HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Էլեկտրաէներգիայի ընդհատումները լցրին համբերության բաժակը

Վաղուց ժամանակն է Ռոբերտ Նազարյանի գլխավորած ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեությամբ լրջորեն զբաղվելու: Ընդունում ենք` մեր և մեր գործընկերների մեղքն է` հետևողական չենք եղել:

Երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «ՀայՌուսգազարդ» ընկերություններն այս հանձնաժողովին համապատասխանաբար էլեկտրաէներգիայի և բնական գազի սակագների վերանայման հայտեր են ներկայացնում, սկսվում է մի շատ, շատ հետաքրքիր գործընթաց, եթե, իհարկե, այդ գործընթացն ավելի վաղ չի սկսվում... Որպես կանոն, ընկերությունները պահանջում կամ հայցում են սակագների ավելի մեծ բարձրացում, սկսվում են ինչ-որ բանակցություններ, հաշվարկներ, իսկ վերջնարդյունքում, հանձնաժողովի «հերոսական» ջանքերի շնորհիվ, հաստատվում կամ որոշվում է հայտում նշվածին մի քիչ զիջող սակագին: Թվում է, թե հանձնաժողովն այսպիսով իր առաքելությունը կատարեց, ու մի բան էլ դեռ նրան պետք է ազգովի շնորհակալություն հայտնենք: Մինչդեռ, կարծում ենք, այս ամենը մի յուրօրինակ շոուի է նմանվում, քանզի սակագների հիմնավորման համար ներկայացվող հաշվարկներում ծախսերը շարունակում են մնալ ուռճացված (ինչի նկատմամբ հանձնաժողովն աչք է փակում), իսկ ուռճացված ծախսերից, բնականաբար, բխում են բարձր սակագներ:

Այնուհանդերձ, եթե ընկերություններն այդպիսի ծախսեր են նախատեսում, միանգամայն արդարացի է պահանջելը, որ նրանց տնտեսությունները կարգին վիճակում լինեն և անխափան իրականացնեն էլեկտրաէներգիայի ու գազի մատակարարումը: Իսկ այդպե՞ս է արդյոք...

Օրինակ, անցյալ տարի Երևանի Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և այլ վարչական շրջաններում էլեկտրաէներգիայի բազմաթիվ անջատումներ եղան, որոնք որևէ կերպ չի կարելի արդարացնել, իսկ ամեն անգամ «վթար է» ասելը պատճառաբանություն չէ: Ի՞նչ է պատահել, չէ՞ որ ֆորս մաժոր չէ, Աստված մի արասցե, անջատումները ուժեղ, ավերիչ երկրաշարժի կամ պատերազմի հետևանքով հո չե՞ն: Վթարն ինձ և այլ սպառողների առանձնապես չի հետաքրքրում, դա պետք է մատակարար ընկերությանը հետաքրքրի: Մենք 1 կիլովատտի դիմաց վճարում ենք 30 դրամ, որը, կարծում ենք, քիչ չէ, ընդհակառակը` ավելին է, և իրավունք ունենք ակնկալելու էլեկտրաէներգիայի անխափան մատակարարում:

Եթե իսկապես վթար է, ապա դա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության խնդիրն է, որը պարտավոր է կանխել ու թույլ չտալ այդ վթարները:

Սկսվեց 2012 թվականը: Այս տարի էլ նույն վիճակը` տանը, աշխատավայրում էլեկտրաէներգիայի անջատումներ, ահազանգեր այլոց կողմից, կարճ ասած` խոսքը բազմաթիվ ընդհատումների մասին է: Դե, ամեն անգամ, ինչպես ասում են, գլխի տակ չես դնում, մանավանդ որ էլեկտրաէներգիայի մատակարարումը որոշ ժամանակ անց շարունակվում է, ու խնդիրդ համարում ես լուծված: Սակայն հունվարի 9-ին Երևանի Նալբանդյան 110 հասցեում էլեկտրաէներգիայի բազմաթիվ ընդհատումները համբերության բաժակը լցրին: ժամը 11:20-11:40-ի սահմաններում կարճատև ընդմիջումներով երեք ընդհատում եղավ, մեկն էլ` երեկոյան, 19:20-19:30-ի սահմաններում:

Թերևս ավելորդ է ասել, որ նման ընդհատումները, որոնք, մեր կարծիքով, անցնում են սահմանված չափը, մարդու կենցաղի, աշխատանքի, նյարդերի վրա բացասաբար ազդելուց բացի` պարունակում են թանկարժեք էլեկտրոնային և էլեկտրական սարքավորումները շարքից հանելու վտանգ:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարտավոր է հաշվի առնել էլեկտրաէներգիայի ընդհատումների վերաբերյալ բոլոր ահազանգերը, բողոքները, այդ թվում նաև` մամուլում հրապարակված, պարզել, թե ընկերություններն իրականում արդյոք կատարե՞լ են իրենց ներդրումային պարտավորությունները, այն աշխատանքները, որոնք ներկայացրել են իրենց ծախսերի շրջանակում: Պարտավոր է տեխնիկական մոնիտորինգ իրականացնել, ի վերջո, խախտում արձանագրելու դեպքում պարտավոր է ձեռնարկել ՀՀ օրենսդրությունից բխող միջոցառումներ: Հենց այս նկատառմամբ էլ այս հոդվածն ուղարկում ենք նշված հանձնաժողով:

Արթուր Հովհաննիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter