HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Մարտի 1-ի գործով» բողոքների քննության ժամանակ դիրքորոշում հայտնեցին տուժողները, Խաչատուրովի և Օհանյանի պաշտպանները

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, այսօր շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու, ինչպես նաև Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ դատախազության և «Մարտի 1-ի գործով» տուժող կողմի բողոքների քննությունը:

Այսօրվա դատական նիստին ներկայացել են գործով տուժողներ Սուրեն Գևորգյանը և Անդրանիկ Հարությունյանը: Վերջիններս դատարանում խոսեցին 2008 թվականի մարտին Հայաստանում տիրող իրավիճակի և դրա հետևանքների մասին:

Գևորգյանը դատարանում հայտարարեց, որ իր ամբողջ ընտանիքը 2008-ից հետո հեռացել է Հայաստանից:

«Ինձ էս օրը գցողը, ոչնչացնողը պետք ա ստանա արժանի պատիժ, ընտանիքս ոչնչացել ա, մենակ ես եմ մնացել։ Ես մնացի մենակ․ 2008-ից իմ ցեղը փախավ Հայաստանից, միայն ես եմ մնացել։ Ցավալի վիճակ է իմ կենսագրությունը: Դատարանից խնդրում եմ արդար դատավարություն, ոճրագործը պետք է պատասխան տա։ Ես Հայաստանում որպես ստրուկ եմ ապրել...նա ոչնչացրեց իմ ընտանիքը, անկախություն եմ ցանկացել, սա՞ էր իմ անկախությունը, ես մրմռում եմ։ Ինչի՞ համար Ռոբերտ Քոչարյանը անցանկալի քաղաքացի համարեց որդուս եւ վտարեց: Երբ ինձ ջնջխված բերեցին, տուն գցին, կինս տեսավ, շաքար ստացավ։ Ահա էս էր իրավունք պահանջելու իմ վերջակետը, ես իմ իրավունքն էի պահաջում հայրենիքից, ընտանիքս բնաջնջվեց, մնացի միայնակ։ Ես Աստծուց միայն մեր ազգին փրկություն եմ խնդրում, նույն բանսարկուները ստեղ են՝ մարտի 1-ի»,- ասաց Սուրեն Գևորգյանը:

Գործով տուժող Անդրանիկ Հարությունյանն ասաց, որ 2008 թվականի մարտի 1-ին դպրոցական աշակերտ է եղել, փողոցով անցնելիս է եղել, երբ կրակել են ու դրա հետևանքով մեկ աչքը կուրացել է:

Այսօրվա դատական նիստին ներկայացված բողոքների վերաբերյալ դիրքորոշումներ են հայտնում գործով մեղադրյալների պաշտպանները: Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը և Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն արդեն հայտնել են իրենց դիրքորոշումները: Նրանք երկուսն էլ շեշտը դրել էին այն հանգամանքի վրա, որ ժամանակին դատախազությունը հրաժարվել է «Յոթի գործով» անցնող անձանց մեղադրանքներից՝ նկատի ունենալով, որ նրանց 2008-ին վերագրվող Քրեական օրենսգրքի 300 հոդվածը վերաշարադրվել է, Քրեական օրենսգիրքը լրացվել 300.1 հոդվածով:

Նշենք, որ Քրեական օրենսգրքում պաշտպանների մատնանշած փոփոխությունն արվել է 2008 թվականի մարտի իրադարձություններից մեկ տարի անց` 2009 թվականի ապրիլին:

2008-ի մարտի 1-ի իրադարձություններից հետո Ալեքսանդր Արզումանյանին, Շանթ Հարությունյանին ու ևս 5 անձանց՝ 2008-ին գործող Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով կատարված փոփոխություններով պայմանավորված, մեղադրող դատախազները հրաժարվել են Արզումանյանի և մյուսների` 300-րդ այդ հոդվածով մեղադրանքից: Մեղադրանքից հրաժարվելու որոշման հիմքում, ըստ պաշտպանների, դատախազությունը դրել է այն հանգամանքը, որ անձի վիճակը վատթարացնող օրենքը չի կարող հետադարձ ուժ ունենալ:

«Մարտի 1-ի գործով» մեղադրյալների պաշտպանները բազմիցս բարձրացրել են հարցը, որ նույն տրամաբանությամբ մեղադրանք չէր կարող առաջադրվել նաև իրենց պաշտպանյալներին:

Այժմ «Մարտի 1-ից» անջատված մասով անցնող մեղադրյալներ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով, այսինքն՝ սահմանադրական կարգի տապալումը, իսկ Արմեն Գևորգյանին՝ այդ արարքին օժանդակելը:

Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը հարց բարձրացրեց, որ եթե Խաչատուրովին մեղադրանք առաջադրվեր նույն ժամանակահատվածում, ինչ «Յոթի գործով» անցնող անձանց, ապա պետք է առաջադրվեր այն հոդվածով, ինչով «Յոթի գործով» անցնող անձանց էր առաջադրվել, այսինքն՝ Քրեական նախկին օրենսգրքի 300-րդ հոդվածով: Պողոսյանը հարց բարձրացրեց, թե այդ պարագայում ինչպե՞ս էին վարվելու դատախազները 2009-ի օրենքի փոփոխությունից հետո, արդյոք չէ՞ին հրաժարվելու նաև Յուրի Խաչատուրովի մեղադրանքից:

Խաչատուրովի պաշտպանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել կամ գործը վերադարձնել դատախազին: Մեղադրյալ Սեյրան Օհանյանի պաշտպանը միջնորդեց մերժել ներկայացված բողոքը կամ վերադարձնել դատախազին, իսկ նոր դատական ակտ կայացնելու դեպքում իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter