HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դարբնիկի բուժկետում օգտագործում են ինքնաշեն հասակաչափ

Լուսանկարում Արարատի մարզի Դարբնիկ համայնքի բուժկետի բուժակ Էռնա Եղիյանցը ցույց է տալիս հասակը չափելու սարքը: Այն ինքնաշեն է: Փայտի վրա փակցրել են թղթե սանտիմետր և դրանով չափում են երեխաների հասակը:  Իհարկե, չեն երաշխավորում, որ արդյունքները ստույգ կլինեն, սակայն, չնչին շեղումների վրա աչք են փակում:

Էռնա Եղիյանցի ասելով՝ բուժկետը վաղուց նոր սարքավորումներ չի ստացել: Եղածն էլ արդեն մաշվել է, որոշ դեպքերում դարձել անօգտագործելի: Օրինակ, երբ հիվանդը ցանկանում է թիկունքով նստել թախտի վրա, անմիջապես զգուշացնում են, որ կոտրված է: Նույնիսկ կաթիլային ներարկումները մարդիկ նստած են ստանում, քանի որ պառկելու հարմարություն չկա:

Կշեռքը ևս խորհրդային տարիներից է մնացել: Այլ բուժհաստատություններում օգտվում են էլեկտրոնային կշեռքներից, սակայն Դարբնիկում դեռ խորհրդային տարիներին «մոդայիկ» կշեռքն են օգտագործում:

Էռնա Եղիյանցն ասաց, որ հին է ոչ միայն կշեռքը, այլև շիրման (ծալովի շրջանակով ծածկոց, որ դրվում է մահճակալի առաջ, հիվանդին քողարկելու նպատակով), որն ամաչում են նույնիսկ օգտագործել և սենյակներից մեկում դրված է:

Առողջության առաջնային պահպանման կենտրոնը գտնվում է Հայանիստ գյուղում: Տիկին Էռնան Դարբնիկում միայն առաջին բուժօգնություն է ցուցաբերում: Անհրաժեշտության դեպքում կամ ուղարկում է Մասիս, կամ Հայանիստ: Հայանիստից թերապևտն ու մանկաբարձն ամիսը մեկ անգամ են այցելում Դարբնիկ:

Նշենք, որ բուժկետը տեղակայված է համայնքապետարանի վարչական շենքում: Ամբողջ շենքը տարիներ առաջ վերանորոգվել է ամերիկյան դեսպանատան կողմից:

Դարբնիկը բնակեցված է Ադրբեջանից գաղթած նախկին փախստականներով: Բուժկետը հենց սկզբից տեղակայվել է համայնքապետարանի շենքում, քանի որ առանձին շենք երբեք չի ունեցել: Նույն շենքում է գտնվում նաև համայնքի գրադարանը:

Դարբնիկը չունի մշակույթի տուն, սպորտդահլիճ, խաղահրապարակ: Բնակիչները զրկված են հանգիստը կազմակերպելուց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter