HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանտի հոգեբույժին պետք է բարձր պարգևի ներկայացնել

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Օրեր առաջ, երբ Շենգավիթի նստավայրի դատարանում էի, ծանոթացա օտարերկրացի մի տղայի հետ նախկին սովետական հանրապետություններից մեկից: Ռուսերեն էինք խոսում: Իմացա, որ ինտերնացիոնալ խմբի անդամ է եղել, բանկային ինչ-որ գործերի հետ կապված է ճաղերի ետևում հայտնվել: Հարց ու փորձ էի անում մեր բանտերի պայմաների մասին: Նա «Վարդաշեն» ՔԿՀ-ում էր պահվում, ընդհանուր առմամբ գոհ էր պայմաններից և վերաբերմունքից: Պատմեց, որ նաև եվրոպական զարգացած երկրներից մեկում է ազատազրկված եղել.

-Там настоящий санаторий… И машины для заключённых очень комфортные, не такие как у вас…

Մեզ մոտ դեռ ձևափոխված սովետական հացի ավտոներով են սպասարկում կալանավորներին ու դատապարտյալներին: Ժեշտի նեղ կրպակ հիշեցնող, ցածր առաստաղով, նեղ նստարաններով խցերում իրար ծնկների են նստում թե՛ ազատազրկված մարդիկ, թե՛ ոստիկանները ու ամառվա շոգին քրտնած, խեղդվելով, իսկ ձմեռը սառելով`տեղ ենք հասնում. անկախությունից ի վեր 28 տարի ոստիկան ու կալանավոր դեռ տանում ենք այս անմարդկային վերաբերմունքը:

Ինչպես խոստացել էի, շարունակում եմ պատմել բանտային կյանքի 23 տարվա դրական և բացասական փոփոխությունների մասին: Հանուն ճշմարտության պիտի նշեմ, որ մի քանի նոր մեքենաներ կան, որոնցով հազվադեպ, բայց տեղափոխում լինում է: Դրանք համեմատաբար ավելի հարմար են, քան ժեշտից հացի մեքենաները:

Նախկինի ու ներկայի համեմատությունները սարեր ու ձորեր են հիշեցնում: Դրանք հաճախ անհամեմատելի են, և դարձյալ եվրոպական համապատասխան կազմակերպությունների, մեր երկրի ստանձնած պարտավորությունների պարտադրանքի ուժով:

Օրինակ` հիշեցի, որ 90-ականներին, երբ մահապատժի դատապարտվածի ատամը ցավում էր և անհրաժեշտ էր խոռոչը պարզապես պլոմբել, պատասխանը մեկն էր՝ նման ծառայություն առհասարակ չի մատուցվում: Դատապարտվածն օրերով, շաբաթներով տառապում էր ցավից, հետո մեծ լավություն էին անում` հեռացնում էին ատամը:

ԵԽ-ին անդամակցելուց հետո այս, ինչպես նաև շատ այլ հարցեր կամաց-կամաց բարելավվեցին: Նախ բանտի ստոմատոլոգը, որքանով տեղյակ եմ` իր հաշվին բերեց համեմատաբար ժամանակակից սարքավորումներ և սկսեց մատուցել ավելի լայն սպեկտրով ծառայություններ: Հետո թույլատրեցին ազատազրկվածին դրսից հրավիրել մասնագետի, բնականաբար, ազատազրկվածի հաշվին: Վերջին ժամանակահատվածում ՔԿ վարչությունը ապահովում է նաև ազատազրկվածի տեղափոխումը համապատասխան բուժհաստատություն, որտեղ սպասարկումն իրականացվում է ազատազրկված անձի կողմից ընտրված բժշկի կողմից: Որպես կանոն այս ամենը տեղի է ունենում բուժսպասարկման համար ազատազրկված անձի վճարունակ լինելու դեպքում: Բայց բուն տեղափոխման հարցերն անվճար են և սեփական օրինակիս վրա կարող եմ ասել, որ կատարվում են թե՛ մասնագիտական, թե՛ մարդկային առումով ամենաբարձր մակարդակով:

Շատ բան կախված է լինում նաև բանտի գլխավոր բժշկի մասնագիտական և մարդկային որակներից: Ժամանակ կար, երբ նույնիսկ առանց լաբորատոր հետազոտությունների, ակնհայտ էր, որ մարդու մոտ ծանր հիվանդություն է, բայց ասում էին. «բան չկա, ուղղակի մրսել ա, կլավանա…»: Կամ ինչպես բանտում են ասում. «Ինչից էլ բողոքես, ասում են` Վալերիանկա կամ Անալգին խմի». սրանք ունիվերսալ դեղեր են…

Անշուշտ, բանտում աշխատել և ներկայումս էլ աշխատում են նաև Մարդ-բժիշկներ և բուժակներ: Այնուամենայնիվ, բժշկական ծառայությունից դժգոհողներ հիմա էլ կան: Իմ համոզմամբ, հիմնական պատճառները երկուսն են.

  1. Բժիշկները այսպես, թե այնպես կախյալ վիճակում են քրեակատարողական համակարգից:
  2. Անկասկած իշխանությունները պետք է զգալիորեն բարձրացնեն ազատազրկման վայրերում աշխատող բժիշկների, բուժքույրերի, բուժակների աշխատավարձերը և ավելացնեն հաստիքները:

Բուժանձնակազմի քանակի լրջագույն խնդիր կա. մարդիկ չեն ցանկանում չնչին աշխատավարձով գալ և այն էլ բանտային ծանր պայմաններում ու մթնոլորտում աշխատել: Օրինակ` «Նուբարաշեն» բանտում վերջին տարիներին գրեթե ամեն օր տեսնում եմ, թե ինչպես է մեկ բուժքույր առավոտից երեկո հարկից հարկ վազվզում, որ հասցնի պարտաճանաչ բոլորին մոտենալ` դեղեր բաժանել, խորհուրդներ տալ:

Ամեն օր շտապօգնության մեքենա է մոտենում բանտին, այն էլ՝ մի քանի անգամ: Պատճառը` այստեղ չկան նեղ մասնագետներ և անհրաժեշտ սարքավորումներ: Ոլորտի պատասխանատուները պետք է մի լավ հաշվարկեն բոլոր ծախսերը` ներառյալ շտապօգնության և ուղեկցող մեքենաների վառելանյութի, նույնիսկ բանտի դարպասների բացել-փակելու վրա ծախսվող էլեկտրաէներգիայի գումարները, որպեսզի հասկանան, թե ինչ համակարգ է պետք ներդնել, որ և՛ սպասրկումը պատշաճ մակարդակի վրա լինի, և՛ պետ. բյուջեից ծախսվող գումարները նպատակային լինեն:

Պատկերացրեք` մարդը բանտախցում փակված վատացել է, օրինակ, սուր ապենդիցիտի պրիստուպ է կամ այլ հրատապ դեպք: Գիշերվա ժամ է, այն էլ՝ շաբաթ կամ կիրակի: Խցերում, ճիշտ է, մնացել են հատուկ ահազանգի համար նախատեսված կոճակները, բայց վաղուց չեն աշխատում (համոզված եմ՝ աշխատակիցները փչացրեցին, որ զանգի ձայնը չանհագստացնի իրենց): Ուրեմն կարելի է տեղադրել ոչ թե ձայնային, այլ հսկիչի մոտ լուսային ահազանգի վահանակ` ըստ խցերի): Եվ ահա, ցավից ոռնացող մարդու խցակիցները հարվածում են դռանը և գոռում, որ հսկիչը մոտենա: Հետո հսկիչը զեկուցում է հերթափոխի պետին, վերջինս խումբ է հավաքում բանտի տարբեր տեղերից (որքանով տեղյակ եմ, մնացել են աշխատակիցների ¼-ը, նրանք նույնպես չեն ցանկանում ներկայիս աշխատավարձով աշխատել) և հերթապահ բուժ. աշխատակցի հետ (եթե նման աշխատակից կա այդ օրերին) գալիս են խուց, որ հասկանան, թե ինչ է կատարվում: Հետո զանգում են հիմնականում «Էրեբունի» ԲԿ, որտեղից դժվար է ասել՝ որքան ժամանակում կհասնեն բանտ:

Եվս մեկ կարևոր խնդիր. բանտի հոգեբույժն, ով իրավամբ պետք է պարգևի արժանանա իր տասնյակ տարիների անձնվեր աշխատանքի համար, ստիպված է աշխատել այնպիսի պայմաններում, որը, իմ կարծիքով, չի նպաստում հոգեկան այս կամ այն խանգարումն ունեցող մարդկանց բուժմանը: Պարզաբանեմ, թե ինչու: Բանտում սովորաբար կան մեկ կամ մի քանի խցեր, որ այստեղի լեզվով անվանվում են`«գժերի կամեռ»: Հիմա պատկերացրեք, որ 10 հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունեցող ազատազրկված կամ էստեղի լեզվով ասած՝ «գիժ» իրար գլխի «լցնում են» 20 մ² տարածքում: Առհասարակ նման խիտ բնակությունը նույնիսկ հոգեպես առողջ մարդկանց համար է վտանգավոր, էլ ուր մնաց՝ հոգեկան խնդիրներ ունեցողների… բանտն ինքնին բազմաթիվ նևրոզների առաջացմանը նպաստող տեղ է…

Տեղյակ եմ նաև, որ բազմաթիվ ազատազրկվածներ Մեթադոն են ստանում: Լավ չեմ պատկերացնում այս հարցը, սակայն որքանով տեղյակ եմ, թմրամոլությունից բուժելու ինչ-որ մեթոդ է: Ինքս հաճախ տեսնում եմ, թե ինչպես են, բաժակները ձեռքներին, տղաները մոտենում սեղանի մոտ նստած բժշկուհուն, որ խմեն իրենց բաժինը: Սովորական տղաներ են` մեկը մորուքով, մյուսը` սափրված, մեկը շորտերով, մյուսը` շալվարով, բայց մի անգամ տեսա երկար, մուգ կապույտ խալաթով, չսափրված, մազերը չխնամված, մոլագարի աչքերով մի երիտասարդի, որն ասես «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմից լիներ: Նա բարևեց ինձ.

-Ես քեզ տելեվիզրով տեսել եմ, գրո՛ւմ ես, գիտե՛մ… իմ մասին էլ կգրե՞ս… ես սենց չէի, նորմալ մարդ էի դուրսը… ստեղ սենց սարքեցին… հիմա միակ փրկությունս բժիշկս ա:

Չգիտեմ էլ, թե որն է լուծումը, բայց կարծում եմ, թե՛ հոգեկան խնդիրներ ունեցող, թե՛ թմրամոլությամբ տառապող մարդկանց հարկավոր է բանտային միջավայրից հեռու պահել, որպեսզի նրանց բուժումն առավել արդյունավետ լինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter