
Արժանապատիվ աշխատա՞նք, թե գոյատևելու բանաձև. «Sasstex»-ի աշխատակիցները սպասում են գործարանատիրոջ որոշմանը
Գյումրիում 2018թ-ի հոկտեմբերի 8-ից գործող «Սասստեքս» կարի գործարանի բանվորուհիները պնդում են, որ անցած կես տարվա ընթացքում սեփական մաշկի վրա զգացել են ստրկական աշխատանքի քաղաքակիրթ բանաձևի բոլոր հետեւանքները: Լրատվամիջոցներով առաջին բարձրաձայնումներն աշխատանքային անտանելի պայմանների, ցածր աշխատավարձի մասին եղան 2019թ-ի մայիսի 29-ին:
Այդ օրը գործարանի 120 բանվորուհի դադարեցրել էր աշխատանքն ի նշան բողոքի՝ հայտարարելով, որ սեփականատերը «իսկական ստրկատեր է ու իրենց ճորտի տեղ է դրել»: Աշխատակցուհիներին նման քայլի էր դրդել ապրիլ ամսվա համար ստացած վարձատրությունը, որ կազմել էր 17 հազար դրամից մինչեւ 36 հազար դրամ՝ ֆիքսված 55 հազար դրամի փոխարեն:
«Սասստեքս»-ի տնօրինությունն աշխատանքի ընդունված կարող բանվորուհիների հետ կնքել է մեկ տարվա աշխատանքային պայմանագիր: Ըստ այդ պայմանագրի, բոլորն անխտիր, 3 ամսվա համար, որը համարվել է ուսուցողական շրջան, պետք է ստանային 55 հազար դրամ: Առաջին ամսվա համար աշխատակիցներին վճարել են 22 հազար դրամ, այդուհետ 55 հազար դրամ աշխատավարձը պահպանվել է մինչեւ ապրիլ ամիսը: Մայիսին, երբ աշխատակիցները ոչ թե փոխանցումով, այլ ծրարով ստացել են 2-3 անգամ քիչ գումար, նրանց բացատրել են, որ անցում է կատարվել գործավարձային աշխատանքի տարբերակին:
Գործավարձի դեպքում հաշվի է առնվում աշխատակցի աշխատելու արագությունը, արտադրանքի որակը եւ քանակը: Աշխատանքի մեկ րոպեի դիմաց սահմանված է 10 դրամ վճար: Տարբեր լրատվամիջոցներով գործարանի աշխատակիցները բարձրաձայնել էին նաեւ աշխատանքային ոչ նորմալ պայմանների մասին՝ չօդափոխվող սրահներ, որոշ կտորների հետ աշխատելիս առաջացած ալերգիկ երեւույթներ եւ թունավորումներ, եղել են նաեւ ուշաթափության դեպքեր. հարկ է եղել շտապօգնություն կանչել: Եղել են բարձրաձայնումներ նաեւ կարի մեքենաների հետ կապված, որ դրանք հին են, 2 ժամ աշխատելու դեպքում մեկ ժամ կանգնում են, նաեւ կա որոշ կոնկրետ գործողությունների համար նախատեսված մեքենաների սակավություն, որը եւս ժամանակի կորուստ ու աշխատանքի ցածր արդյունավետության պատճառ է դառնում:
Մայիսի 29-ից մինչեւ հունիսի 20-ը «Սասստեքս»-ում հարկադիր պարապուրդ էր: Խնդիրները բարձրաձայնած բանվորուհիներին սեփականատերն արգելել էր կրկին անցնել աշխատանքի: Լրատվամիջոցներին հարցազրույց տված աշխատակցուհիները հայտնվել էին «սեւ ցուցակում», քանի որ համարձակվել էին «կեղտոտ սպիտակեղենն» ի ցույց դնել հանրությանը՝ վերջիններիս սպառնացել էին հեռացնել աշխատանքից: Կարող բանվորուհիների խնդրին տեղյակ են մարզպետարանում, ԱԺ-ում, Էկոնոմիկայի նախարարությունում, ՄԻՊ-ի աշխատակազմում, թեթեւ արդյունաբերության աշխատողների արհմիությունում: Իսկ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային մասնաճյուղի ներկայացուցիչները հունիսի 12-ից 21-ը ստուգումներ են իրականացրել գործարանում:
Հունիսի 21-ից գործարանի բանվորուհիների համար բացվել են արտադրամասի դռները, աշխատանքը վերսկսվել է: Այսօր՝ հունիսի 25-ի առավոտյան, «Սասստեքս»-ում վճարել են մայիս ամսվա աշխատավարձը: Գումարը բանվորուհիները ստացել են ծրարով, ինչպես նախորդ անգամ: Մեր ունեցած տեղեկություններով, մեկ հոսքի աշխատակիցները ստացել են 19 հազար 150 դրամ, մյուս հոսքը՝ 15 հազար 084 դրամ, 3-րդ հարկում աշխատողները՝ 17 հազար դրամ, կան նաեւ 8 հազար դրամ ստացողներ: Իսկ հունիսի պարապուրդի համար կվճարվեն աշխատակիցները, թե ոչ՝ առայժմ անհայտ է: Աշխատակցի կողմից պայմանագիրը միակողմանի, նշված ժամկետից շուտ խզելու դեպքում, սպառնում է տուգանքով՝ 100 հազար դրամի չափով:
Ստեղծված իրավիճակից ելք են փնտրում նաեւ մարզային իշխանությունները: Մարզպետ Տիգրան Պետրոսյանն ասում է, որ այս պահին ցանկություն կա հասկանալու երկու կողմին էլ՝ ներդրողն իր խնդիրներն ունի, աշխատակիցներն՝ իրենցը, սակայն այս համատեքստում չպետք է տուժի մարդու արժանապատիվ աշխատանք ունենալու եւ դրա դիմաց պատշաճորեն վարձատրվելու իրավունքը:
«Այս պահին սպասում ենք Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կատարած ուսումնասիրությունների արդյունքներին,- ասում է մարզպետ Տիգրան Պետրոսյանը,- նրանք եւ պայմանագրի օրինակն են վերցրել, եւ կտորների նմուշներ, մի խոսքով փորձելու ենք հասկանալ, թե բանվորուհիների բողոքները որքանով են հիմնավորված: Մյուս կողմից էլ ներդրողը խոսում է մեծ ծավալով խոտանի մասին: Ես այս ընթացքում մեկ հեռախոսազրույց եմ կարողացել ունենալ Քրիստիան Գելեջիի հետ, ինքն ասում է, որ դեռ բանակցում է իր միջազգային գործընկերոջ հետ, որ կան խնդիրներներ որակի հետ, եւ միայն բանակցությունների արդյունքն ունենալուց հետո որոշում կկայացնի հետագա գործունեության վերաբերյալ»:
Մարզպետին մտահոգում է ներդրող կողմի խուսափողական վարքագիծը: Նրա համոզմամբ պետք է շահագրգիռ բոլոր կողմերը նստեն եւ միասին փորձեն ստանալ ստեղծված իրավիճակի մեկ ամբողջական պատկեր: «Որպեսզի այս նախագիծը կյանքի կոչվի, Կառավարությունը նրանց հատկացրեց մարզային հիվանդանոցի մասնաշենքերը: Ներդրողն էլ իր հերթին բավական գումարներ է ծախսել, աշխատանքներ է իրականացրել: Իրենց հաշվին տնակներում ապրող 16 ընտանիքի համար բնակարան են կառուցում: Այս ամենը եւս պետք է հաշվի առնել, սակայն մյուս կողմից էլ պետք է այնպես անել, որ գործարանում աշխատող կանայք կարողանան արժանապատվության շեմից ոչ ներքեւ գործունեւություն ծավալել,- ասում է Տիգրան Պետրոսյանը,- մենք դատավորի կեցվածք չենք ընդունում: Այս իրադրությունում միանշանակ չի կարելի որեւէ կողմի մեղադրել, սակայն խնդիրն ամբողջությամբ ըմբռնելու համար հարկ է, որ բոլոր կողմերը ներկա լինեն: Ներդրումները մեր մարզում այնքան էլ շատ չեն, եւ չէինք ուզենա եղածն էլ կորցնել, սակայն թույլ էլ չենք տա, որ աշխատավորների տարրական աշխատանքային իրավունքները ոտնահարվեն»:
Մեկնաբանել