HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔԿՀ-ների շենքերի նորոգման հարցը հեռացվեց Կառավարության օրակարգից

Կառավարությունն այսօրվա նիստին քննարկում էր քրեակատարողական հիմնարկների շենքերի շինարարության, կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով 185 միլիոն դրամ հատկացնելու նախագիծը: Սակայն նախագիծը օրակարգի հեռացվեց պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի առաջարկով:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Կառավարության անդամներին հայտնեց, որ Արգիշտի Քյարամյանը նախագծի վերաբերյալ առարկություն ունի:

Քյարամյանը Կառավարության անդամներին հայտնեց, որ ուսումնասիրություններ են կատարել քրեակատարողական հիմնարկներում և արձանագրել, որ Կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի որոշմամբ՝ քրեակատարողական ծառայությանը արդեն ՔԿՀ-ների նորոգման համար տրամադրվել են դրամական միջոցներ, այնինչ այս նախագծով նախորդ պահանջված գումարի չափից ավելի գումար է առաջարկվում հատկացնել նույն նպատակով:

Քյարամյանը նաև հայտնեց, որ իրենց կատարած ուսումնասիրության արդյունքում խախտումներ են հայտնաբերվել նախագծա-նախահաշվարկային ձևերում, պայմանագիրային պարտավորությունների կատարման ժամանակացույցում:

«Պարզվել է, որ կառուցապատողները ոչ բավարար որակի և ոչ ժամանակին ծառայություն են մատուցել քրեակատարողական ծառայությանը, ինչը հիմք է տվել, որպեսզի պետական վերահսկողական ծառայության կողմից արձանագրված խախտումները ներառվեն ուսումնասիրությունն ամփոփող տեղեկանքում, իսկ տեղեկանքը ուղարկվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն՝ տեղեկանքում արծարծված հարցերի վերաբերյալ քրեաիրավական գնահատական ստանալու ակնկալիքով»,- հայտնեց նա:

Վերջինս հավելեց, որ այդ աշխատանքների վճարումների 95 %-ը կատարվել է, սակայն չի փոխանցվել ընկերություններին, սառեցված վիճակում է:

Հաշվի առնելով այս դիտարկումները՝ ՊՎԾ պետի պաշտոնակատարն առաջարկեց հանել նախագիծը օրակագից, քննարկել՝ հասկանալու համար, թե այդ աշխատանքներն ինչու չեն կատարվել:

Վարչապետն ընդունեց նրա այդ առաջարկը և օրակարգից հանեց նախագիծը: Արադարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին վարչապետը տեղեկացրեց, որ երեկ նրան է ուղարկել ՊՎԾ-ի այդ զեկույցը, հորդորեց ծանոթանալ, ինչից հետո եզրակացություն կարվի:

Նշենք, որ ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած նախագծի՝ հատկացվող այդ գումարով պետք է նորոգվեին «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Սևան», «Դատապարտյալների հիվանդանոց», «Աբովյան», «Կոշ», «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter