HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էջմիածնի «Շտապօգնությանը» շտապ օգնություն է հարկավոր

Էջմիածնի հիվանդանոցի 2 բուժանձնակազմից բաղկացած շտապօգնության բաժանմունքը միակն է տարածքում, որ սպասարկում է ողջ քաղաքի և 44 գյուղերի բնակչությանը   (Մեծամորից Թաիրով, Դաշտ գյուղից մինչև Երասխահուն):  Մինչ վերջերս բաժանմունքում օգտագործվում էին հին շտապօգնության մեքենաներ` «ԳԱԶ 24» և «ՌԱՖ»: Այժմ բաժանմունքը ստացել է  2 նոր  մեքենա, որոնցով և աշխատում է: Աշխատանքը բարդանում է, քանի որ ձմռան ամիսներին եռակի ավելացած կանչերը (օրական 30-40 կանչ) սահմանված ժամկետում բավարարելը դժվար է: Դժվար է նաև, քանի որ չկա առանձին մանկական բուժանձնակազմ,  և մեքենաները «մասնագիտական» չեն:

«Խնդիրն այն է, որ չունենք մանկական բրիգադ և ռեանիմացիոն մեքենա,- ասում է բաժնի վարիչ Հռիփսիմե Վարդապետյանը.- մերն ընդհանուր պրոֆիլի մեքենա է` կարդիոգրամայի ապարատով, թթվածնի բալոնով»:

Նրա խոսքերով` դեղորայքի և վառելիքի պակաս չունեն: Բաժնի վարիչն ասում է, որ, ճիշտ է, կանչերին 2 մեքենայով արագ հասնելը դժվար է, բայց ոչ մի կանչ չի մերժվում: Սակայն մարդիկ բողոքում են. «Զանգում  ես` թե ազատ բրիգադ չկա, հետո էլ  ուշ են գալիս, հիվանդի վիճակն ավելի ա վատանում»,-ասում է մի էջմիածեցի` հավելելով, որ ավելի լավ է հիվանդին անձամբ հիվանդանոց տեղափոխել, քան թե սպասել նրանց  օգնությանը:

Բայց պարզվում է, որ իրենք` «Շտապօգնության» աշխատակիցներն էլ օգնության կարիք ունեն: Նրանք էլ իրենց հերթին են բողոքում. «Գիշերվա կեսին զանգում են` բալա ջան, ճնշմանս ապարատը փչացել ա, արի ճնշումս չափի` տեսնեմ ինչքան ա, կամ` զանգել եմ, բարեկամներս չեն եկել, զանգել եմ, որ դուք գաք: Գաք ու տեսնեք, որ սուտ կանչ է, կամ դեպք է ոչ շտապօգնության համար»,-ասում է ավագ բուժքույր Հեղինե Մուրադյանը:

Իսկ շտապօգնություն դիմելու դեպքերն այլ են. «Երբ լինում են առողջական սուր, ծանր պահեր, անհետաձգելի իրավիճակներ»,-ասում է բաժնի վարիչը` Հռիփսիմե Վարդապետյանը:

Մնացած իրավիճակների համար կան թաղային, տեղամասային բժիշկներ, ովքեր պետք է «անգիր իմանան իրենց հիվանդին» և հոգ տանեն նրա առողջության մասին, մինչդեռ,  շտապօգնության բուժաշխատակիցների վկայությամբ, մարդիկ նույնիսկ չեն էլ ճանաչում  այդ բժշկին և չգիտեն, որ դա նրանց պարտականությունն է:
Փոխարենը գիտեն, թե ինչպես անեն, որ կանչերը ընդունեն. հաճախ հայհոյում են, սպառնում: 

««Հասե~ք, մեռնում է»` ասում են, -հիշում է աշխատակից Վանյա Գևորգյանը,-140-ի վրա քշելով հասնում ենք, տենում ենք 81 տարեկան պապիկ է, ասում է` «մի քիչ լավ չէի զգում»»:
«Մի քիչ լավ չէին զգում» նաև այն մարդիկ, ովքեր ահաբեկված զանգում ու առանց հստակ պատճառ ներկայացնելու  ասում էին` հասե~ք: Գնալուց հետո պարզվում էր, որ «վատ երազ են տեսել»:  Իսկ երթ չես կարողանում «բավարարել» նրանց, սկսում են սպառնալիքները.  «Խալաթդ հագիցդ հանել կտամ», «էլ էստեղ չես աշխատի» և այլն:

Իհարկե, նրանք շարունակում են «էդտեղ աշխատել»` փոխելով դռան ջարդած արդեն տասներորդ ապակին, տասներորդ աթոռն ու հեռախոսը, իսկ մեղավորը պատասխանատվություն չի կրում, քանի որ ոստիկանները պատճառաբանում են, թե` «մեկը Պողոսի տղան ա, մյուսը` սրա»:  

Սպառնալիքների առիթ էին դարձել նաեւ բջջային հեռախոսով արված կանչերը. նախկինում բջջայինից 103 հավաքելիս, մարդիկ ընկնում էին Երևանի շտապօգնության բաժանմունք, և Էջմիածնում ու Երևանում նույնանուն փողոցների առկայությունն էլ դժվարեցնում էր սխալը  պարզելն ու ժամանակին շտկելը: Հիմա սխալը ինչ-որ չափով շտկված է. մի քանի անգամից հաջողվում է ճիշտ բաժանմունքն ընկնել, իսկ եթե չի էլ հաջողվում, տարբեր քաղաքների շտապօգնության բաժանմունքներից միմյանց փոխանցում են:

Միմյանց չեն փոխանցվում միայն մարդկանց երախտագիտությունն ու շնորհակալական խոսքերը. «Հիմա մենք ենք ասում` շնորհակալություն, որ մեզ չես հայհոյել, չես ծեծել,-ասում է բուժքույր Սուսաննա Հակոբյանը, բայց նշում, որ այս տարի շնորհակալություն էլ են ասել,-Մի հոգի ասեց…չէ’, կներե’ք, մի քանի օր առաջ մեկն էլ ասեց»:

Բաժնի վարիչն էլ հավելում է, թե ամեն կանչի վախով են գնում. չգիտեն, թե ինչ է իրենց սպասվում. «Չգիտես` դիմացդ թմրամոլ դուրս կգա, հարբեցող դուրս կգա, հոգեկան հիվանդ դուրս կգա: Կին արմատ ենք, դուռը բացում ենք, մտնում ենք տուն, մեկ էլ տեսնում ես` հու~, շիշը գլխիդ…»:

Նմանատիպ  «արյունաշաղախ» դեպքեր մտաբերում է  նաև վարորդը և ցույց տալիս օրերս քարերով վնասված շտապօգնության մեքենան, որը  հազիվ է «փախցրել»  իր աշխատանքը կատարելիս: Աշխատանք, որին նվիրել է կյանքի 30 տարիներն ու որի  համար այժմ չնչին աշխատավարձ է ստանում, և բուժանձնակազմի այլ անդամների պես չի ստանում անհրաժեշտ հարգանք և աջակցություն  նույնիսկ հիվանդին փրկելիս. «Ասում եմ `օգնի էս հիվանդին նասիլկով տանենք, չի օգնում, ասում ա` էդ քո գործն ա…»:

Այո’, դա իր և անձնակազմի գործն է, որի հնարավորինս արդյունավետ կատարման համար դեռևս կան մի քանի խնդիրներ` կապված տների և փողոցների անվանումների բացակայության հետ: Եվ եթե փողոցների անվանումների  հետ կապված, Էջմիածնի քաղաքաշինության բաժնի պետ Ղարիբ Սուքիասյանի փոխանցմամբ, «ամենաուշը 2 ամսից ամբողջովին կտեղադրվեն փողոցների անվանումներն  և բազմաբնակարան շենքերի համարները», ապա սեփական տների համարների վերաբերյալ հստակ նորմեր չկան: Ու թեև այդ հարցը քաղաքապետարանի կողմից իր լուծումը ավելի ուշ կստանա, բայց  մինչ այդ քաղաքացիներն իրենք էլ կարող են փակցնել համարները` հարցին հրատապ լուծում տալու նպատակով:

Հրատապ լուծում պահանջող հարցերից մեկն էլ այն է, որ առողջապահության նախարարության կողմից ֆինանսավորվող, Արմավիրի մարզպետարանի  ենթակայության տակ գտնվող և  մոտավորապես 120.000 բնակչությանը  սպասարկող Էջմիածնի շտապօգնության բաժանմունքն ունի ընդամենը 2 մեքենա և 2 աշխատակազմ:

Տաթև Խաչատրյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter