HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կտրուկ խորացել է. վերջին տարիների դինամիկան

Հայաստանի տնտեսության 2018 թվականի մտահոգիչ միտումներից մեկը արտահանման բացասական հաշվեկշռի կտրուկ խորացումն է, որը վկայում է, որ նախորդ տարի երկրից ավելի շատ արտարժույթ է դուրս եկել, քան 2017 թվականին։

Ազգային ժողովում այս օրերին քննարկվում է Ֆինանսների նախարարության ներկայացրած 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։ Տնտեսության վիճակը բնութագրող ցուցանիշները ներկայացնելիս երեկ անդրադարձ կատարվեց նաև երկրի ընթացիկ հաշվին, որը ցույց է տալիս Հայաստան մտնող և դուրս եկող գումարների տարբերությունը։ Քանի որ մեր երկիրը արտաքին առևտրաշրջանառության ոլորտում առավելապես ներմուծողի դերում է՝ ավելի շատ ներմուծում է, քան արտահանում, հետևաբար՝ այդ տարբերությունը բացասական է. ներմուծման պարագայում գումարները երկրից դուրս են գալիս, արտահանման պարագայում՝ հակառակը։ Այսինքն՝ ամեն տարի ավելի շատ գումար է դուրս գալիս Հայաստանից, քան մուտք եղած գումարներն են։ Հայաստանի տնտեսության 2018 թվականի բացասական միտումներից մեկը հենց նշված բացասական հաշվեկշռի մեծացումն է, որը վկայում է, որ նախորդ տարի երկրից ավելի շատ արտարժույթ (հիմնականում՝ ԱՄՆ դոլար) է դուրս եկել, քան 2017 թվականին։ Փորձենք հասկանալ, թե ինչ տվյալների մասին է խոսքը, ինչ միտումներ են գրանցվել նախորդ տարիներին, և ինչ դեր ունի վերարտահանումը։

Ապրանքների գծով բացասական հաշվեկշիռը 28.4 %-ով աճել է

Այսպիսով, ըստ Կենտրոնական բանկի հրապարակած 2018թ. վճարային հաշվեկշռի տվյալների՝ 2018 թվականին ապրանքների արտահանումը Հայաստանից կազմել է 2 մլրդ 606 մլն դոլար, որը 2017 թվականի համեմատ աճել է 9.3 %-ով։ Իսկ ներմուծումը նույն ընթացքում կազմել է 4 մլրդ 372 մլն դոլար, որն էլ աճել է 16.3 %-ով։

Արդյունքում բացասական հաշվեկշիռը՝ արտահանման ու ներմուծման տարբերությունը, կազմել է 1 մլրդ 766 մլն դոլար։ 2017 թվականի համեմատ այն աճել է 28.4 %-ով։ Պատճառը, ինչպես տեսնում ենք, ներմուծման աճի բարձր տեմպերն են՝ համեմատ արտահանման։

Երեկ ԱԺ-ում ելույթի ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ ապրանքների ու ծառայությունների բացասական հաշվեկշռի մասին խոսելիս հաշվի չի առնվում վերաարտահանման գործոնը, ինչը պաշտոնական վիճակագրության մեջ չի երևում։ «Ընթացիկ հաշվի մասին խոսելիս կարևոր բան նշվեց, որ արտահանման ու ներմուծման տարբերությունը վատթարացել է։ Այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա, որի մասին, պաշտոնական վիճակագրությունը հաշվի առնելով, երբեք գլխի չես ընկնի։ Դա վերաարտահանումն է։ Ի՞նչ է կատարվում՝ Հայաստան ներմուծվում են մեծ թվով ապրանքներ, հիմնականում, օրինակ, ավտոմեքենաներ, որոնք հետո գնում են մեր հարևան երկրներ՝ շատ դեպքերում անգամ հայկական համարանիշերով։ Վիճակագրորեն երևում է, որ մեր երկիր կատարվեց մեծ ծավալով ներմուծում, բայց արտահանում չեղավ։ Բայց իրականում այդ գումարը մնացել է Հայաստանում։ Դրա համար էլ Կենտրոնական բանկի նախագահն այսօր հայտարարում էր, որ մեծ ծավալի դոլար են հավաքել, որովհետև հակառակ պրոցեսը կար, այսինքն՝ ճնշում կար, որ դոլարը կարող էր էժանանալ»,- Բաբկեն Թունյանը։

Կենտրոնական բանկի ներկայացրած վճարային հաշվեկռում, սակայն, կան տվյալներ վերարարտահանման մասին։ Ավելին՝ դրանք վկայում են, որ վերաարտահանման գործոնը մեծ չէ։ «Հարկ է նշել, որ վերջին տարիներին արտահանման կառուցվածքում զգալիորեն նվազել է վերաարտահանվող (առանց որևէ մշակման ենթարկելու՝ ոչ հայրենական արտադրության) ապրանքների տեսակարար կշիռը (բացառությամբ ակտիվ վերամշակման նպատակով ներմուծված ապրանքների՝ ադամանդ, տեքստիլ, սուրճ և այլն)։ 2015 թ. 8.8 %-ից նվազել է և 2018թ. կազմել 2 %, կամ 130.6 մլն դոլարից 47.7 մլն դոլար»,- նշված է «ՀՀ վճարային հաշվեկշիռը 2018 թվականի հունվար-դեկտեմբերին» պարբերականում։

Ընդ որում՝ 2018 թվականին 47.7 մլն դոլար վերաարտահանվող ապրանքներից 17.4 մլն դոլարը կազմել են ավտոմեքենաները՝ գլխավորապես մարդատար. 2015թ. այն կազմել է 3.5 մլն դոլար։

Այսպիսով, եթե ԿԲ-ի ներկայացրած վերաարտահանման վերաբերյալ տվյալները համապատասխանում են իրականությանը, ապա ապրանքների արտահանման ու ներմուծման տարբերության խորացման վրա վերաարտահանումը չի կարող էական ազդեցություն ունենալ, քանի որ և դրա ծավալն է փոքր, և դրա տեսակարար կշիռը՝ ընդհանուր արտահանման մեջ։

Ներքևում գտնվող ինֆոգրաֆիկան ներկայացնում է ընթացիկ հաշիվը՝ ըստ բաղադրիչների և դրանց դինամիկան վերջին տարիներին։ Շագանակագույնով ներկայացված է ապրանքների արտահանման ու ներմուծման բացասական տաբերությունը։ Ինչպես երևում է՝ 2011-2013թթ. այն աճել է, որից հետո նվազման միտում է գրանցվել մինչև 2017 թվականը։ Վերջին երկու տարում այդ բացասական հաշվեկշիռը խորացել է։

Կանաչով ծառայությունների գծով արտահանման ու ներմուծման տարբերություն է, կապույտով ու վարդագույնով՝ սկզբնական ու երկրորդային եկամուտների (օրինակ՝ անձնական դրամական փոխանցումները, պետական հատվածի ընթացիկ տրանսֆերտները և այլն):

Եվ գլխավոր ցուցանիշն այստեղ ընթացիկ հաշիվն է, այսինքն՝ մյուս չորսի համադրությունը, որը ցույց է տալիս, թե ընդհանուր նշված չորս ուղղություններով որքան է կազմել Հայաստանից դուրս եկող և մտնող գումարների տարբերությունը։ 2018 թվականին այդ տարբերությունը կազմել է մոտ 1 մլրդ 131 մլն դոլար՝ 2017 թվականի համեմատ աճելով 3.5 անգամով կամ մոտ 851 մլն դոլարով։ Սա բավականին մտահոգիչ ցուցանիշ է, քանի որ արտարժույթի արտահոսքը մի շարք բացասական հետևանքներ կարող է ունենալ տնտեսության վրա։

Ծառայությունների գծով բացասական հաշվեկշիռը 5 անգամ աճել է

Վերևում ներկայացվածը ապրանքների առևտուրն է։ Ինչ վերաբերում է ծառայությունների տվյալներին, ապա ըստ Կենտրոնական բանկի՝ «ծառայություններ» հոդվածի գծով 2018 թվականին արտահանման ծավալները նախորդ տարվա համեմատ աճել են 7.4 %-ով և կազմել 2 մլրդ 63 մլն դոլար։ Իսկ ներմուծումը կազմել է 2 մլրդ 211 մլն դոլար՝ աճելով 13.4 %-ով։ Եթե փորձենք հակիրճ բնութագրել՝ ինչ է ծառայությունների արտահանումը, ապա այն ցույց է տալիս, թե օտարերկրացիները, զբոսաշրջիկները որքան գումար են ծախսել Հայաստանում ծառայություններից օգտվելիս։

Արդյունքում ծառայությունների գծով բացասական մնացորդը 2018 թվականին կազմել է մոտ 148 մլն դոլար՝ նախորդ տարվա մոտ 28 մլն դոլարի դիմաց, աճը՝ 5.3 անգամ։

Ընդհանուր առմամբ, 2018 թվականին Հայաստանի ընթացիկ հաշիվ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է -9.1%` 2017 թվականի -2.4%-ի փոխարեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter