
Նալբանդյանի համայնքապետը յուրացման ու պաշտոնեական կեղծիքի համար դատապարտվել է 550,000 դրամ տուգանքի
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նույն մարզի Նալբանդյան համայնքի ղեկավար Գրիգոր Մկրտչյանին մեղավոր է ճանաչել պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափի յուրացման և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ և դատապարտել է 550.000 դրամ տուգանքի:
Արդեն 12 տարի է` Նալբանդյան համայնքը ղեկավարում է Գրիգոր Մկրտչյանը: Վերջինս համայնքի հողօգտագործողներին 2015 և 2016 թվականների գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում Նալբանդյան համայնքի բնակիչների կողմից պարարտանյութեր գնած անձանց ցուցակագրման, պարարտանյութերի ստացման, բաշխման, գումարների հավաքագրման, մատակարար կազմակերպությանը փոխանցելու լիազորություն է ունեցել։
Նշված աշխատանքների կատարման ընթացքում, ըստ դատավճռի, Գրիգոր Մկրտչյանը «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում ՍՊԸ-ից ստացված պարարտանյութից, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2015-2016թթ. ընթացքում յուրացրել է պարարտանյութ գնելու վերաբերյալ գյուղապետարան չդիմած և պարարտանյութ չգնած 8 անձանց անվամբ ստացված խոշոր չափի՝ 598.000 դրամ արժեքով 4980 կգ պարարտանյութ։
Բացի այդ, Գրիգոր Մկրտչյանը, 2015-2016թթ. ընթացքում հավաքագրելով համագյուղացիների կողմից նշված ծրագրի շրջանակներում ձեռք բերված ընդհանուր՝ 112 պարկ ազոտական պարարտանյութի դիմաց վճարված գումարները՝ 672,000 դրամ, չի փոխանցել «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում ՍՊԸ-ի հաշվեհամարին և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման եղանակով, հափշտակել է նշված գումարը ևս։
Դրանից հետո, Գրիգոր Մկրտչյանն, իր կողմից պարարտանյութի և գումարների յուրացման հանգամանքը թաքցնելու շահադիտական դրդումներից ելնելով, կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք՝ Նալբանդյան համայնքում պարարտանյութի դիմաց պարտք ունեցող անձանց վերաբերյալ: Տեղեկանքում մտցրել է կեղծ տեղեկություններ այն մասին, որ վերոնշյալ շահառուները, ծրագրի շրջանակներում ստանալով 1.270.000 դրամ ընդհանուր արժողությամբ ընդհանուր 10.580 կիլոգրամ պարարտանյութը, դրա դիմաց վճարում չեն կատարել, և կեղծ փաստաթուղթ հանդիսացող նշված տեղեկանքը ներկայացրել է Արմավիրի մարզպետարան։
Դրա հիման վրա Կառավարության որոշմամբ, ի թիվս հանրապետությունում պարտքեր ունեցող այլ համայնքների, դադարեցվել են վերը նշված ծրագրերի շրջանակներում 2015 և 2016 թվականներին Նալբանդյան համայնքին հատկացված՝ «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում ՍՊԸ-ի հանդեպ ազոտական պարարտանյութերի դիմաց ձևավորված պարտավորությունները՝ պարտք ունեցող բոլոր շահառուների, այդ թվում նաև՝ տեղեկանքում նշված, վերը թվարկված անձանց մասով: Իսկ նշված ՍՊԸ-ի վարկային պարտավորությունները նույն չափով՝ 1.270.000 դրամով, նվազեցվել են։
Նախաքննության ընթացքում Գրիգոր Մկրտչյանն ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը։
Առաջադրված մեղադրանքում Գրիգոր Մկրտչյանն իրեն լիովին մեղավոր էր ճանաչել, զղջացել կատարածի համար և ցուցմունքներ է տվել այն մասին, որ իր բանավոր հանձնարարությամբ, Նալբանդյանի համայնքապետարանի աշխատակից, ֆինանսական բաժնի առաջին կարգի մասնագետ Գայանե Շահբազյանը 2015-2016թ. Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչների ստացած ազոտական պարարտանյութերի դիմաց, համայնքի բնակիչներից հավաքագրած գումարներն անմիջապես ու ամբողջությամբ առձեռն փոխանցել է իրեն։ Պարտքացուցակը կազմել է անձամբ, դրանում բոլոր տվյալները ներառվել են բացառապես իր կողմից, կնքել ու ստորագրել է անձամբ ինքը և ինքն էլ անձամբ ներկայացրել է Արմավիրի մարզպետարան։
Նալբանդյանի համայնքի ղեկավարը դատարանին միջնորդել է արագացված կարգով դատական քննություն անցկացնել։ Իսկ քրեական գործով մեղադրանքը պաշտպանող դատախազ Ա. Դոլինյանն արագացված կարգով դատական քննություն անցկացնելու դեմ չի առարկել:
Նշենք, որ Գրիգոր Մկրտչյանը դատապարտվել էր նաև 2013թ.: Նա մեղադրվել է այն բանի համար, որ իրավաբանորեն գրանցված չլինելով` մոր անունով գրանցված անհատ ձեռնարկատիրությունում, անհատ ձեռնարկատիրոջ անունից փաստացի իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն և ղեկավարել այն:
Անձամբ կազմակերպել է Նալբանդյան գյուղի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի շահագործման և լվացման ավազի վաճառքի գործընթացը, որի ընթացքում պայմանավորվածություններ է ձեռք բերել տարբեր տնտեսվարող ընկերությունների ղեկավարների, կամ նրանց ներկայացուցիչների հետ լվացված ավազի մատակարարման, դրա արժեքի և վճարումների հետ կապված հարցերի շուրջ, ինչպես նաև` գնորդ ընկերությունների ներկայացուցիչներին անձամբ տրամադրել լվացված ավազի վաճառքի դիմաց հաշվապահական փաստաթղթեր:
Չարամտորեն խուսափել են պետական բյուջե վճարել 7.325.520 դրամի հարկերը և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները: Գործի քննության ընթացքում Գրիգոր Մկրտչյանը վճարել է 7.443.500 դրամ գումար:
Դատարանը Գ. Մկրտչյանին դատապարտել էր 3 տարի ժամկետով ազատազրկման, սակայն կիրառելով համաներում՝ ազատել է պատժի կրումից:
Մեկնաբանել