80 մլն դրամ արժեցած Երեխայի զարգացման և վերականգնողական նոր կենտրոն Արտաշատում
Այսօր, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում բացվել է «Արաբկիր» բժշկական համալիր - երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մասնաճյուղ` Երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոնը:
Մարզերում բնակվող հատուկ կարիքներով երեխաների զարգացման գնահատումը, վաղ հայտնաբերումը և նրանց վերականգնողական բուժումն առավել հասանելի դարձնելու նպատակով «Արաբկիր» բժշկական համալիր–երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ) ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ նախաձեռնել է մարզերում Երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոնների (ԵԶՎԿ) հիմնադրումը: Մարզերում գործող կենտրոնների շարքում Արտաշատի ԵԶՎԿ-ն թվով յոթերորդն է: Նմանատիպ կենտրոններ «Արաբկիր» բժշկական համալիրը ստեղծել է նաև Սպիտակ, Վանաձոր, Գյումրի, Արմավիր, Գավառ և Իջևան քաղաքներում: Մինչ օրս «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ վերականգնողական մասնաճյուղերում բուժում է ստացել ավելի քան 20.238 երեխա:
Արտաշատի ԵԶՎԿ-ն բժշկական վերականգնողական ծառայություններ և մասնագիտական խնամք է տրամադրելու Արարատի մարզում բնակվող ֆիզիկական, մտավոր, լսողական, խոսքի, հաղորդակցման և այլ զարգացման խնդիրներով երեխաներին: Ծառայությունները և խնամքը տրամադրվելու է բազմամասնագիտական թիմի միջոցով` բժիշկ-վերականգնողաբան, ֆիզիկական թերապիստ, էրգոթերապիստ, հոգեբան, լոգոպեդ և հատուկ մանկավարժ: Կենտրոնի բոլոր աշխատակիցները Արարատի մարզի բնակիչներ են և վերապատրաստում են անցնել Երևանում` «ԱրԲեՍ» առողջության կենտրոնում: Երեխաների վերականգնողական բուժումն ապահովելու համար կենտրոնը համալրված է հատուկ կահույքով, անհրաժեշտ սարքավորումներով և գույքով:
Կենտրոնի բացման արարողությանը ներկա էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության, մայրության և մանկության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, ինչպես նաև Արարատի մարզի բուժաշխատողներ, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Արտաշատի ԵԶՎԿ-ն հիմնվել է «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից` հետևյալ կազմակերպությունների և հովանավորների աջակցությամբ` Ստեֆան Էլմաս հիմնադրամ և ՍԵՄՌԱՊլյուս հիմնադրամ, Շվեյցարիա, «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական կազմակերպություն, Ֆրանսիա, Ջինիշյան հիշատակի հիմնադրամ, Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն (USAID), «Արաբկիր» Բժշկական համալիր, Ջուլիետա Աբրահամյան, Հայաստան, Ջանկառլա Պորտիերի, Իտալիա, Դենիս Կլաչոյան, Բրազիլիա:
Կենտրոնի վերակառուցման և կահավորման ծախսերը կազմել են մոտ 80 մլն դրամ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել