
Խորհրդարանը քննարկում է ԲԴԽ պաշտոնում արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանի թեկնածությունը
«Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանի թեկնածությունը: Քոչարյանը փոխնախարար էր նշանակվել 2015 թվականին: Քոչարյանի թեկնածությունը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Լուսավոր Հայաստան» պատգամավոր Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ հանգամանքներում է իշխող ուժը կանգ առել Քոչարյանի թեկնածության վրա: Մակունցը պատասխանեց, որ թեկնածուներին, որոնց խմբակցությունը ներկայացնում է, Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի իրենց անդամները ձևավորված աշխատանքային խմբում առանձնացնում են համապատասխան թեկնածուների ցանկ: Մակունցի խոսքով՝ Վիգեն Քոչարյանը կարող է իրականացնել այն բարեփոխումները, որոնք այս պահին անհրաժեշտ են դատաիրավական համակարգի բարեփոխումների համար:
Վիգեն Քոչարյանն ասաց, որ իր համար մեծ պատասխանատվություն ու պատիվ է առաջադրվել որպես ԲԴԽ թեկնածու:
«Այդ պաշտոնը շատ պատվաբեր է, բայց ներկայումս մեր երկրում ստեղծված իրավիճակում այդ դերակատարումը ենթադրում է էլ ավելի բարձր պատասխանատվություն և ջանքեր, որպեսզի կատարենք այն հիմնական առաքելությունը, որն այս սահմանադրական մարմինն իր առջև դնում է՝ ապահովել դատական իշխանության անկախությունը»,- ասաց Քոչարյանը:
Վիգեն Քոչարյանը համաձայնեց, որ դատական իշխանության մեջ ճգնաժամ կա, և թավշյա հեղափոխությունից հետո այդ ոլորտում շրջադարձային փոփոխություններ չեն եղել, ուստի ոլորտում անելիքները շատ են:
Մեկնաբանել