HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ապահովագրական ընկերությունների վնասաբերության ցուցանիշն աճել է

2018 թվականի ընթացքում Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունների ակտիվներն աճել են 4.4 %-ով և տարվա վերջի դրությամբ կազմել 51.7 մլրդ դրամ։ Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) ներկայացրած ֆինանսական կայունության տարեկան հաշվետվությունից, նույն ընթացքում ապահովագրական ընկերությունների պարտավորությունները կազմել են 32.5 մլրդ դրամ՝ աճելով 7.3 %-ով, իսկ ընդհանուր կապիտալը նվազել է 0.2 %-ով ու կազմել 19.2 մլրդ դրամ։

Ապահովագրական ընկերությունների կշիռը ֆինանսական համակարգում մեծ չէ։ 2018 թվականի տվյալներով՝ Հայաստանի ֆինանսական համակարգի ընդհանուր ակտիվների ընդամենը 0.9 %-ն է բաժին ընկնում ապահովագրական ընկերություններին։ Ակտիվների առյուծի բաժինը բանկերինն է՝ 85.1 %-ը և երկրորդ համեմատաբար խոշոր բաժինը՝ վարկային կազմակերպություններինը՝ 9.5 %-ը։

Ապահովագրական ընկերությունների ակտիվությունը բնութագրող հիմնական ցուցանիշը՝ հաշվեգրված ապահովագրավճարների մեծությունը, 2018 թվականի ընթացքում, նախորդ տարվա համեմատ, աճել է 17.4 %-ով՝ կազմելով 41.4 մլրդ դրամ: Նախորդ տարվա ընթացքում նշված ցուցանիշի աճը կազմել էր 6.4 %:

Ապահովագրական ընկերությունների ակտիվությունը բնութագրող մյուս ցուցանիշը՝ ապահովագրավճարներ/ՀՆԱ հարաբերակցությունը, կազմել է 0.69 %, ինչը 2017թ. համեմատությամբ ավելացել է 0.06 տոկոսային կետով։

Ինչ վերաբերում է բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ապահովագրավճարներին, ապա այս ցուցանիշը 2018թ. դեկտեմբերին կազմել է 13 929 դրամ՝ 2017 թվականի 11 835 դրամի փոխարեն։

Ապահովագրական ընկերությունների վնասաբերության ցուցանիշը 6.7 տոկոսային կետով աճել է

2018 թվականի ընթացքում Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունների վնասաբերության ցուցանիշը, ըստ Կենտրոնական բանկի տվյալների, աճել է 6.7 տոկոսային կետով՝ կազմելով 66.4 %: Վնասաբերության ցուցանիշը հիմնականում ցույց է տալիս հաճախորդներին տրված փոխհատուցումների կշիռը հավաքագրված ապահովագրական վճարների կազմում:

Իսկ ապահովագրական ընկերությունների ծախսատարության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 1.3 տոկոսային կետով և կազմել 28.6 %:

Ընդհանուր առմամբ, Կենտրոնական բանկի գնահատմամբ, ապահովագրական ընկերությունների կշիռը ֆինանսական համակարգում շարունակում է փոքր մնալ։ Այս շուկայի ռիսկերը վերահսկելի շրջանակներում են և ֆինանսական տեսանկյունից խոցելի չեն։ Մասնավորապես, դիտարկվել են վճարունակության, իրացվելիության, արտարժութային և վարկային ռիսկերը և եզրահանգել են, որ այդ ուղղություններով ռիսկի մակարդակը ցածր է, և ընկերությունների հնարավոր կորուստները նշանակալի չեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter