HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գերմանական արխիվները երբեք էլ փակ չեն եղել»

Օրերս Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը հանդես էր եկել հայտարարությամբ, որում առաջարկում էր բացել գերմանական արխիվները` Հայոց ցեղասպանությանը վերաբերող նյութերն ուսումնասիրելու նպատակով: Նրա խոսքով` գերմանական արխիվներում պետք է որ լինեն Օսմանյան Թուրքիայում 1915թ.-ի դեպքերն ապացուցող նյութեր, որոնց ուսումնասիրությունը կլուծի բազում բանավեճեր:

Այս հայտարարությանն այսօր անդրադարձավ թուրքագետ Կարեն Սիրունյանը: Նրա խոսքերով, նմանատիպ հայտարարություններ միշտ էլ կարելի է լսել` հատկապես թուրքական պաշտոնական շրջանակներում:

«Գերմանական արխիվները երբեք էլ  փակ չեն եղել: Հայոց ցեղասպանության խնդրի շուրջ ինչպես հայ, այնպես էլ օտարերկրացի շատ պատմաբաններ այսօր էլ աշխատում են գերմանական արխիվներում»,- ասում է Կարեն Սիրունյանը:

Անդրադառնալով Բաղըշի հայտարարությանը ` թուրքագետը նշեց, որ թուրք պաշտոնյայի հայտարարությունն արդյունք չի տա, քանի որ գերմանական պառլամենտն արդեն 2005թ.-ին ճանաչել է է Հայոց ցեղասպանությունը, և նա դժվար թե շրջանցեր  իր արխիվները ու դիմեր այլ երկրների օգնությանը: «Դա նշանակում է, որ Գերմանիան ճանաչել է հայոց ցեղասպանությունը`հիմք ընդունելով սեփական արխիվների ուսումնասիրությունը»,-ասում է թուրքագետը:

Վերջինիս խոսքերով, թուրքական կառավարական շրջանակներն ու ընդդիմությունը միշտ էլ կողմ են եղել նմանատիպ հայտարարություններին: Եվ նույնիսկ ընդդիմադիր «Ազգային միասնություն» և «Ժողովրդահանրապետական» կուսակցությունները պատրաստվում են դատական հայց ներկայացնել բոլոր այն երկրների դեմ, ովքեր ճանաչել են Հայոց ցեղասպանութունը: Նրանց կարժիքով, այդ երկրները խախտել են անմեղության կանխավարկածը: Նրանք առաջարկում են պատմաբաններից բաղկացած հանձնաժողով կազմել, որոնց բերած փաստերի հիման վրա էլ կքննարկվի Հայոց ցեղասպանության լինել-չլինելու հարցը:

«Ի՞նչ է նշանակում «ինչ-որ փաստ բերել»: Եթե ես մի փաստ բերեմ, որտեղ ամրագրված է Հայոց ցեղասպանության իրողությունը, ապա ես ի՞նչ պետք է քննարկեմ:Բացի այդ, մենք այդ քննարկումներով կասկածի տակ կդնենք այն քսանից ավել երկրների գործելակերպը, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»,- ասում է թուրքագետը:

Գերմանական արխիվներում Հայոց ցեղասպանության իրողության անհերքելիության շուրջ բազմաթիվ փաստաթղթեր լինելու մասին վկայում է 2010 թ.-ին նկարահանած գերմանացի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի «Աղետ» փաստավավերագրական ֆիլմը: Միջազգային հեղինակավոր մրցույթներում բազմաթիվ  մրցանակներ շահած այս ֆիլմն ամբողջությամբ ստեղծվել է վերոհիշյալ արխիվային նյութերի հիման վրա, որոնց միջոցով ևս մեկ անգամ հաստատվում է, որ1915 թ-ի իրադարձությունները Ցեղասպանություն են: 

Թուրքագետ Կարեն Սիրունյանը նաև անդրադարձավ Թուրքիայի` «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությանը: Նրա կարծիքով, այն ձախողված է: «Եթե կա ցանկություն, պետք է լինի նաև համարժեք գործելակերպ, ինչն այսօր մենք չենք տեսնում թուրքական կառավարության կողմից»,-ասում է թուրքագետը:

Կ. Սիրունյանը չբացառեց, որ գուցե Գերմանիայի`«Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի»  շուրջ ծավալվող շշուկներն իրողություն դառնան: «Ցեղասպաության ուղղությամբ բուն իրադարձությունները տեղի են ունեցել Եվրոպայում, և սա կարող է շղթայական ռեակցիա առաջացնել»:

Արմինե Հովհաննիսյան

Մեկնաբանություններ (1)

Երվանդ
Գերմանիայի խորհրդարանը՝ Բունդեսթագը, երբեք չի ընդունել հայերի դեմ կատարված ցեղասպանությունը, նա 2005 թվին դատապարտել է 1915 թվի «ողբերկություններ» եւասել է.«...որը որոշ գիտնականները ցեղասպանություն են համարում»: Իսկ 2005 թվից ի վեր հայ համայնքի կողմից բոլոր դիմումները՝ ցեղասպանությունը ուղղակի ճանաչելու վերաբերյալ ապարդյունեն մնացել: Բունդեսթագի պատասխանատու արտաքին հարաբերությունների հանձնախմբը վերջերս միշտ էլ շեշտը դրել է թրքական «պատմաբանների հանձնախումն» ստեղծելու թեզի վրա կամ ասել է, որ դա կխանգարի Հայաստան-Թուրքիա հաշտեցման գործընթացին: Այնպես, որ չգիտես ինչո՞ւ ՀՀ ապրող եւ աշխատող գիտնականները փորձում են ուրիշի տեղը խոսել կամ էլ անտեղյակ են տվյալ երկրի անցուդարձից: Ինչ վերաբերում է արխիվներին, այո արխխիվները բաց են եւ Վոլֆգանգ Գուստի ուսումնասիրությունները հենց հենված են Գերմանիայի արտաքին գործերի նախարարության արխիվների վրա եւ բավականին հետաքրքիր եւ նոր հայտնաբերումների աղբյուր է հանդիսանում: Թուրքերը մոռանալով իրենց փակ արխիվների խնդիրը, միշտ էլ փորձել են այս կամ այն երկրի փակ արխիվների մասին խոսել կամ էլ դրանցում եղած պաստաթղթերը կեղծ որակել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter