HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանը քննարկեց ՀՈԱԿ-ների ընտրության հարցում ավագանու դերի բարձրացման նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Նախագծի հիմնական զեկուցող «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի խոսքով՝ նախագծով փորձում են բարձրացնել ավագանու դերը:

«Գործող օրենքով համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (ՀՈԱԿ) տնօրեններ են նշանակվում համայնքի ղեկավարի սուբյեկտիվ որոշման արդյունքում, երբ համայնքի ղեկավարը ներկայացնում է ավագանու հաստատման, և ավագանին կողմ կամ դեմ է քվեարկում»,- ասաց Եղիազարյանը:

Եղիազարյանի խոսքով՝ գործող օրենքում «աբսուրդային» կետ կա, երբ համայնքի ղեկավարի ներկայացրած ՀՈԱԿ-ի ղեկավարի թեկնածուին մերժելուց հետո ղեկավարն իրավասություն ունի միաձնյա որոշում կայացնել և նշանակել ՀՈԱԿ-ի ղեկավար:

«Սա խոչընդոտում է մարդկանց հավասար հնարավորությունները տվյալ պաշոնում աշխատելու համար, և շատ դեպքերում խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքով կամ շահադիտական նպատակներով ոչ նպատակային նշանակումներ են լինում»,- ասաց նա:

Արմեն Եղիազարյանը հիշեցրեց, որ որպես Վանաձորի ավագանու անդամ՝ բախվել է նման խնդրի, երբ օրինակ մաթեմատիկայի ուսուցիչը նշանակվել է երաժշտական դպրոցի տնօրեն:

«Այսպիով մենք փորձում ենք բարձրացնել ավագանու դերը և ՀՈԱԿ-ներում  առավել պրոֆեսիոնալների ներգրավել»,- ասաց նա:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կարևորեց նախագիծը, հետաքրքրվելով, թե արդյոք առաջարկվող փոփոխությամբ տարիքային շեմ նախատեսվո՞ւմ է, թե ոչ:

Արմեն Եղիազարյանն արձագանքեց, որ նախագիծը ներկայացնելիս առաջարկել էր առնվազն 26 տարեկան տարիքային շեմ և առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ այդ ոլորտում, սակայն Կառավարությունն առաջարկել է, որ չափորոշիչները սահմանի ինքը: Եղիազարյանը ասաց սակայն, որ առաջինից երկրորդ ընթերցում կքննարկի Կառավարության հետ այն հարցը, որ չափորոշիչները ներառվեն օրենքի նախագծում:

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի անդամ, նախագծի հարակից զեկուցող Վահե Ղալումյանն ասաց, որ հանձնաժողովում բովանդակային քննարկում է եղել, և հանձնաժողովը շատ է կարևորել նախագիծը:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Եղիշե Սողոմոնյանը կարծիք հայտնեց, որ կարծես թե այս նախագծով փորձ է արվում համայնքի ղեկավարի լիազորությունները կրճատել և ավագանու անդամի լիազորությունները բարձրացնել, արդյոք դա վտանգավոր չէ՞:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կոչ արեց պատգամավորին չփորձել նսեմացնել ավագանու դերը:

«Մեր կողմից ողջունվել է այս նախաձեռնությունը: Մեր համայնքների մեծ մասում դեռևս ավագանու դերակատարումը չի ընկալվում թե՛ ավագանու կողմից, թե՛ հանրության կողմից: Մենք թերագնահատում ենք ավագանուն և ավագանին ինքը ևս, հաճախ հանդես է գալիս համայնքապետի առաջարկն ընդունողի դերում լոկ»,- ասաց նա:

Պապիկյանի խոսքով՝ ՀՈԱԿ-ի ղեկավարի ընտրության լավագույն տարբերակը մրցույթն է:

«Պարո՛ն Սողոմոնյան, առաջին հերթին խորհրդարանը կարևոր դերակատարում ունի համայնքներում ավագանու կայացման գործում: Խնդրում եմ ավագանու մասին խոսելիս հիշենք, որ ավագանին ոչ պակաս լիազորություններ ունի, քան համայնքի ղեկավարը: Ավագանին օրենսդրի փոքր մոդելն է, ճիշտ չէ օրենսդիրը ստորադասել գործադիրին»,- ասաց նա՝ դիմելով Եղիշե Սողոմոնյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter