HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատի և Արմավիրի մարզերի աշակերտների առաջարկ-հորդորը՝ խոշոր ձկնաբույծներին

Արարատի մարզի 6 համայնքների 7-10-րդ դասարանի մի խումբ աշակերտներ հյուրընկալվել են Հովտաշատ և Սիփանիկ համայնքների փոքր ձկնաբուծարաններում։ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակներում հիշյալ համայնքի ձկնաբույծները մասնակցել էին «Ջրի արդյունավետ օգտագործման լավագույն գործելակերպ» մրցույթին և հաղթել իրենց հնարամիտ մոտեցումների շնորհիվ։

Այցի ընթացքում հյուրընկալ ձկնաբույծները երեխաներին պատմել են իրենց փորձի, ջրի արդյունավետ օգտագործման և շրջանառու համակարգերի ներդրման կարևորության ու առանձնահատկություների մասին, պատասխանել նրանց հարցերին։ Այցի ավարտին աշակերտները ջրի արդյունավետ կառավարման և օգտագործման վերաբերյալ ստացած գիտելիքներից ու մտահոգություններից ծնված առաջարկ-հորդորով դիմում են Արարատյան դաշտի խոշոր ձկնաբույծներին։

Դպրոցականների բաց նամակը «Հետք»-ի խմբագրությանն է տրամադրել «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի աշխատակազմը։

«Միշտ մտածել ենք, որ մեր երկրում ջրային պաշարների խնդիրները քիչ են, բոլորին բավարարում է ջուրը, և եկող սերունդները խնդիր չեն ունենա։  Զրույցները, մասնագետի ներկայացմամբ՝ «Իշխանի ճանապարհորդությունը»   հետաքրքրեցին մեզ ու շատ հարցեր առաջացրին մեզ մոտ։ Սովորեցինք, թե ինչ ծագում ունեն ստորերկրյա ջրերը, ինչ կապ ունեն լճերի ու գետերի հետ։ Իմացանք, որ վերջին 15 տարիների ընթացքում ձկնաբուծարանների գործունեության արդյունքում ջրի աննախադեպ արդյունահանում է տեղի ունեցել, որի հետևանքով 60 %-ով կրճատվել է արտեզյան ավազանի ջուրը:

Թեպետ ջուրը համարվում է վերականգնվող ռեսուրս, բայց նրա պաշարներն արդեն դասվում են սպառվող ռեսուրսների շարքին, որովհետև գնալով ավելի շատ են աղտոտվում և կորցնում իրենց պիտանելիությունը, մեծանում են նրա օգտագործման ծավալները, նվազում է վերարտադրությունը:

Մեզ հյուրընկալած ձկնաբույծները բացատրեցին իրենց աշխատանքը, ցույց տվեցին, թե ինչ տեխնիկական միջոցներ են կիրառում ջուրը խնայելու համար։  Հասկացանք, որ այստեղ ջուրը ենթարկվում է բազմակի օգտագործման, գրեթե ավելորդ կորուստներ չեն ունենում։ Ստանալով գիտելիքների որոշակի պաշար, տեսնելով ջրի խնայողական օգտագործման օրինակներ, մեր առաջարկ-հորդորն ենք ուղղում խոշոր ձկնաբուծական տնտեսությունների տնօրեններին։

Մենք՝ Արարատի մարզի Այգավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բուրաստան, Խաչփար, Մասիս, Վեդի, Փոքր Վեդի համայնքների աշակերտներս, անհանգստացած ենք, որ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարներն անշեղորեն նվազում են ու կորցնում որակը։ Այդ պատճառով որոշեցինք դիմել Արարատյան դաշտի ձկնաբուծարաններին և կոչ անել՝

  • խնայողաբար և արդյունավետ օգտագործել ջրային պաշարները,
  • վերահսկել ջրային հաշվեկշիռը՝ մուտքն ու ելքը,
  • վերօգտագործել ջուրը կասկադային համակարգով՝ միաժամանակ ջուրը հարստացնելով թթվածնով. կատարել ջրի աէրացիա,
  • ձկնաբուծարաններում օգտագործվող ջուրը մաքրելուց հետո ուղղել ոռոգման նպատակով,
  • ձկնաբուծարաններին կից կառուցել ջերմոց և ակվապոնիկ համակարգով աճեցնել բանջարեղեն,
  • նվազեցնել կեղտաջրերի արտանետումների ծավալը,
  • հողային հատակ ունեցող լճակները փոխարինել բետոնապատ լճակներով, քանի որ

հողային հատակ ունեցող ձկնաբուծարանները հողերի գերխոնավեցման, բնակավայրերի ջրակալման և հողերի աղակալման պատճառ են հանդիսանում,    

  • ստեղծել միջոցեր անձրևաջրերի կուտակման և հետագա օգտագործման համար,
  • ձկնաբուծարաններում տեղադրել արևային Էներգիայի սարքեր։

Հուսանք, որ անտարբեր չեք մնա մեր կոչին ու խնդրանքին։

Արարատի մարզի Այգավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բուրաստան, Խաչփար, Մասիս, Վեդի, Փոքր Վեդի համայնքների դպրոցների աշակերտներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter