HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պարզապես մեր ժողովուրդը փնթի է». Գյումրիում լճակների գոյացման պատճառը

Գյումրիում վերջին օրերին տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով քաղաքի տարբեր փողոցներում լճակներ են գոյանում: Դրանց վառ օրինակն էր Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետի փողոցը, որտեղ մեքենաներն համարյա անցնում էին անձրեւաջրերի տակ:

Այն, որ ՀՀ երկրորդ քաղաքում արդեն 30 տարի է կոյուղատար, անձրեւատար համակարգը վերանորոգման կարիք ունի, ապացուցման կարիք չունի: Ավելին, Գյումրիում կան փողոցներ, որտեղ ընդհանրապես չկան անձրեւատար համակարգեր: Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը եւս վերահաստատում է այս տեղեկությունն ու թվարկում նման մի քանի փողոց` Շիրակացի, Վազգեն Սարգսյան եւ այլն: Վազգեն Սարգսյան փողոցում, Կ.Մանասյանի փոխանցմամբ, նոր են կառուցում անձրեւատար համակարգ:

Կնյազ Մանասյանը, օրինակ բերելով վերջերս Տրդատ Ճարտարապետ փողոցի երկայնքով գոյացած սելավն ու լիճը, նշում է, թե քաղաքի կոնկրետ այդ հատվածում նման պատկեր չէր կարող ստեղծվել, քանի որ այդտեղ կան եւ երկու դիտահոր եւ անձրաջրերի հեռացման համակարգ, վերջիններս շատ լավ են աշխատում:

Հիմնական պատճառը, ըստ Կ.Մանասյանի, բնակիչների կողմից տարածված տոպրակներն են, կենցաղային իրերը, որոնք անձրեւաջրերի ընթացքում լցվում են դիտահորեր, կոյուղաջրեր` փակելով եւ խոչընդոտելով ջրի բնակարոն հոսքը:

«Անձրեւատար համակարգերը շատ լավ աշխատում են, պարզապես մեր ժողովուրդը փնթի է, հայաթներում, փողոցներում ցելոֆանե տոպրակ, բան շատ են թողնում, սելավի, անձրեւի ժամանակ ջուրը բերում է դրանք, դիտահորի բերանը փակում է, ջուրը կանգնում է: Եղել է, երբ տեղեկացրել են, գնացել ենք կարտոֆիլ, շոր ենք հանել դիտահորից,  եւ 5 րեպեում ջուրը քաշվել, գնացել է: Մարդիկ չպետք է տոպրակներն այստեղ-այնտեղ տարածեն:

Դիտահորը երեք փողոցով է գալիս` Տրդատ Ճարտարապետի աջից ու ձախից եւ 5-րդ փողոցից, այդ երեք ուղղությամբ ցելոֆան, թուղթ, կարտոլ է գալիս: Այդտեղ երկու դիտահոր կա, որոնք շատ լավ են աշխատում, մի քիչ հեռու էլ կա կենցաղային կոյուղի, դա էլ է ընդունում ջուր, այդտեղ հնարավոր չէ ջուր կուտակվել, եթե հանկարծ բերանը չփակվի»,- «Ասպարեզի» հետ զրույցում ասում է Կ.Մանասյանը եւ այն հարցին, թե ինչ հաճախականությամբ է Գյումրու համայնքապետարանը մաքրում դիտահորերը, պատասխանում է.

«Դիտահորը մաքրելու գրաֆիկ չունենք, ինքը միշտ բաց է»:

Մի քանի տարի առաջ Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը եւս անդրադարձել էր անձրեւների ընթացքում քաղաքում անձրեւաջրերի կուտակման խնդրին եւ ավելացրել, որ դիտահորերի, անձրեւատար համակարգի կառուցման համար հսկայական գումարներ են անհրաժեշտ, որը չունի համայնքը:

Անի Մկրտչյան

նյութի աղբյուրը՝ asparez.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter