HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստան-Ինժեներական շաբաթ» միջոցառումների շարքը կներկայացնի Հայաստանի ինժեներական ներուժը

Կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ Երևանում և Վանաձորում հունիսի 24-28-ը կանցկացվի «Հայաստան - Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների շարքը: Այս մասին տեղեկացնում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը, կարևորելով նման մեծամասշտաբ միջոցառման անցկացումը, նշեց, որ այն հնարավորություն է տալիս աշխարհին ներկայացնելու հայկական տեխնոլոգիական ներուժն ու արտադրանքը: «Այս միջոցառումը, կարելի է ասել, ամբողջությամբ հայկական է, քանի որ խոսնակների մեծամասնությունը, որոնք ելույթ են ունենալու, ցույց են տալու իրենց լուծումները: Միևնույն ժամանակ, կազմակերպություններ են եկել Եվրոպայից, ԱՄՆ-ից, Աֆրիկայից: Դրանք այնպիսի ընկերություններ են, ինչպիսիք են «Nvidia»-ն, «Nokia»-ն։ Իրենք տեսնելու են այդ մեծ հնարավորությունները, որոնք կան Հայաստանում, հնարավորություն են ունենալու միասին շփվելու, գտնելու համագործակցության տարբեր հնարավորություններ, որոնց արդյունքում մեծ հույսեր ունենք, որ ոլորտը նոր շունչ ու հնարավորություններ կունենա աճելու, նոր նախագծեր ներգրավելու Հայաստան, ինչի արդյունքում նոր աշխատատեղեր կստեղծվեն,-ընդգծեց նախարարի տեղակալը։

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն էլ համոզմունք հայտնեց, որ «Հայաստան- Ինժեներական շաբաթ» միջոցառումների շարքը կդառնա եզակի միջազգային հարթակ, որը կմիավորի տարբեր երկրների տեխնոլոգիական ձեռներեցներին, ինժեներներին, գիտնականներին, առաջատար փորձագետներին, ուսանողներին, կառավարության ու բիզնեսի ներկայացուցիչներին։ Նմանատիպ միջոցառումները կարևոր են, քանի որ դիրքավորում են Հայաստանը որպես աշխարհին բարդ և ամբողջական ճարտարագիտական լուծումներ առաջարկող երկիր: «Ինժեներական ասոցիացիայի» նախագահ Արամ Սալաթյանը նշեց, որ միջոցառումները ընտրվել են թիրախային երեք մոտեցմամբ. ցույց տալ ինժեներական առաջատար այն կիրառական լուծումները, որոնք մշակվում են Հայաստանում, աշխարհին լսելի դարձնել, որ հենց Հայաստանն է դառնում կենտրոն՝ ինժեներական հարցերին լուծում գտնելու համար և երիտասարդությանը ցույց տալ, թե ինչ զարգացում ունի ինժեներությունը Հայաստանում: PMI Հայաստան գիտահետազոտական կենտրոնի գործընկերության և պլանավորման ղեկավար Մարիամ Դավթյանն էլ անդրադարձավ հայ գիտական մտքի զարգացման պատմությանը։ Նա նշեց, որ դեռ խորհրդային տարիներից մնացած ժառանգությունը բավականին ծանրակշիռ հիմք ունի, որի հիման վրա ստեղծվում են տեխնոլոգիաներ, որոնք առաջատար են աշխարհում։ «Հայաստան - Ինժեներական շաբաթ»-ը կհամախմբի շուրջ 500 մասնակցի՝ աշխարհի տարբեր երկրների պետական, գիտահետազոտական, կրթական կազմակերպություններից, նորաստեղծ և կայացած ինժեներական ընկերություններից։

Շաբաթվա ընթացքում Երևանում և Վանաձորում կազմակերպվող ցուցահանդեսային հատվածներում տեղական և միջազգային 30 կազմակերպություններ կներկայացնեն իրենց արտադրանքը, լուծումներն ու ծառայությունները:

Հունիսի 24- 26-ը կայանալիք մասնագիտական քննարկումները, որոնց մասնակիցների թվում մեծամասնություն են կազմում Հայաստանի լավագույն ինժեներները, նվիրված կլինեն ինքնակառավարվող տրանսպորտային միջոցներին, կիսահաղորդիչների նախագծմանն ու թեստավորմանը, 5G-ին, արդյունաբերական IOT-ին, արհեստական բանականությանը եւ այլն:

Զուգահեռ՝ հունիսի 26-ին կկայանա նաև աշխատաժողով՝ Հայաստանի գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչների մասնակցությամբ: «Հայաստան - Ինժեներական շաբաթ»-ի փակումը տեղի կունենա հունիսի 28-ին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ կկայանա շաբաթվա արդյունքների քննարկում՝ պետական ու մասնավոր կառույցների ներկայացուցիչների և փորձագետների ներգրավմամբ և ինժեներական լուծումների ցուցահանդես։ Շաբաթը կամփոփվի բացօթյա ռոք համերգով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter