
Քաղաքացիները մտահոգ են Գլխավոր պողոտայի ճակատագրով
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին.
«Մենք` մի շարք մտահոգ քաղաքացիներ, դիմում ենք ձեզ, արտահայտելով մեր մտահոգվածությունը և բողոքը Գլխավոր պողոտայի պուրակի տարածքում ներկայումս իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ:
Երևան քաղաքի կենտրոնում` Մաշտոցի պողոտային հարող տարածքում տասնամյակներ շարունակ տեղակայված է Գլխավոր պողոտան: Այն ուղղաձիգ և լայն, կանաչապատ հետիոտնային զբոսայգի է, որն, ըստ Ալեքսանդր Թամանյանի մտահղացման, պետք է տարածվեր ներկայիս Սարյան փողոցից մինչև Խանջյան փողոց: Չնայած նրան, որ պողոտայի գաղափարի իրագործումը մնաց անավարտ, սակայն Արմեն Զարյանի կողմից նախագծված և 70-ական թվականներին ստեղծված կանաչ գոտին միշտ աչքի է ընկել իր կանաչապատ տարածքներով և բազմաթիվ շատրվաններով՝ լինելով երևանցիների սիրած զբոսավայրերից մեկը:
Գլխավոր պողոտայի զբոսայգին, շնորհիվ իր բացառիկ ինժեներական լուծումների և տարածաճարտարապետական պլանավորման, ուներ նաև իր ուրույն ոճը, որը բնորոշ է եվրոպական լավագույն մայրաքաղաքների զբոսայգիներին: Բացի դրանից՝ պողոտան՝ որպես ջրային մակերեսների և կանաչապատ զանգվածների տարածք քաղաքի անմիջապես կենտրոնում, ուներ մեծ ռեկրեացիոն նշանակություն` մաքրելով և մեղմացնելով օդը:
Երևանցիների մի քանի սերնունդներ այստեղ՝ սոսիների շուքի և շատրվանների զովության ներքո, անցկացնում էին իրենց հանգիստն ու ժամանցը:
Չնայած այս ամենին՝ Անկախության նվաճումից ի վեր, Պողոտան, փաստիցս, մատնված է եղել անուշադրության. շատրվանները երկու տասնյակ տարի է, ինչ չեն գործում, տարածքը չի մաքրվում, ջրամատակարարման համակարգը չի գործում, կանաչապատ տարածքում կառուցվել են սրճարաններ, ծառերի մի մասը հատվել է կամ խնամքից զուրկ չորացել:
Տարիներ շարունակ դեռ հույս կար, որ մայրաքաղաքի տնտեսական վիճակի բարելավումից հետո քաղաքային իշխանությունները վերջապես ուշադրություն կդարձնեն այգու պահպանման հիմնախնդրի վրա, սակայն վերջին ամիսների իրողությունը ստիպում է համոզվել, որ Գլխավոր պողոտայի զբոսայգուն սպառնում է վերջնական ոչնչացման վտանգը:
Վերջին ժամանակներին Մաշտոցի պողոտա - Սարյան փողոցի միջև ընկած հատվածում՝ Արամի փողոցին հարող խոտածածկույթի և շատրվանների տարածքում, կառուցվել է երթևեկելի ճանապարհ, Մաշտոցի 15 շենքի դիմաց, շատրվանի փոխարեն՝ ավտոկայանատեղի:
Վերջապես, վերջին ամիսների ընթացքում Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա - Եզնիկ Կողբացի փողոց հատվածում իրականացվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ: Այդ տարածքում արդեն ոչնչացվել են մի քանի շատրվաններ, և նախկինում կանաչապատ հատվածում կառուցվում են առևտրական կրպակներ:
Քաղաքապետարանի կայքում տեղակայված նախագծի լուսանկարից ակնհայտ է դառնում, որ, համաձայն նախագծի հեղինակների, այդ հատվածում շատրվանները ընդհանրապես կոչնչացվեն, իսկ կանաչ գոտու տարածքը ավելի քան կրկնակիորեն կնվազի՝ իր տեղը զիջելով ճանապարհներին, ավտոկայանատեղիներին և կրպակներին:
Ելնելով վերը նշված դիտողություններից և փաստերից, մենք՝ ստորև ստորագրած անձինք և կազմակերպությունները,
- Արտահայտում ենք մեր վրդովմունքը և անհամաձայնությունը Գլխավոր պողոտայի բարեկարգման ցուցանակի տակ իրականացվող պուրակի փաստացի ավերման դեմ:
- Խնդրում ենք Ձեզ միջամտել ստեղծված իրավիճակին՝ զբոսայգու ավերումը դադարեցնելու համար:
- Խնդրում ենք ստեղծել մասնագիտական հանձնաժողով և վերանայել Գլխավոր պողոտայի տարածքում կառուցապատման և բարեկարգման աշխատանքների նախագիծը, որի ներկայիս տարբերակի հետագա իրագործումը անվերականգնելի վնաս է հասցնում Երևան քաղաքի կենտրոնի կանաչ դիմագծին:
- ՀՀ գործող օրենսդությամբ սահմանված կարգի համաձայն, հարկ ենք համարում պահանջել Գլխավոր պողոտայի բոլոր վերակառուցման աշխատանքների վերաբերյալ պարտադիր հանրային լսումների անցկացումը:
- Մինչև հարցի լուծումը անհրաժեշտ ենք համարում պահանջել դադարեցնել բոլոր շինարարական աշխատանքները զբոսայգու տարածքում, իսկ վերակառուցման նոր ծրագրում նախատեսել ոչնչացված կանաչ տարածքների և շատրվանների վերականգնումը:
- Բացի դրանից՝ անհրաժեշտ ենք համարում նշել, որ «Հին Երևան» նախագծի շրջանակներում մշակված պատմամշակութային արժեք ունեցող, քանդված շինությունների՝ Արամի-Կողբացու-Բյուզանդ-Աբովյան հատվածում տեղակայելու նախագիծը վերջնականապես անիրագործելի կդարձնի Ալ. Թամանյանի կողմից նախատեսված Գլխավոր պողոտայի պուրակի հետագա շարունակությունը՝ մինչև Աբովյան փողոց: Դրական գնահատելով «Հին Երևան» նախագծի գաղափարը՝ այնուամենայնիվ, ակնհայտ ենք համարում, որ այդ նախագծի իրագործումը վերոնշյալ տարածքում խեղաթյուրում է Ալ. Թամանյանի հատակագիծը և Գլխավոր պողոտայի գաղափարը, ուստի այդ տարածքում կապիտալ շինարարություն իրականացնելու հարցը նույնպես անթույլատրելի է լուծել առանց լայնածավալ մասնագիտական և հանրային քննարկումների»:
Մեկնաբանել