խոչընդոտ է, որը թույլ չի տալու, որ բիզնեսը զարգանա:

- Դուք համամի՞տ եք, որ դեղերի շուկայում ընդգծված մենաշնորհ կա:

- Համամիտ չեմ, որովհետև դեղերի ոլորտն այն բացառիկ ոլորտներից է, որտեղ բավական առողջ մրցակցություն կա:

- Քանի՞ ընկերություն է գործում ոլորտում:

- Մենք ունենք 14 արտադրող և 150-ից ավելի ներմուծող: Եթե կան 150-ից ավելի ներմուծողներ, ո՞նց կարող է մենաշնորհ լինել:

- Պարոն Զաքարյան, բիզնեսի ներկայացուցիչների կողմից շատ են դժգոհությունները հարկային մարմինների գործադրած ճնշումների վերաբերյալ: Դեղ արտադրողների վրա ճնշումները շա՞տ են:

- Հատուկ ոլորտի հանդեպ ճնշման վերաբերյալ բողոքներ չենք լսել: Ընդհանուր մեր խնդիրները հարկայինի հետ նույնն են, որոնք ունեն նաև մյուս գործարարները: Չենք կարող ասել, որ դա հատուկ ինչ-որ ճնշում է դեղ ներմուծողի կամ արտադրողի վրա: Վերջին 2-3 տարիներին հակառակն է տեղի ունեցել` ճնշումներն ավելի շատ թուլացել են:

- Ի՞նչ իրավիճակ է այսօր դեղերի շուկայում ժամկետանց և կեղծ ապրանքի առումով:

- Ընդհանրապես Հայաստանը չի համարվում կեղծ դեղերով ողողված երկիր: Բայց կարծիքներ կան, որ հիմնականում կեղծ դեղերի քանակն ավելանում է, ինչ-որ ազդանշաններ կան այդ մասին: Նախորդ տարի կառավարության կողմից «Հայաuտանի Հանրապետություն դեղերի և դեղանյութերի ներմուծման ու արտահանման կարգը հաuտատելու մաuին» N581 որոշման մեջ կատարված փոփոխությունները և լրացումները հնարավորություն են տալիս երրորդ երկրներից ներմուծել նույն դեղը: Դա ոչ բարեխիղճ ներմուծողների առաջ կեղծ դեղորայք ներմուծելու դարպասներ է բացում: Եթե նախկինում դեղը արտադրողից էինք բերում Հայաստան, ապա այսօր վերավաճառողից է գնվում, իսկ այդ դեպքում արտադրողը պատասխանատու չէ այդ դեղի որակի համար:

Ռոզա Հովհաննիսյան

Մեկնաբանություններ (1)

Lilo
Սնվելու և տաքանալու միջոցների համար վճարել չկարողանալով մարդիկ անվճար ձեռք են բերում հիվանդություններ, որոնք տրվում են անվճար։ Մարդկանց, իհարկե ոչ բոլորին, հազիվ հաջողվում է լումաներ ետ գցել դեղերի կամ էլ թաղման ծախսերի համար։ Դեղերի համար անպայման վճարում են։ Իշխանությունն ապրեցնում թե դեպի մահ է տանում իր քաղաքացիներին...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter