HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիր համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ համաներման հիմքով

Արմավիրի մարզի Արմավիր գյուղական համայնքի ղեկավար Ռաֆիկ Մարգարյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ համայնքի միջոցները վատնելու և պաշտոնական կեղծիք կատարելու մեղադրանքներով: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Հրաչիկ Սարգսյանի, որը դատարանի նախագահն է, կիրառելով համաներման մասին օրենքը, որոշել է քրեական գործը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել:

Ռաֆիկ Մարգարյանը 2002թ. հոկտեմբերի 25-ից Արմավիր գյուղական համայնքի ղեկավարն է: Ըստ առաջադրված մեղադրանքի՝ համայնքում աշխատանքի ընդունված մի խումբ աշխատակիցների կողմից աշխատանքի չներկայանալու պարագայում, միասնական դիտավորությամբ, 2014-2017թթ. ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող աշխատավարձերի ցուցակները հաստատել է իր ստորագրությամբ և պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վատնելու եղանակով համայնքի միջոցներից հափշտակել է խոշոր չափի 565 հազար 267 դրամ գումար։

Մասնավորապես՝ մշակույթի տան մարզիչ Նշան Գուլոյանն իր աշխատանքային գործունեության ընթացքում համայնքի ղեկավարի գիտությամբ 2016թ. սեպտեմբերի 24-ին մեկնել է արտերկիր և Հայաստան վերադարձել հաջորդ տարվա փետրվարի 28-ին` այդ ընթացքում չհաճախելով աշխատանքի։ Սակայն, նշված ժամանակահատվածում մշակույթի տան գրադարանի վարիչ Նադեժդա Ավետիսյանը, ում վրա դրված է եղել նաև աշխատակիցների հաճախումների մատյանը վարելու գործառույթը, մատյանում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել Նշան Գուլոյանի աշխատանքի հաճախելու վերաբերյալ: Այնուհետև հաշվապահը  կազմել է նշված ժամանակահատվածի համար աշխատավարձի ցուցակ` ներառելով նաև փաստացի աշխատանքի չհաճախած Նշան Գուլոյանի տվյալները և ներկայացրել համայնքի ղեկավար Ռաֆիկ Մարգարյանին։

Ռ. Մարգարյանը, հստակ իմանալով Նշան Գուլոյանի երկրից բացակայելու հանգամանքի մասին, անձնական դրդումներով, իր ստորագրությամբ հաստատել է ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող աշխատավարձի ցուցակը: Դրա հիման վրա պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնելու եղանակով Մարգարյանը կատարել է հափշտակություն` Նշան Գուլոյանի աշխատավարձի հաշվեհամարին երկրից բացակայելու 5 ամիսների համար փոխանցվել է ընդհանուր 389.515 դրամ գումար։ 

Բացի այդ, համայնքապետարանում վարորդ Բաբկեն Մովսիսյանն իր աշխատանքային գործունեության ընթացքում համայնքի ղեկավարի գիտությամբ 2017թ. օգոստոսին մեկնել է արտերկիր և վերադարձել հոկտեմբերին` այդ ընթացքում չհաճախելով աշխատանքի: Սակայն, Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Հովհաննիսյանը, ում վրա դրված է եղել աշխատակիցների հաճախումների մատյանը վարելու գործառույթը, հաճախումերի մատյանն առանց Բաբկեն Մովսիսյանի ստորագրության տրամադրել է համայնքի հաշվապահ Ա. Կարապետյանին` հավաստելով, որ վերջինիս փոխարեն աշխատանքը կատարվել է: Կազմվել է նշված ժամանակահատվածի համար աշխատավարձի ցուցակ` ներառելով նաև փաստացի աշխատանքի չհաճախած Բաբկեն Մովսիսյանի տվյալները և ներկայացրել համայնքի ղեկավարին։ Այս դեպքում նույնպես անձնական դրդումներով իր ստորագրությամբ հաստատել է ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող աշխատավարձի ցուցակը, որի հիման վրա պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնելու եղանակով կատարել է հափշտակություն` Բաբկեն Մովսիսյանի աշխատավարձի հաշվեհամարին ՀՀ-ից բացակայելու 1 ամսվա ընթացքում փոխանցվել է 103.000 դրամ գումար։

Նույն եղանակով աշխատավարձի հաշվեհամարին փոխանցվել է աշխատակազմում պահակ աշխատող, սակայն երկրից մեկ ամիս բացակայած Գրիգոր Ացագյանի աշխատավարձը՝ 72.752 դրամ գումար։

Դատական նիստի նախապատրաստական մասի ընթացքում համայնքի ղեկավար Ռաֆիկ Մարգարյանի շահերի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատական քննության արագացված կարգ կիրառելու մասին, որը դատարանի կողմից բավարարվել է, և դատական քննությունն անցկացվել է արագացված կարգով։ Իսկ վիճաբանությունների փուլի ընթացքում պաշտպանը միջնորդել է դատարանին Ռաֆիկ Մարգարյանի նկատմամբ կիրառել «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 03.11.2018թ. ՀՀ օրենքը և քրեական գործի վարույթը կարճել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել համաներման մասին օրենք ընդունելու հիմքով։

Ռաֆիկ Մարգարյանը համաձայնվել է, որպեսզի իր նկատմամբ կիրառվի համաներման օրենքը ու դատարանից խնդրել է քրեական գործի վարույթը կարճել և իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել։ Մեղադրողը չի առարկել։ Դատարանն էլ բավարարել է միջնորդությունը, գործի վարույթը կարճել է, իսկ քրեական հետապնդումը՝ դադարեցրել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter