HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը վճռել է Ռոբերտ Քոչարյանից հօգուտ Նիկոլ Փաշինյանի բռնագանձել 200 հազար դրամ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով դատավոր Լիլիթ Սարգսյանն այսօր հրապարակել է դատական ակտ՝ գործի վարույթը կարճելով և հայցվոր Ռոբերտ Քոչարյանից հօգուտ պատասխանող Նիկոլ Փաշինյանի բռնագանձելով 200 հազար դրամ գումար՝ որպես դատական ծախս:

Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը:

Քոչարյանը, հիշեցնենք, 2018 թվականի սեպտեմբերի 17-ին դիմել է դատարան՝ զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջով:

Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն է, որը վերաբերել է նաև Քոչարյանին:

Մասնավորապես, հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը պարզաբանումներ է ներկայացրել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի վերաբերյալ:

Քոչարյանը զրպարտություն է համարում Փաշինյանի զրույցի հետևյալ հատվածը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

Հայցվորը պահանջում էր պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել վերը նշված արտահայտությունների համար:

Հունիսի 12-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանն ասաց, որ եթե պատասխանողը հայտարարի, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակայնորեն արված հայտարարություններում Քոչարյանին նկատի չի ունեցել, ապա իրենք կհրաժարվեն հայցից, Գյոզալյանը հաստատեց, որ Փաշինյանը Քոչարյանին նկատի չի ունեցել, որից հետո հաջորդ՝ հունիսի 13-ի նիստում Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ամբողջությամբ հրաժարվեց հայցից:

Երբ դատարանն անդրադարձավ դատական ծախսերի բաշխման հարցին, պատասխանողի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը հայտարարեց, որ իր վստահորդ Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդակցելով՝ գտնում են, որ հօգուտ պատասխանողի՝ հայցվորից պետք է բռնագանձվի 650.000 դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության խելամիտ գումար: Դատարանը, փաստորեն, ողջամիտ չի համարել դատական ծախսերի համար 650 հազար դրամ բռնագանձելու պահանջն ու վճռել է բռնագանձել 200 հազար դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter