
Վրաստանում լարված իրավիճակ է. Ռուսաստանը փակում է օդային փոխադրումները դեպի Վրաստան
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիիում երկու օր է` լարված իրավիճակ է:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ավիաընկերություններին արգելվում է հուլիսի 8-ից փոխադրումներ կատարել Ռուսաստանից Վրաստան: Նախագահ Պուտինը նաև հանձնարարել է ապահովել ՌԴ քաղաքացիների անվտանգ վերադարձը Ռուսաստան:
Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին ներկա ՌԴ պատվիրակության ղեկավարը` ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, նստել է Վրաստանի ԱԺ նախագահի բազկաթոռին, ինչը տարաբնույթ մեկնաբանությունների և դժգոհության ալիք է բարձրացրել: Այդտեղ ներկա գտվնող ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» և «Եվրոպական Վրաստան» խմբակցության պատգամավորները, ի նշան բողոքի, լքել են դահլիճը:
Այդուհետ սկսվել են բողոքի ակցիաները, որով ակտիվիստներն ու քաղաքացիները պահանջել են և ՌԴ պատվիրակության անհապաղ երկրից հեռանալը, ավելի ուշ նաև` Վրաստանի խորհրդարանի նախագահի հրաժարականը:
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիաները հետզհետե մարդաշատ է դարձել, իսկ երեկ կեսգիշերին, երբ ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք, հատուկ ջոկատայինները ուժ են կիրառել, այդ թվում` ռետինե մահակներ և ջրցան մեքենաներ, ինչի հետևանքով ավելի քան 240 քաղաքացի է տուժել, 350-ից ավելի` բերման ենթարկվել: Ինչպես արդեն հայտնել է Վրաստանում ՀՀ դեսպանատունը, բերման ենթարկվածների մեջ կա նաև ՀՀ մեկ քաղաքացի:
Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն արդեն հրաժարական է ներկայացրել:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարությամբ է հանդես եկել և մեղադրել այս ամենի մեջ Ռուսաստանին: Զուրաբիշվիլին նաև թշնամի և օկուպանտ է անվանել Ռուսաստանին: Փոխադարձ մեղադրանքներ են հնչում երկու երկրներից: ՌԴ վարչապետ Մեդվեդևը այս ամենը Վրաստանի ներքին քաղաքական համակարգի խնդիր է որակել:
Բողոքի ակցիաները Թբիլիսիի Ռուսթավելի փողոցում, որտեղ Վրաստանի խորհրդարանի շենքն է տեղակայված, շարունակվում են: Դրանց միացել են Վրաստանի ուսումնական հաստատությունների ուսանողները: Ցուցարարները նաև պահանջում են Վրաստանի Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը:
Մեկնաբանել