HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հորդորակ Ե-ի արտասանության մասին

Լեզվի կոմիտեն հայտնում է, որ կանոնը սահմանում է. ե-ն բառասկզբում արտասանվում է յէ, բառամիջում և բառավերջում՝ է։ Օրինակ՝ յէրգ, յէրկու, նէրէլ, բէրէլ, Նարինէ, րոպէ։

Բաղադրյալ բառերում բառարմատի սկզբի յէ-ն (ե-ն) բաղաձայնից հետո արտասանվում է է, օրինակ՝ համէրգ, բազմէրանգ, առէրես, անէլանելի, անէնթակա, ձայնավորից հետո՝ յէ, օրինակ՝ ամենայէրջանիկ, կիսայէզրափակիչ։

Չպետք է կարծել, որ եթե բառն առանձին արտասանվում է յէ-ով, օրինակ՝ երկու (յէրկու), երգ (յէրգ), երկիր (յէրկիր), ապա այդ արտասանությունը պետք է պահել նաև բառամիջում, ինչպես՝ տասնըյէրկու, զուգյէրգ, ստորյէրկրյա։ Սա ճիշտ չէ: Ինչպես ասվեց, բաղաձայնից հետո ե-ն արտասանվում է է։ Ուստի պետք է արտասանվի՝ տասնէրկու, զուգէրգ, ստորէրկրյա և այլն։

Հարց է առաջանում. իսկ ինչպե՞ս արտասանել ե-ն, եթե պայմանական (ենթադրական) եղանակի կ- /կը/ և ժխտական չ- /չը/ մասնիկներից հետո է, որոնք նույնպես բաղաձայն հնչյուններ են։ Օրինակ՝ ասել կէրգե՞մ, թե՞ կյէրգեմ, կէզրափակի՞, թե՞ կյէզրափակի, կէրկրպագե՞ն, թե՞ կյէրկրպագեն, չէրազե՞նք, թե՞ չյէրազենք, չէնթարկվե՞լ, թե՞ չյէնթարկվել և այլն։

Օրինաչափությունն այն է, որ պայմանական եղանակի կ- և ժխտական չ- մասնիկներից հետո ե-ն արտասանվում է յէ, քանի որ այդտեղ կ-ից և չ-ից հետո ը է արտասանվում (փաստորեն ե-ն ձայնավորի է հաջորդում)։ Ուստի պիտի արտասանել կյէրգեմ, կյէզրափակի, կյէրիտասարդացնեն, կյէռապատկենք, կյէրդվենք, կյէրկնի, չյէրազել, չյէզրատել, չյէռացնել, չյէռակցել, չյէրթևեկել և այլն։ Իհարկե, կարող են լինել բացառություններ և զուգաձևություններ (կէփեմ/կյէփեմ, չէնթարկվել/չյէնթարկվել, չէրկնչել/չյէրկնչել):

Հիմք ընդունելով ասվածը՝

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

  1. բաղադրյալ բառերում բաղաձայնից հետո ե-ն արտասանել է,
  2. պայմանական եղանակի կ- և ժխտական չ- մասնիկներից հետո ե-ն արտասանել յէ։

Մեկնաբանություններ (3)

Սերժ
Փաստորեն մենք մեր Թբիլիսյան խոսվածքում առանց այս հորդորակին հետևլու էլ ճիշտ ենք արտասանում, թե չէ միշտ ականջս ծակում էր, երբ լուսում էի կԷրգեն կամ կէրդվեմ ու տենց..)
Ալեքսանդր Քանանեան
Լիովին անկեղծ լինելու համար՝ աչքերիս չեմ հաւատում, որ Լեզուի կոմիտէն կարող էր հանդէս գալ այսչափ մերժելի «յորդորով»։ Սոյն յորդորի հիմքում ընկած մաւտեցումը լրջագոյնս խաթարում է լեզուական հիմնարար երեւոյթների ժառանգականութեան պահպանման սկզբունքը։ Ի հեճուկս Ե (e) Ո (o) տառերի (զգալի չափով ԺԸ֊ԺԹ դդ․ պոլսահայ դպրոցների ուսուցիչների կիսարհեստական ջանքերով) ընդհանրացած բառասկզբի (յէ/ye) եւ (վո/vo) արտասանութեանը, որն այնուհետեւ մատուցուել է որպէս համազգային գրական արտասանական չափանիշ, Ե եւ Ո տառերի բառամիջեան դիրքը թե՛ բայական ձեւերում եւ թե՛ բաղադրեալ կազմութեամբ բառերում բացառաբար եւ անվերապահաւրէն ենթարդում է միայն մեկ արտասանութիւն՝ (e) եւ (o)։ Սրա դէմ որեւէ ոտնձգութիւն շղթայաբար եւ անխուսափելիաւրէն յանգեցնելու է «անՅելանելի», «անՎորակ», «անՅերեւույթ», «անՎորոշ» (մի աւր նաեւ`«ձկնՎորս») եւ այլ մերժելի ու անհեթեթ արտասանութիւնների տարածմանն ու աւրինաւորմանը։ Ուստի՝ հայրենակիցներիս յորդորում եմ ԱՆՏԵՍԵԼ եւ ԲՈՂՈՔԱՐԿԵԼ «Ե֊ի արտասանութեան մասին» Լեզուի կոմիտէի վերջին յորդորակը եւ պահպանել հայերէնի բնական ներքին աւրինաչափութիւններին հարազատ «կերգեմ» (կԷրգ/քԷմ), «կենթարկուեմ» (կԷնթարկվԷմ), «կերազեմ» (կԷրազԷմ), «չերկնչել» (չԷրկնչԷլ) «անելանելի» (անԷլանԷլի) «աներեւոյթ» (անԷրԷվույթ») արտասանութիւնը։ Խնդրոյ առթիւ հանգամանաւրէն արտայայտուել է նաեւ Լուսինէ Աւետիսեանը․ https://www.facebook.com/lusine.avetisyan1/posts/2441388455920992
Լուսինէ Աւետիսեան
Եթե կարելի է, յարգելի պարոն Գյուրջինյան Գիւրջինեան, ես ուզում եմ առարկել։ Այս եւ առհասարակ Ե֊ով ու Ո֊ով սկսուող բառերի հնչման աւանդոյթը, իմ ամուր համոզմամբ, չունի հիմնաւորում, արհեստական է, եւ բռնազբաւս կերպով են գրական լեզուին պատուաստել։ Հէնց միայն այն փաստը, որ մեր բազմադարեայ գրաւոր մշակոյթում Ե֊ով սկսուող բառերից առաջ գործածուում է Ի նախդիրի դիրքային՝ ուղղագրական կից գրառուող Յ տարբերակը, որը, ակներեւաբար, միայն ձայնաւոր հնչիւններից առաջ է դրուում, ապացուցում է, որ Ե֊ով սկսուող բառերը չեն հնչել [յե], այլապէս Ի նախդիրը կից Յ ձեւով գործածելու ոչ մի հիմք չէր լինի (ի գիտութիւն, բայց՝ յուրախութիւն, յաւգուտ, յոտնկայս, կամ՝ ի տանէ, ի քաղաքէ, բայց՝ յաշխարհէ, յերջանկութենէ, յերկրէ, յորոգայթէ)։ Նոյնն, ի դէպ, վերաբերում է նաեւ Ո֊ին՝ բազմաԳոյն, բայց՝ բազմԵրանգ, բազմՈլորտ, ձկնՈրս, քանի որ կարիք չկայ բառաբարդման ժամանակ ձայնաւոր հնչիւնով սկսուող բառից առաջ յաւդակապ գործածել։ Նաեւ ընդգծեմ, որ սա գրաբարի հնչիւնական առանձնայատկութիւնը չէ, նա էլ, բնականաբար, վերցրել է բարբառներից։ Չպէտք է մոռանալ նա եւ, որ աւժանդակ բայի խոնարհուած ձեւերը բառասկզբի Ե֊ի պարզ հնչման խաւսուն եւ լսելի վկաներ են՝ եմ, ես, է, ենք, էք, են։ Ո֊ի համար այդպիսի վկաներ են ով֊ը, ովքեր֊ը։ Դժուար է ասել, թե ով եւ երբ է յաւրինել Ե֊ի [յե] արտասանութիւնը, բայց ունկնառու երեւոյթ է երես, երեխայ, Երեւան եւ այլ բառերի պարզ [ե] հնչիւնով արտաբերումը բարբառներում։ Կարելի է ենթադրել, որ բառասկզբի Ե֊ի ներկայ հնչումը դասաւանդման կերպաբանութեան մէջ յետնաբար ներմուծուած անհիմն երեւոյթ է (թերեւս, բարբառներից ու խաւսակցական լեզուից տարբերակելու եւս մի միջոց), որն էլ առաջ է բերել աւտար անունների սխալ տառադարձման մի նոր մոլար աւանդոյթ, որ պահանջում է բառասկզբում [ե]* լսելիս տառադարձել Է֊ով՝ Էդուարդ, Էմմա, Էւերեստ (այս բառում, ի միջի այլոց, երկու սխալ կայ հէնց միայն Է֊ով տառադարձելու պատճառով, որից յետոյ լսուող [վ]֊ի գրառման որեւէ տարբերակ չպէտք է լինի, բացառուում է նա եւ ւ֊ի գործածութիւնը, որը լրիւ տրամաբանական էր Ե֊ի կողքին, թե եւ նոր ուղղագրութեան համար չկայ նման "խնդիր", Վ֊ն "լուծել է" այն)։ * Հնչիւնները նշանակելու համար գործածել եմ հէնց նրանց համար Մաշտոցի ստեղծած նշանները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter