HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

«Համեստ առաջարկ». դատավորների կաշառքը՝ բյուջեից

«Այն, որ Հայաստանում դատաիրավական համակարգը պետք է խորքային, արմատական բարեփոխումների ենթարկվի, նորություն չէ, բայց ինձ համար միանշանակ է եղել, որ Հայաստանում իրապես անկախ դատական համակարգ չենք կարող ունենալ առանց դատավորների աշխատավարձը 5-6 անգամ բարձրացնելու»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին այս միտքը հնչեցրեց ԱԺ ամբիոնից: «Մեզ անհրաժեշտ է, որ թափուր տեղը զբաղեցնեն բարձր պրոֆեսիոնալ, սկզբունքային, ողնաշար, հավատ ունեցող, իրավունքին հավատացող մարդիկ: Այս կարգի մասնագետները մասնավոր սեկտորում ամիսը 2.5-3 միլիոն դրամ աշխատավարձ են ստանում: Այս մարդկանց ո՞նց հրավիրենք, գան, դատավոր դառնան»:

Վարչապետի կարծիքով՝ հանրությունը կարող է չընդունել դատավորների աշխատավարձերի նման բարձրացումը՝ հաշվի առնելով առկա բազմաթիվ սոցիալական խնդիրները: Փաշինյանը դրա լուծումն էլ է տեսնում. «Մեր ընկալումն է, որ միջազգային դոնորները մեջ կաջակցեն: 2-3 տարի այս դատավորների բարձր աշխատավարձերը կկարողանանք դարձնել 2.5-3 միլիոն դրամ, այդ ընթացքում կլուծենք բազմաթիվ սոցիալական խնդիրներ, այդ ընթացքում և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը, և՛ հանրությունը կհամոզվեն, որ անկախ դատական համակարգ ունենալը լավ բան է, մի ծախս է, որն իրոք արժե անել: Այդ ժամանակ հանրությունը կհամաձայնվի սեփական միջոցներից տրամադրել այդ 10 միլիարդ դրամը, որ այդ խնդիրը լուծվի»:
Հասկանալի է, որ սա վարչապետի ամենահաջող մտքերից չէ, եթե չասենք՝ չափազանց անհաջողներից է:

Նախ՝ եթե դատավորների աշխատավարձը վճարում են միջազգային դոնորները, այդ դեպքում՝ դատավորները կախված են լինում միջազգային դոնորներից, այսինքն՝ այդ դեպքում դատական համակարգն, այսպես թե այնպես, անկախ չի կարող լինել:
Դատավորները չափազանց ծանրաբեռնված են, և իրենց ստացած ինչ-որ 661 400 դրամով պատրաստ չե՞ն աշխատել:
Բայց դատավորների աշխատանքը հստակ ժամանակացույց ունի՝ սկսվում է առավոտյան 9-ին, ավարտվում ժամը 6-ին, ինչպես բյուջետային մյուս աշխատողների աշխատաժամանակը:
Ինչպե՞ս է հաշվում՝ ինչու՞ բժիշկը, ուսուցիչը կամ բյուջետային մեկ այլ աշխատող, այսօր  5-6  անգամ քիչ գումար է ստանում, քան դատավորը:
Աշխատանքի արդյունավետությունը կամ կարևորությունը չափելու ո՞ր մեխանիզմներով է նման բան որոշվում: Եվ դեռ հարց էլ դրվում է՝ դատավորների աշխատավարձը 2-3 միլիոն դրամ դարձնելու մասին:
Վարչապետի աշխատավարձը 1 256 660 դրամ է: Նույն տրամաբանությամբ կարո՞ղ ենք պնդել, որ այս աշխատավարձով վարչապետը չի կարող իր աշխատանքը կատարել նվիրվածությամբ, մոտիվացված ու պրոֆեսիոնալ: 2018-ին հրապարակել էր «Եվրոպական երկրներում դատական համակարգի  արդյունավետության և որակի մասին» զեկույցը, նշվում է.

Հայաստանում 100 հազար բնակչին «բաժին է ընկնում»  ամենաքիչ թվով պրոֆեսիոնալ դատավոր՝ 7.7, իսկ եվրոպական միջին ցուցանիշը 21-ն է։

Հայաստանում դատավորների աշխատավարձը միջինից բարձր է։ Դատավորներն իրենց կարիերայի սկզբում ստանում են ավելի քան 4 անգամ ավելի աշխատավարձ, քան միջին աշխատավարձն է, իսկ կարիերայի ավարտին՝ միջինից 8 անգամ բարձր աշխատավարձ։

Եվրոպական միջին ցուցանիշի տարբերությունը կարիերայի սկզբում ու վերջում  4.5 անգամ է։

2016թ.-ին Վճռաբեկ դատարանի դատավորների աշխատավարձն ամենաբարձրն է ազգային միջինից՝ 8.1 անգամ, այնինչ Մեծ Բրիտանիայում  7.5, Իտալիայում 6.4, Շոտլանդիայում 6.2 անգամ։

Հայաստանում բարձրաստիճան չինովնիկների կամ դատավորների աշխատավարձը բարձրացնելիս առաջին հիմնավորումն այն է, որ այդպիսով նվազում են կոռուպցիոն ռիսկերը: Ցա՞ծր աշխատավարձ է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի աշխատավարձը՝ 1 716 000 դրամ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահինը՝  1  425 000 դրամ, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահինը` 1 360 000 դրամ: 
Դատավորներինը ՝ 661 400 դրամ:
Նախկինում՝ գումարած նաև կաշառքը:
Հիմա վարչապետն առաջարկում է այդ կաշառքի գումարը լեգիտիմացնել՝ 5-6 անգամ բարձրացնելով նրանց աշխատավարձերը:

Աշխատավարձերը վեցապատիկ բարձրացնելու մյուս հիմնավորումը դատարանների աշխատանքի ծանրաբեռնվածությունն է. մարդիկ չեն հասցնում այդքան գործեր քննել: Կա այդպիսի բան:

Այդ դպքում Կառավարությանն առաջարկում ենք վիճակագրություն կազմել, թե դատական գործերից քանիսն է հարուցված պետական ապարատի դեմ՝ ընդդեմ  չինովնիկենրի կամայականության, օրենքը սեփական ինտերպրետացիայով աշխատեցնելու դեմ:

Այսօր էլ, ինչպես նախկինում, Հայաստանում քաղաքացիների, այդ թվում՝ գործարարների համար, հիմնական խնդիրներից է պետական ապարատի հետ առնչությունը, երբ օրենքները շարունակում են մեկնաբանվել՝ ընդդեմ մարդու, ընդդեմ ՀՀ քաղաքացու:
Հայաստանի բյուջեն աղքատիկ է և այդ աղքատիկ բյուջեն ազնվորեն ու արդար վերաբաշխելու անհրաժեշտություն ունի: Բայցև Կառավարությունը՝ հանձին վարչապետի, պետք է գիտակցի, որ իր հիմնական խնդիրը բյուջեն մեծացնելն է՝ համապատասխան տնտեսական, սոցիալական ու քաղաքական միջավայր ստեղծելով:

Դատավորների կաշառակերության դատական կախյալ համակարգի և աշխատավարձերի միջև կապ տեսնելը այս դեպքում չափազանց մակերեսային է:
Դատական համակարգը Հայաստանում դեռևս չի փոխվել: «Պետության դեմ հանցանք գործած մարդկանց դատավարությունը կարճ է տևում. նախ և առաջ, դատավորն իմանում է իշխանությունների տրամադրությունը, ապա հեշտությամբ մեղադրյալին կա՛մ կախում է, կա՛մ ազատ արձակում՝ անշեղ պահպանելով օրենքի բոլոր պատշաճ ձևականությունները»:
Իսկ ինչպի՞սին էին օրենքները. կարդում ես տեքստը. կարող ես հասկանալ թե՛ այսպես, թե՛ այնպես: Դատավորների մեկնաբանությունից է կախված՝ ո՞ր արարքն է օրինական, ո՞րը՝ ոչ:  Իրավաբաններն այնքան բազմազան արտահայտություններ ու բառեր են օգտագործում, որ նրանց խոսքը հասարակ մարդկանց համար գրեթե անհասկանալի է (Սվիֆթ, «Գուլիվերի ճանապարհորդությունը»):

Օրենքները գրված են այնպես, որ դրանց մեկնաբանումը կարող են անել թանկ փաստաբաններն ու կաշառակեր դատավորները: Սահմանադրության տեքստն անգամ այնքան խուճուճ է, որ ԱԺ-ում ՍԴ դատավոր ընտրվածը կարող է իրեն հռչակել ՍԴ նախագահ:

Պետության հիմնական խնդիրը պետք է լինի Սահմանադրությունը, օրենքներն այնքան մատչելի ու հասկանալի գրելը, որ դեպի փաստաբանական գրասենյակներ ու դատարաններ այսպիսի հերթեր չառաջանան:

Առհասարակ, գործող Կառավարության աշխատանքի տրամաբանությունն ու արդյունավետությունը շարունակում է համապատասխանել Սվիֆթի ֆանտազիային, երբ Կառավարության անդամներն օրնիբուն աշխատում են մարմարն այնպես փափկեցնելու ուղղությամբ, որ կարողանան դրանից բարձեր պատրաստել, իսկ վարունգից կարողանան կորզել արևային ճառագայթներ:

Հ. Գ. Վերնագրի «Համեստ առաջարկ»-ը Սվիֆթի մեկ այլ ստեղծագործությունն է: Ինչպե՞ս անել, որ աղքատ ընտանիքների երեխաները բեռ չդառնան ծնողների վրա: Առաջարկվում էր փոքրիկներին պարարտեցնել և նրանցից համեղ կերակուրներ պատրաստել ջենթլմենների համար: Իսկ մաշկից նուրբ ձեռնոցներ կարել՝ բացառապես աղքատության դեմ պայքարի անհրաժեշտությունից: 

Մեկնաբանություններ (1)

jivan margaryan
երկու ձեռքով կողմ եմ հոդվծի հեխինակի հետ; Ծանրաբեռնվածության պատճառները պետք է ավելի խորը վերլուծել, օրինակ քանի անգամ է դատական նիստը հետաձգվել մեղադրողի ուշացման կամ ընդհանրապես չներկայանալու պատճառով․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter