HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մղարթցի Աշոտ Դանիելյանը ֆերմերային տնտեսություն է ստեղծել. նրա երեք որդիները գյուղից չեն հեռանա

Վերջին տարիներին արտագաղթից նվազել է Օձուն խոշորացված համայնքի մեջ մտնող  Մղարթ բնակավայրի բնակչությունը: Աշոտ Դանիելյանը, որպեսզի իր երեք որդիները Մղարթից չհեռանան, անասնապահական ֆերմերային տնտեսություն է ստեղծել: Նա նոր գոմ է գնել և որոշել է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը հասցնել 40-ի: Աշոտի ընտանիքն այս պահին 26 գլուխ խոշոր, 25 գլուխ մանր եղջերավոր անասուն ունի: Ընտանիքը նաև խոզ, ճագար, հավ է պահում և 10 հա վարելահող է մշակում: Գոմն այս պահին վերանորոգում են:

Անասնապահությամբ և հողագործությամբ զբաղվում են Աշոտ Դանիելյանի ընտանիքի բոլոր անդամները, կինը՝ Լեյլան և երեք տղաները: Ավագ որդին՝ 29-ամյա Հրաչը, անցած տարի Մղարթում աշխատել է հոր հետ: Հայր ու որդի իրենց աշխատած գումարով նոր հող են գնել, որտեղ ցորեն և կարտոֆիլ են ցանում:

Հրաչը հմուտ որմնադիր է, հիմա Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլ քաղաքում աշխատած գումարը տուն է ուղարկում՝ իրենց տնտեսությունն ընդլայնելու համար. «Չէ, տղաս Հայաստանից չի կտրվելու, գալու է, էս էլ մի բան էր՝ գնաց Ստավրոպոլ փող աշխատելու»,- բացատրեց հայրը:

Միջնեկ որդին՝ 26-ամյա Արմենը, հիմնականում անասնապահությամբ է զբաղվում: Արմենը պատմեց, որ վաղ առավոտյան երեք կով է կթել, երեք կով էլ մայրն է կթել: 

«Ամեն գործ էլ անում եմ՝ խոզ եմ պահում, ոչխար, շուն ա, հավ ա, ճագար ա: Հիմա էլ գնում եմ խոտհնձի: Հողագործությամբ բոլորս ենք զբաղվում»,- պատմեց Արմենը:

Տղաներից փոքրը՝ 23-ամյա Սերոժը, պայմանագրային զինծառայող է Ստեփանավանի զորամասում: Նա այս պահին արձակուրդի մեջ է: Մեր այցելության օրը Սերոժն էր հորթերը տարել արոտի: Մեզ չհաջողվեց զինվորական հովվին հանդիպել:

Աշոտ Դանիելյանի կինը՝ Լեյլան, մշակում է 1200 մ տնամերձը՝ լոբի, սխտոր, կանաչի է մշակում: Մեզ հետ զրուցելիս Լեյլան ասաց, որ քիչ հետո ջիլ պանիր է պատրաստելու: Լեյլան Արմենի հետ նաև 70 հավ ու ճուտ է պահում, միաժամանակ հասցնում է կերակրել ընտանիքի 4 տղամարդկանց:

Ընտանիքն արտադրած գյուղմթերքը  իրացնում է Ալավերդիում: Լեյլան դժգոհեց, որ աղվեսները շատ են վնասում Մղարթի հավերին: Գայլերն էլ գյուղի վերևն են ոչխարին վնաս պատճառում: «Բայց, օրինակ, գայլիցը ես չեմ նեղանում: Չոբանը ոչխարի հետ գնում է հանդը, որ անասունը գելից պաշտպանի: Էդ ինչի է քնում, որ գելն ընկնում է ոչխարի մեջը՝ ջարդում»,- ասաց Աշոտը:

Լեյլան ասում է՝ ընտանիքում անգործ մարդ չկա: «Երեխեքը, որ հասունացել են, տեսել են մեր ընտանիքում չարչարանքով է ստեղծվում ամեն ինչ: Փոքր ժամանակից՝ 3-4-րդ դասարանից, սկսել են մեզ օգնելը: Տեսել են՝ մի ծանր կոճղը պետք է տեղափոխենք, եկել են գործի գլխին հոր հետ կանգնել: Գործն ավելի արագ ենք արել: Հետո անցել ենք հաջորդ գործերին»,- պատմում է Լեյլան:

Նա ու ամուսինը գովում են որդիներին, խոսում նրանց աշխատասիրության մասին, պատմում են, թե ինչպես մարտի 8-ին անակնկալ են մատուցել, առանձնահատուկ են նշում նաև իրենց ծննդյան օրերը: Աշոտը կատակեց, թե տղաների ամուսնանալու գործն է մի քիչ ուշանում: 

«Կամուսնացնենք, չի ուշանա, դե ամուսնանալու հարցը հիմնականում իրենցից է կախված: Էս էն թիվը չի, որ գնամ, ասեմ՝ քո աղջկանը տեսել են աղբյուրում, տղայիս համար ուզում եմ: Հիմա էն ժամանակներում ենք ապրում, որ տղան և աղջիկը պետք է իրար հավանեն»,- բացատրեց Աշոտ Դանիելյանը: Նա համոզված է, որ տղաներից յուրաքանչյուրը մտքում արդեն իրեն հավանած աղջիկն ունի:

Աշոտը տղաներից երկուսի համար արդեն սեփական տուն է գնել, ասում է՝ «Երրորդի համար էլ է պատրաստվում գնել, որ տղաներս՝ 3-ն էլ մնան Մղարթում»:

Մղարթում աշխատելն ու ստեղծելը այնքան էլ հեշտ գործ չէ: Աշոտն ասում է, որ որդիներին արգելել է գյուղի ոսկու հանքում աշխատելու մասին իսկ մտածել:

Պատմում է, երբ ինքն ու Մղարթի վարչական ղեկավար Ավագ Մոսինյանը մի անգամ գնացել են հանքի ղեկավարության հետ հանդիպելու ջրի հարցում աջակցության ակնկալիքով, հանքում աշխատող մղարթցիները նեղացել են, թե իրենց հացին վայիս են լինում: Ասել են ՝մենք էդտեղից ենք եկամուտ ստանում: «Այ, էդտեղ լեզուներս կարճանում  է»,- բացատրեց Աշոտը:

Լոռու մարզպետ Արկադի Ղուկասյանը «Հետքին» հայտնեց, որ ոչ միայն Մղարթում, նաև  մարզի այլ բնակավայրերում ջրամատակարարման ծանր իրավիճակ կա:

«Այդ մասին մենք տեղեկացրել և Կառավարությանն ենք ներկայացրել մարզի 20 բնակավայրերի, այդ թվում նաև Մղարթի, ջրամատակարարման ծրագիր: Կառավարությունը հաստատել է ծրագրերը: Առաջիկայում սպասում ենք գումարների փոխանցմանը: Գումարը ստանալուն պես ձեռնամուխ կլինենք նաև Մղարթի ջրամատակարաման լուծմանը »,- հայտնեց մարզպետը:

Մղարթում անասնապահության հաջորդ խոչընդոտը ջրի խնդիրն է: Անասունի համար ամռանը ջուր չի լինում, և գյուղացիների միջև ջրի լուրջ պայքար է սկսվում: Գյուղում շուտ արթնացող անասնապահին է հաջողվում ջուր տալ իր անասունին: Ուշ արթնացողի անասունը ամբողջ օրը ծարավ է մնում, կովերի կաթի արտադրողականությունն ընկնում է:

«Երանի տեսնեք, թե իրիկունը հանդից գալիս անասունները աղբյուրի դատարկ նավերի մոտ ոնց են ջարդում իրար»,- ասում է Աշոտը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter