«Հայացք». Նախարարի համար սովորակա՞ն են կոռուպցիայի վերաբերյալ ահազանգերը
Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ներկայացնելով իր ղեկավարած մարմնի 2012 թ. գերակայությունները, անդրադարձավ նաև նախարարության համակարգում գործող սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:
- Այդ ուղղությամբ մենք շատ մեծ աշխատանքներ ենք տանում, 2009-2011 թթ. բավականին աշխատանքներ են տարվել, հիմնականում դրանք ուղղված են մեր օրենսդրական դաշտը Եվրամիության պահանջներին համապատասխանեցնելուն,- ասաց Ս. Կարապետյանը:
Իսկ հետաքրքիր է` Եվրամիության պահանջների մեջ չի՞ մտնում համակարգում կոռուպցիայի դեմ պայքարը: Պատասխանելով մեր հարցին` արդյոք ստացե՞լ եք ահազանգեր` սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից կոպիտ անօրինականության ու կամայականության վերաբերյալ, որոնց դրդապատճառը, կարծում եմ, կարող է միայն կոռուպցիան լինել, նախարարն ասաց.
- Ճիշտն ասած, ես այդպիսի ահազանգեր չեմ ստացել ո՛չ գրավոր, ոչ էլ բանավոր: Լրագրությունից ես մի դեպք գիտեմ` «Արմֆուդ» կազմակերպության հետ կապված, որը վիճարկում էր լաբորատոր անալիզների պատասխանը: Թե ուր հասան` դեռ հայտնի չէ:
Նախարարին հայտնեցինք, որ մեր հարցն այդ կազմակերպությանը չի վերաբերում: Ուշագրավ է, որ պարոն Կարապետյանը չհետաքրքրվեց, թե մեր հարցով ի՞նչ նկատի ունենք: Այդքան սովորակա՞ն են սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերաբերյալ գյուղատնտեսության նախարարին ուղղված նման հարցադրումները` չնայած հավաստմանը, թե այդպիսի ահազանգեր ո՛չ գրավոր, ոչ էլ նույնիսկ բանավոր չի ստացել: Իր առաջին տեղակալ Գրիշա Բաղիյա՞նն էլ ոչինչ չի ասել կամ փոխանցել իրեն:
Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ չնայած Հայաստանում գյուղմթերքների արտադրության ծավալների մեծացմանը` բազմաթիվ մթերքների գներ բարձրացել են: Ս. Կարապետյանը փորձեց այս անժխտելի փաստը բացատրել նրանով, որ դա համաշխարհային երևույթ է, արտադրության ծավալների մեծացմանը զուգընթաց, բայց էլ ավելի մեծ չափերով, աճում է նաև բնակչության թիվը. մի քանի տարի հետո մոլորակի բնակչությունը կհասնի 9 միլիարդի:
Լրագրողներից մեկը, սակայն, հիշեցրեց, որ ի տարբերություն մոլորակի բնակչության, Հայաստանի բնակչությունը վերջին 10 տարում նվազել է:
Հայտնվելով տրամաբանական փակուղում` գյուղատնտեսության նախարարը փորձեց խուսանավել` ասելով, թե այդ ցուցանիշները դեռ նախնական են: Մինչդեռ, կարծում ենք, բոլորին էլ պարզ է, որ որքան էլ այդ ցուցանիշները «սրբագրվեն» և, ասենք, ավելացվեն, վերջնական ու նախնական ցուցանիշների տարբերությունն էական չի կարող լինել:
Ըստ Ս. Կարապետյանի` Հայաստանում աճեցվող գյուղմթերքները նիտրատներ չեն պարունակում: Իհարկե, չի կարելի ասել, թե գյուղացիական բոլոր տնտեսությունների կողմից, տարվա բոլոր սեզոնների ընթացքում աճեցվող և բոլոր տեսակի գյուղմթերքները նիտրատներ են պարունակում, բայց բազմաթիվ փաստեր կան մեր երկրում աճեցված գյուղմթերքներում ոչ միայն նիտրատների, այլև թունաքիմիկատների անթույլատրելի քանակությունների առկայության ու հայտնաբերման մասին: Նախարարը ծանոթ չէ՞ այդ փաստերին...
Վերջում գյուղացիական տնտեսությունների համար ուրախալի մի լուր. Ս. Կարապետյանի հավաստմամբ` որևէ մեկն իրավունք չունի նրանցից պարարտանյութի և դիզվառելիքի տեղափոխման համար գումար պահանջելու, այդ ծախսերի հարցը լուծված է:
Արթուր Հովհաննիսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել