HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղրի մի նոր կարասի վրայ հարձակուող նախարարը

Կարէն Ա. Սիմոնեան

Մշակութային աղէտ

Մենք յաղթեցինք պատերազմում,
սակայն, պարզւում է պարտուեցինք…
Վերացուող քո տեսակը պարտւում է Բելին։
Արթուր ՄԵՍՉԵԱՆ

 …Այդ աղէտի հեղինակը Մշակոյթի նախարարն է։ Աւելի ճիշտ, Երկրի կառավարութեան մէջ այն շահագրգռուած օղակը, որ միւսների հետ ներդաշնակութիւն է պահպանում կառավարութեան ետնաբեմի վրայ։ Եւ եթէ Բնապահպանութեան նախարարը հանրապետութեան նախագահի եւ վարչապետի հովանաւորութեամբ նուիրուած է նաեւ իր ամբողջ փաղանգի «շնաձկներին» կերակրելով, ապա ինչո՞ւ առիթից չօգտուի Մշակոյթի նախարարը։ 

Բաւական էր որ Բնապահպանները թելը քաշէին, որպէսզի կարկատան առ կարկատան քանդուէին ու բացայայտուէին Հայաստան Երկիրը վերացնելու մօտալուտ հեռանկարով կառավարութեան մէջ բոյն դրած բոլոր ձեռնքաշները։

Դեռ յայտնի չէ, թէ Թեղուտի այս պատմութեան մէջ ովքեր են ետնաբեմից մօտենալու բեմեզրին, բայց կարող ենք վստահ լինել, որ Բնապահպանութեան եւ Մշակոյթի նախարարներից յետոյ անպայման լինելու են նաեւ ուրիշները, որոնք իրենց պաշտօնական աթոռներով բոլորից մօտ են պետական գանձարանին, ինչը վաղուց դարձել է մեղրով լիքը կարաս…

Նրանք իրենց մեղրոտ մատները լիզելով չեն բաւարարւում։ Իրենց նեղ­խմբակցութեան միւս անդամների հետ ուսն ուսի՝ դատարկում են կարասները եւ դեռ հորթային ուրախութեամբ ու կոմերիտական խանդավառութեամբ հասարակութեանը զեկուցում են «հայրենասիրական» գործունէութեան մասին։

Տեղն է եկել նաեւ ասելու որ ընդհանրապէս մեր բախտը չի բանել մշակոյթի նախարարների հաշուով։ Ի դէպ բախտներս չի բանել նաեւ կրթութեան նախարար ունենալու խնդրի մէջ։ Թէեւ ունեցել ենք երկու բացառութիւն, որ հաստատում են ազգային այս աղէտի օրինաչափութիւնը։ Հայաստանի Արարատեան Հանրապետութեան Լուսաւորութեան նախարար ենք ունեցել Նիկոլ Աղբալեանին՝ հազիւ մէկ տարի, եւ ապա 1990-ին՝ Մշակոյթի նախարար նոյնքան տեւողութեամբ՝ Պերճ Զէյթունցեանին։

Վարչապետական Հայաստանը Կրեմլի հրահանգով նախագահական մենատիրական բռնատիրութիւն դառնալուց յետոյ Հայաստանը մշակութային եւ կրթական այդ երկու բնագաւառների մէջ այնպէս էլ երբե՛ք ու ց’այսօր ՉԻ ՈՒՆԵՑԵԼ գրագէտ եւ բարեկիրթ նախարար։ 

Պատմա-մշակութային արժէքներց անգետ մշակոյթի մի նախարար 

Աչքակապութեան համար Մշակոյթի նախարարութեան կէսկատար գործողութիւնների արդիւնքին՝ հնէաբանական պեղումները բացայայտել են Հայաստանի տարածքի վրայ նախնադարեան բնակավայրեր իրենց շինութիւններով, հնձաններով, նաեւ՝ դամբարաններով։

Ահաւասիկ մի քանի նմուշ. 

Այս հնձանի մէջ խաղող են տրորել մեր հեռաւոր նախնիները։ Գինու կուժերը ջարդուել են բուլդոզերների թրթուրների տակ։ Մշակոյթի նախարարութիւնը պնդում է, թէ «2008 թառ այսօր կատարուած հետազօտական աշխատանքների արդիւնքում մասնագէտների հաւաստմամբ որեւէ յուշարձան չի աւերուել կամ ոչնչացուել»։
Միջնադարեան շինութեան հետքերը։ Քրիստոնէական շիրմատուն
Այս պատը գտնւում է Խառատանոցի ձորի մէջ։ Շարուած է դարձեալ մեր նախնիների ձեռքով Քրիստոսից առաջ 3-րդ հազարամեակում։ Այդ ժամանակից մեզ բաժանում է 5000 տարի
Այս դամբարանները Արմենոիդ ցեղի եւ Հայերի երկրի ազգային պատկանելութեան բացառիկ  վկայութիւններն են։ 

Մի՞թէ Մշակոյթի նախարարը համոզուած է, թէ այսպիսի 
գտածոները թանգարանների մէջ են պահում։
Կամ գուցէ նպատակ ունի իր տան «չուլանում» կամ
պատշգամբո՞ւմ պահել։
     

                                                            Թեղուտի պատմա-մշակութային վիթխարի շերտը, որ հասնում է մինչեւ հազարամեակների խորքեր, բացի բացարձակ արժէքից, որպիսին է մարդու քաղաքակրթութեան զարգացման ընթացքի փաստական ապացոյցը, միեւնոյն ժամանակ նոյնքան անվերապահ արժէք է հէնց մեր, Հայի մեր տեսակի՝ Արմենոիդ ցեղի անցեալն ու տեղը մեր մոլորակի վրայ հաստատելու համար։ Ընդ որում, Արմենոիդ ցեղը մարդաբանական այն տեսակն է, որ մտնում է ամէնից տարածուն Եվրոպոիդ ցեղախմբի մէջ։ Արմենոիդները բնակուել են Փոքր Ասիայի տարածքի եւ Հայկական լեռնաշխարհի վրայ նախապատմական ժամանակներից ի վեր… Այս պարագան հաստատում են դամբարանների մէջ յայտնաբերուած գանգերի մարդաբանական հետազօտութիւնները։

 Նախապատմական եւ մեզ աւելի մօտ դամբարանները Հայ տեսակի, Արմենոիդ ցեղի տեղաբնակ լինելու հզօր ապացոյց է։ Եւ ինձ համար բոլորովին էլ տարօրինակ չէ, որ մի անկիրթ մարդ զբաղեցնելով Մշակոյթի նախարարի աթոռը, իր մտքով դոյզն իսկ չի անցկացրել, թէ ինչո՛ւ կովկասի թաթարները վերջերս աւերեցին Նախիջեւանի հայկական գերեզմանոցը։ Եւ պէտք էր ընդամէնը այնքան կարճամիտ լինել, որպէսզի այդ գործողութիւնը արար­աշխարհով ներկայացուէր ընդամէնը «պատերազմ խաչքարերի դէմ»։ Պէտք էր այնքան տկարամիտ լինել, որ հայկական շիրմաքարերի ջարդն ու փշրելը ներկայացուէր իբրեւ «մշակոյթի» դէմ կատարուող յանցագործութիւն։ Կովկասի թաթարները ոչ թէ մշակոյթ ոչնչացնելու նպատակով աւերեցին հայկական գերեզմանոցը, այլ ջնջելու համար հայկական հէտքը՝ Կրեմլի կողմից իրենց նուիրաբերուած Նախիջեւանի նահանգի մէջ, որ Հայաստանի Արարատեան Հանրապետութեան չորս նահանգներից մէկն էր։

Բնաջնջող  յարձակումը, որ նաեւ Մշակոյթի նախարարի օժանդակութեամբ են «շնաձկները» կատարում պատմա-մշակութային խոշոր մի տարածքի վրայ՝ ոչնչով չի տարբերւում Կովկասի թաթարների բարբարոսութիւնից։ Ինչպէս Կովկասի թաթարները, նոյնպէս Հայաստանի նախագահը, վարչապետը եւ նրանց նախարարները վերջին հաշուով կատարում են նոյն յանցագործութիւնը հայ ժողովրդի դէմ՝ անկախ իրենց բուն նպատակից, որ մեր դէպքի համար Հայաստանի ընդերքի հարստութիւնները կողոպտելն է։

Բայց մի՞թէ միայն ընդերքի հարստութիւնները։ 

 Չարաբաստիկ նախարարը որոշել է եկեղեցի տեղափոխել... 

Փետրուար 8-ին Մշակոյթի նախարարութիւնը աճապարանքով մի հաղորդագրութիւն  հրապարակեց, որտեղ «պետական հայերէնին» բնորոշ խուճուճ լեզուով ու իրականութիւնը շրջանցող անհասկանալի խուսանաւումներով փորձում է հաւաստել, թէ՝ «Թեղուտի հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ հողերի սահմաններում գտնուող 29 հեկտար տարածքում յուշարձանների հետախուզման աշխատանքներ եւ հնագիտական պեղումներ» են կատարուել, «որոնք վերահսկվել են նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից` գործաշրջանի ընթացքում պեղավայր պարբերաբար կատարած աշխատանքային այցելությունների միջոցով»:

Բայց խնդիրն այն է, որ նորայայտ յուշարձաններից մի քանիսը ընդհանրապէս չեն ընդգրկուած անձեռմխելիների շարքի մէջ։

Դրանք են.

Դուքանաձորի մէջ յայտնաբերուած պղնձաձուլարանը, որ սկսել է գործել Ք.ա. 2-րդ հազարամեակին։ Այսինքն՝ մեր օրերից 4000 տարի առաջ։

Երկաթի ձուլարան հնոցներ՝ բովերը։ Այս արդեն 1000 տարուայ պատմութիւն ունի։ Եւ որեւէ տարակոյս չկայ, որ հանքավայրից արդիւնահանած երկաթը 10-րդ դարից ի վեր ձուլել եւ ո՛չ թէ օտարին են վաճառել մեր անմիջական նախահայրերը՝ պապերն ու ապուպապերը։ Պպահպանուած են նաեւ հորատանցքեր, որոնք պատմում են հայկական մետաղամշակումի մասին, ինչը նոյնպէս մեր ներկայութեան ապացոյցն է այս տարածքների վրայ…

Ապիկարութեան հետեւանքով ոչնչանալու են Գուլաբ շէնի աւելի քան տասը հեկտար տարածքով շիրմատունը։

Ընչաքաղցութեան կուլ են գնալու եւ մեր պատմական անցեալի իրականութեան մասին յուշ էլ չի մնալու Մանստեւի վանքը՝ շիրիմների հետ, որտեղ իրենց հաւիտանական հանգիստն էին գտնելու, բայց արդէն պղծուելու են օրինաւոր հայերի, անպայման նաեւ վանականների աճիւնները, որոնց ապրած կեանքն ու գործը եղել են մեր այս օրուայ գոյութեան գրաւականը եւ որոնց յիշատակի հետ որեւէ եզր չունեն արմատազուրկ վալեքսականները եւ իշխանութիւնը իրաւազանցօրէն ու խաբէութիւններով նուաճած տոհմազուրկ մուտանտները՝ դարձուորները։

Ձորագիւղը՝ իր շիրմատնով, մատուռով եւ միջնադարեան հրաշք­կամուրջով, որ բոլորը մէկտեղ տարածուած են շուրջ 11 հեկտարի վրայ։

Նաեւ 13 հեկտարանոց նախնադարեան դամբարանադաշտը, որի տակ են Հիւսիսային Հայաստանի մէջ եւս մեր ցեղի՝ Արմենոիդների գոյութեան վկաները…

Այսքանից յետոյ Մշակոյթի նախարարութիւնը համարձակւում է ստել, թէ «…Հաստատուել է Թեղուտի հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ տարածքներում գտնուող պատմութեան եւ մշակոյթի յուշարձանների պահպանութիւնն ու անխաթարութիւնն ապահովող միջոցառումների իրականացման ծրագիրը և ժամանակացոյցը»:

Պատմա-մշակութային եւ հոգեւոր-նիւթական արժէքներից բացարձակապէս անտեղեակ եւ հերթական մի թիւրիմացութեամբ նախարարական աթոռին նստած «Հայ Մշակոյթի գերագոյնը» (Դերենիկ Դեմիրճեանի ոգին արձագանգի) նաեւ որոշել է վիթխարի շինութիւններ տեղաշարժել. քանի որ երեւի դեռ չի մոռացել քարկտիկ կամ «կլաս» խաղալը։   

Վերջերս Մշակոյթի նախարարը յայտարարեց, որ Բովերի եկեղեցին պէտք է տեղափոխուի, եւ արդէն իսկ Շնող գիւղում համապատասխան հողամաս են «ձեռք բերել»։

 Իսկ օրերս հրապարակուած Հաղորդագրութեան մէջ նախարարը աւելի է մանրամասնել. «Շնողի գյուղապետարանի աւագանու որոշմամբ հատկացված եւ ՓԲԸ  կողմից անհատ սեփականատիրոջից գնուած տարածք կը տեղափոխուեն նաեւ եկեղեցու խորանում գտնուող խաչքարն ու եկեղեցու հարաւային եւ արեւելեան կողմում գտնուող յուշաքարերը»։ 

Եւ ինքնաբերաբար ծնւում են հարցե՜ր, հարցե՜ր ու հարցե՛ր…

Այդ ի՞նչ «անհատ սեփականատէր» է, երբ կառավարութիւնը ամբողջ Թեղուտն է տրամադրել «շնաձկներին» իբրեւ արնածոր մսեղեն… Ենթադրենք մի պահ, որ Բնապահպանները չկարողանան դիմադրել իրենց կամայականութիւններով երկիրը բառիս բուն իմաստով աւերող իշխանութիւններին, եւ մեր բանից անտեղեակ նախարարին յաջողուի իսկապէս մոգական փայտիկի օգնութեամբ եկեղեցի տեղափոխել… Խոսքը Սեդուի վանքի մասին է, որ յայտնի է նաեւ Բովերի, այսինքն՝ «մետաղահալոցքի քուրաների» վանք անունով։

Նախարարը իր «պետական հայերէնով», որ իրականին արմենիքենդերէն է, հաւաստում է մի անհեթեթութիւն. «Ներկայ պահին պատրաստւում է կառավարության որոշում եկեղեցու տեղափոխման եւ համապատասխան քայլերի համար»։

Եկեղեցու տեղափոխմա՜ն… Ինչպիսի՜ մեծահոգութիւն հոգեւոր-նիւթական արժէքը պահպանելու նկատմամբ։ Իսկ որո՞նք են լինելու «համապատասխան քայլերը»։

Այդ հարցը անպատասխան չի մնացել… Եկեղեցու խորանի մէջ եղած խաչքարն էլ առանձին մի տեղ է պառտկելու… Եւ, վերջապէս, մեր այս «գրագէտ» նախարարը այդ ի՞նչ նկատի ունի, երբ գրում է «յուշաքարեր»։ Նա գիտէ՞ արդեօք իրականին ինչ են իրենցից ներկայացնում այդ «յուշաքարերը»։ Թէ՞ պարզապէս «յուշաքար» եզրը հերթական մի ծածկանուն է իրականութիւնը թաքցնելու համար…

Ակամայ մի խոստովանութեամբ այս չարաբաստիկ նախարարը անպայման ստիպուած է լինելու նաեւ պատասխանել այն հարցին, թէ այդ ինչպէ՞ս է «Շնող գիւղում ձեռք բերել հողամաս, որտեղ պէտք է տեղափոխուի եկեղեցին»։

Այդ հողամասը «ձեռք բերելու» համար ո՞վ է վճարել։ 

Համենայն դէպս ո՛չ թէ ՓԲԸ­ն, որ «անհատ սեփականատիրոջից տարածք է գնել»։

Ուրեմն՝ ո՞վ… Մեր «գերագո՞յնը»… Հասմիկ Պողոսեա՞նը… Անձնական միջոցներո՞վ… Ի հարկէ՝ ոչ… Հետեւաբա՞ր… Իր անտեղեակութեամբ եւ անկարողութեամբ այդ բաւականին ինքնավստահ եւ իշխանութեան մեքենայի կշռոյթով բանող թիակաւոր անիւը «հայրենասիրական» գնումը կատարել է պետութեան գանձարանից դուրս ելած դրամով։

Գնումը կատարելու համար ուրիշ որեւէ աղբիւր մեզ յայտնի՞ է…

Յայտնի չէ, քանի որ ուրիշ աղբիւր գոյութիւն չունի… Այս իրողութիւնը հասկանալուց յետոյ, հիմա անհրաժեշտ է համարձակօրէն բարձրացնել «գերագոյն» պաշտօնեաների գործարքները քօղարկող ծածկոցը եւ տեսնել, թէ ինչ կայ թաքնուած պետական­պաշտօնական հրապարակումների ճոռոմաբանութիւնների փեշի տակ… 

«Ձեռքը` ձեռք է լուանում, երկու ձեռքը` երես» 

Յիրաւի, «Ձեռքը՝ ձեռք է լուանում. երկու ձեռքը՝ երես»։ Բայց այսպիսի լուացումները «գերագոյնների» ոլորտերի մէջ աւելի են սեւացնում այդ ապիկարների երեսները։

Բայց այդ սեւացած երեսները ի ցոյց դնելը եւ համապատասխան եզրակացութիւններ կատարելը արդէն պայմանաւորուած են մի քանի հանգամանքով, թէ որքանով է պատրաստ ինքը՝ ժողովուրդը, թէ որքանով են մեր մտածող հայրենակիցները փորձում բանալ ժողովրդի աչքերը, թէ որքանով է վճռական մեր երիտասարդութիւնը եւ, ի վերջոյ՝ որքանով է մաքուր ընդհանրապէս Քաղաքացու եւ Մարդու սիրտը…

Ուրեմն, շարունակենք…

Հանքարդիւնահանողներին կառավարութեան կողմից տրուած «մեծահոգի» եւ «տնտեսական աճի» խորունկ մտահոգութեամբ արտօնագիրը իր գինն ունի։

Բայց իրար մէջ բաժանուող այդ վիթխարի գումարները, եթէ նոյնիսկ տասնեակ միլիոնաւոր եվրոներով են հաշւում, ապա միեւնոյն է, հազարապատիկ է գինը, որ ունի մեր երկրի հարստութիւնը եւ ինչը միացեալ ուժերով՝ իշխանութիւնն ու «շնաձկները» արդէն սկսել են յօշոտել։ Ուրեմն, հետեւենք իշխանութեան մէջ յայտնուած ստահակների պոչերին, որ սովորական աչքի համար աներեւոյթ, բայց իրականին տեղաւորուած են մէկը միւսի տակ։

Քանի որ մեր երկիրը մենատիրական է եւ Սահմանադրութիւնը զանց է առնուած, իսկ սահմանադրութիւնից բղխող միւս օրէնքներն էլ ձեւի համար են եւ չեն գործում, ապա օրինազանցութեան այս իրականութեան մէջ ներխուժել է արիւնարբու «շնաձկների» մի վտառ։ Սրանք իրենց ներկայացնում են իբրեւ «բիզնեսմեններ», որոնք, սակայն, աշխատում են երկրի տնտեսութեան դաշտի մէջ՝ ոչ թէ նպաստելով հայ ժողովրդի բարեկեցութեան, այլ ժամ առաջ այն ամէնը, ինչ հնարաւոր է՝ յիրաւի «գողականով» փախցնելու համար։ Սրանք բարոյական ոչ մի արժէք չեն ճանաչում։

«Շնաձկները» իրենց «բիզնես-ծրագրերի» համար արտօնութիւնները ստանում են ոչ թէ մրցոյթներով, երբ մի քանի ծրագրերից ընտրւում է բոլոր առումներով օրինականը, այլ գնում են մենատիրոջից, ով իրաւունք եւ արտօնութիւն է տալիս ապօրինաբար զաւթած երկրի նկատմամբ չվերահսկուող կողոպուտը իրականացնելու համար։ Եւ որքան էլ նախագահի մոնթերը թմբուկներ զարնեն ու շեփորներ փչեն, թէ Հայաստանը ժողովրդավար երկիր է, միեւնոյն է, այդ «ժողովրդավարութիւնը» նոյնիսկ բառի ստուգաբանութեամբ երկիմաստ է։ Δεμοσ + κρατοσ Հայոց լեզուով նշանակում է ժողովրդի իշխանութիւն եւ ոչ թէ ժողովրդավարութիւն (հմմտ. մեքենավար — մեքենայ վարել)։ Իսկ իր իշխանութիւնից զրկուած ժողովուրդի ձեռքից արդէն երկու տասնամեակ է, ինչ ամէն տեսակի խաբէութիւններով ղեկը խլել են կրեմլեան երեք խամաճիկները եւ իրար հերթափոխելու մարմաջով բռնուած՝ ոչ թէ սաւոկների բառապաշարով հային «յաղթանակից յաղթանակ» են տանում, այլ բացայայտ ցինիզմով՝ «կործանումից՝ կործանումի»։ Եւ այդպիսի «ժողովրդավարական» մենատիրութեան հետեւանքներից մէկն էլ Թեղուտն է։ Այստեղ ծաւալուող յանցագործութիւնները Հային զրկում են իր պատմա-մշակութային կենսագրութեան առանցքային դրուագներից. հետեւողականօրէն դատարկում են ընդերքի մեր լիքը շտեմարանները, միաժամանակ կատարեալ լկտիութեամբ հայաթափում են Հայաստանը։

Հերթական «շնաձուկը» նախագահական բարձունքից գնում է ապօրինի արտօնութիւն։ Վարչապետը, իրեն հասանելիք բաժինն էլ ստանալով՝ բաժանում է նախագահ­մենատիրոջ մտահոգութիւնը՝ «ժողովրդին դէպի լուսաւոր ապագայ» կամ որ շատ աւելի աղտոտ սուտ է՝ «տնտեսական աճ եւ աշխատատեղեր» ապահովելու հարցով։

Ապացո՞յց…

Թեղուտը «շնաձկներին» յանձնելու մասին կառավարական որոշումը՝ վարչապետի ստորագրութեամբ։

Հակառակ դէպքում, եթէ իրար տակ գտնուող պոչերի հետքերով մեր գնալը չի համոզում, ապա մի՞թէ կարելի է չկասկածել վարչապետի մտաւոր ունակութիւններին… Մի՞թէ մէկը, որ նշանակուել է վարչապետ, այդքան ողբալի մտաւոր կարողութիւնների տէր պատահականութիւն է…

Կառավարութեան մէջ լինելուս շատ կարճատեւ ժամանակամիջոցի իմ փորձառութեամբ եմ յայտարարում, որ նմանօրինակ գործարք նախապատրաստող աշխատակազմի բոլոր անդամները նոյնպէս մասամբ բաւարարում են իրենց ընչաքաղցութիւնը։ Մասամբ… Քանի որ նրանց ախորժակը սոսկալի մեծ է եւ նրանցից իւրաքանչիւրը առանց նկատելու օրինազանցութիւնների շղթան եւ դրսեւորելով իր նուիրուածութիւնը իշխանութեան կառուցուածքի նկատմամբ՝ շտապում է տնօրինութեան աւելի մեծ հնարաւորութիւններ ունենալու իր հերթին։

Հերթը հասնում է Բնապահպանութեան նախարարին… Նա արդէն ձեռքն իրար է շփում՝ արդէն իր գրպանի մէջ տեսնելով այն հարիւրաւոր միլիոնները, որոնք պէտք է ծախսուեն երկիրը աւերողների ոճրագործութիւնը պառտկելու համար… Հէնց թեկուզ «անտառվերականգնումը»… Բնապահպանութեան նախարար Արամ Յարութիւնեանը շարունակում է նախագահի ու վարչապետի աչքակապութիւնը։ Նա արդէն որոշակի թւերով է իմաստազուրկ շատախօսում եւ այդ թւերի մէջ վիթխարի գումարների մասին տեղեկութիւններ ենք ստանում, որպիսիք պէտք է ծախսուեն այն աշխատանքների վրայ, «…որոնք իրականացնում ենք… ընդհանրապէս տարածքներով եւ արգելոցներով… եւ որեւիցէ հատումներ… ըը՜… որեւիցէ այլ միջոցառումներ… նախատեսուած չեն, — ստում է նա,—   բացի անտառվերականգնման աշխատանքներից…»

Բացի «անտառվերականգնման աշխատանքներից», որոնց համար պետութեան գանձարանից յատկացուող հարիւրաւոր միլիոնները հոսելու են նախարարի եւ նրա շրջապատի գրպանները։ Այսպիսով, պետութեան գանձարանից անհետացող գումարները քօղարկւում են «օրինական» ծածկոցներով… Ի վերջոյ բանը բանից անցնելուց յետոյ էլ ո՞վ է հաշուելու «անռատվերականգնումի» ծախսերով «վերականգնուած» ծառերի թիւը… Եւ ո՞վ է խելքը կորցրել, որ ընկնի միլիոնների ետեւից… Մի առ ժամանակ յետոյ կը գայ նոր նախարար, որպէսզի նա եւս պետական գանձարանից դուրս քաշի լճերին ջուր տալու, կենդանիներին բազմացնելու եւ թռչունների համար յատուկ ճաշարաններ բանալու համար, որպէսզի այդ չուողները գոնէ մէկ­մէկ երեւան մեր երկրի թունաւորուած երկնքի մէջ… 

Շարունակենք տեսնել, թէ ուրիշ էլ ի՞նչ է քօղարկուած ծածկոցի տակ եւ փոքր ինչ աւելի բարձրացնենք փեշը։

Օհո՜… Ի՜նչ բարեբախտութիւն… Թեղուտը պահպանում է մարդու Արմենոիդ ցեղի՝ Հայի ցեղի կենսագրութիւնը, որ պատմա­մշակութային շերտի մէջ պահպանուած artefactum-ները՝ ձեռագործերն են, որոնք մշակութային արժէք ունեցող առարկաներն են։ Հէնց այդպիսի պատմական ձեռագործերն են, որ ապացուցում են ցեղի հոգեւոր կեանքի, հաւատալիքների, արուեստների ու կենցաղի իւրօրինակ ու անկրկնելի գոյութիւնը։

Ցեղի՝ շատ աւելի հեռաւոր անցեալից մեր օրերին հասնող էութեան ու գոյութեան ապացոյցը, որ ոչ ոք չի կարող քմահաճօրէն նենգափոխել, ինչպէս մեր օրերում փորձում են մեր դրացիներն ու ոխերիմ բարեկամները՝ «բոլոր հաւասարների մէջ ամէնից հաւասար» (Օրուէլ) աւագ ու յաւերժական եղբօր գլխաւորութեամբ։

Այստեղ էլ իր բեմելն է ունենում Մշակոյթի նախարարը՝ հայ մշակութային իրականութեան մէջ բոլորովին անյայտ մէկը, որին յանձնարարել են «ջնջելով հինը՝ կերտել նոր մշակոյթ» (παράφρασις Էժէն Պոտիէից)։

Հասմիկ Պողոսեանի բեմելը համազօր է թէ՛ նախագահի, թէ՛ վարչապետի, թէ՛ Բնապահպանութեան նախարարի բիւրոկրատական, ասել կ’ուզի՝  դիւանակալական լեզուով ելոյթներին։ Ոչ միայն ձեւով, այլ նաեւ պետութեան գանձարանը «կլպելու» համար «օրինաւոր» պատճառաբանութիւններով։

«Կառավարության համապատասխան որոշման հետ կար նաեւ Թեղուտի անտառներում ուսումնասիրությունների ժամանակացույց: Դուք գիտէք, որ այս ընթացքում մեր նախարարութիւնը տուել է տեղեկատուութիւն, թէ ինչ է կատարւում Թեղուտի տարածքում»,— յիշեցնում է նախարարը։ Եւ մեծահոգաբար հանգստացնում է հասարակութեան ընդվզող լայն շրջանակին.— Հաստատուել է Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը եւ ժամանակացոյցը»։

Այս անիմաստ ու անբացատրելի հայերէնից անտեղեակ հասարկութիւնը չի հասկանում, թէ «շահագործման ծրագրի ու ժամանակացոյցի» հաստատումի մասին լսելով պէտք է խանդավառուի՞, թէ գոնէ մի քիչ մտածի, թէ ինչ էր հայ մշակոյթի «գերագոյնի» միտքը։

Իսկ նա շարունակում է. «Միւս երկու օբեկտների` Խառատանոցի դամբարանադաշտի ու այստեղ պեղումներով բացայայտուած շինութեան հետագայ պահպանութեան խնդիրը կը քննարկուի հետազոտական աշխատանքների աւարտից յետոյ»:

Այս խոստումն էլ իր հերթին է բացայայտում, թէ որքա՜ն են շտապում, շա՜տ են շտապում ոչ միայն «շնաձկները», այլեւ նախագահական ու վարչապետական ոլորտները։ Նոյնիսկ հետազօտական աշխատանքները չաւարտած՝ նրանք արդէն Թեղուտը դատապարտել են խոշտանգումի եւ մահուան։

Բայց ամէնից ողբերգականը նաեւ հէնց իր՝ Մշակոյթի այս ձախաւէր նախարարի համար բացայայտել է լրագրողը, որի հարցին Հասմիկ Պողոսեանը պատասխանել է.

«Ես ինքս չեմ կարող բոլոր միաւորները ասել, բայց խոշոր միաւորներից ես կարող եմ առանձնացնել միայն Բովերի եկեղեցին, որի համար մշակոյթի նախարարութիւնը ներկայ պահին պատրաստում է կառավարութեան որոշում եկեղեցու տեղափոխման եւ համապատասխան քայլերի համար: Ըստ կարգի` դա պետք է տեղափոխուի, եւ արդէն իսկ Շնող գիւղում ձեռք ենք բերել հողամաս, որտեղ պետք է տեղափոխուի եկեղեցին»։

Ի դէպ, ուշադրութիւն դարձրէք, որ Մշակոյթի նախարարը հայերէն չգիտէ։

Բացի հայերէնից, նա բոլորովին անտեղեակ է, որ պատմա-մշակութային յուշարձանները, առաւել եւս եկեղեցիները չեն տեղափոխում։ Այս ամէնը իրենց արժէքը պահպանում են տեղւոյն վրայ։ Եւ տեղւոյն վրայ լինելով է, որ վկայում են Արմենոիդ Հայ ցեղի իրաւունքը իր նախապատմական ժամանակներից պատկան հողի վրայ։

Ես կարող եմ վստահեցնել, որ Մշակոյթի նախարարը ընդհանրապէս կաղում է գիտելիքների առումով, բայց որ գոնէ մտածելու ընդունակութիւն էլ չունի՝ դժուարանում էի պատկերացնել։ Բանից պարզւում է, որ նախարարի մտքի ծայրով իսկ չեն անցել Բովերի կամ որ բուն անունն է՝ Սեդուի եկեղեցու գաւիթի շիրիմները, որոնք նոյնպէս մեր ցեղի կենսագրութեան վկայութիւններն են։ Իսկ այդ շիրիմնե՞րը ինչ պէտք է լինեն…

Թեղուտի հանքավայրի տարածքի վրայ կան նաեւ շուրջ երկու տասնեակ յուշարձանախմբեր, որոնք դատապարտուած են ոչնչանալ իբրեւ հետեւանք բարբարոսական հանքարդյունաբերութեան։

Եկեղեցի տեղափոխելը նշանակում է կառոյցը քանդել եւ նորից շարել… Յուշարձանների պահպանութեան համար էլ, որոնց տեղերն ու անունները նախարարին անյայտ են, վիթխարի գումարներ են յատկացուելու այս դէպքում էլ արդէն Մշակոյթի նախարարի տնօրինութեանը։

Եւ նախարարը պոչաւորների շարքի հերթական անդամն է, այն «նոմենկլատուրային» շարքի, որոնք «իրար ձեռք լուանալով» իւրացնում են պետական գանձարանի գումարները նախագահական, կառավարական նախարարական որոշումներով։

Այն վիթխարի միջոցները, որ պէտք է ծառայէին ժողովրդի բարեկեցութեանը։ Գիւմրեցի եւ Սպիտակի տնաքանդուած բնակիչներին, ովքեր աւելի քան երկու տասնամեակ պատսպարուած են հայաստանեան bidonville-ների մէջ։ Պէտք է ծառայէին այս քսան տարիների ընթացքին երկրի տնտեսութեան վերականգնումին, արտադրութիւններ ու աշխատատեղեր ապահովելուն, գիտութեան, արուեստների, հոգեւոր եւ նիւթական մշակոյթին. ոլորտներ, որոնք գահավիժել են նոյնիսկ սովետական տարիների իրենց խարխլուած ու խեղճ, միշտ գաղափարական փորձանքների ենթարկուող ու վախից կծկուած մակարդակներից։

Վախեցած մի հասարակութիւն

Թեղուտի հետ կապուած այս ոճրագործութիւնը քայլ առ քայլ բացայայտում է բնակչութեան յուսահատ վիճակը, քանի որ նրանք արդէն ապրում են իրենց անպաշտպան վիճակը։ Հայաստանում մարդիկ եւ ոչ միայն մայրաքաղաքային «կենտրոնի» մէջ ապրողները վաղուց կորցրել են իրենց պատրանքները եւ դարձել են վախեցած մի բազմութիւն, որ նոյնիսկ կարող է հակառակել իր պաշտպաններին՝ դարձեալ վախից…

Այս վախը մարդկանց մէջ տեղաւորուեց ու հաստատուեց դեռեւս 1993-ին իբրեւ կազմակերպուած սովի, ցրտի ու խաւարի իրականութեան հետեւանք։

Բազմութիւնը, նոյնիսկ համեմատաբար բարեկեցիկ բնակիչները, որոնք նաեւ կարծես թէ արժանապատիւ աշխատանքի տէր են, սակայն շատ աւելի մօտից տեսնելով «վերեւի» ապիկարութիւնները, օրինականացուած ապօրինութիւնների դէմ ընդվզելու փոխարէն, ապրում են ստորացուած կեանքով։

Իշխանութեան եւ կառավարութեան «էլիտ»ից տարածուող արատները, որպիսիք են սրիկայութեան, մարդու ինքնասիրութիւնը նշաւակելու, կոպիտ կամ նրբաճապուկ բռնութեան ենթարկելու պաշտամունքները, ընդարմացած հայ հասարակութիւնը ԱՌԱՅԺՄ կարծէս հանդուրժում է…

Բայց դեռ որքա՞ն է հանդուրժելու…

Հայաստանի իշխանութիւնը հետեւողականօրէն, շարունակաբար ու անպատիժ ոտնահարում է իր իսկ Սահմանադրութիւնն ու Օրէնքի եւ Իրաւունքի հիմնական պատկերացումները՝ ժողովրդին մղելով զբաղուել ու գոհանալ միայն «հայրենասիրական» պարապ կարգախօսներով։

Եւ արդէն բացայայտ է որ նրբաճապուկ բռնութիւնը «անկախութեան» քսան տարիների ընթացքին այսօր յագեցած է նեղ­խմբակցական ու անձնական դրամագլուխներով, որոնց օգնութեամբ մսխւում է ոչ միայն մեր երկրի ընդերքի հարստութիւնը, աւերւում է ոչ միայն մեր բնութիւնը, կաշկանդուած են ոչ միայն մեր մարդկանց հնարաւորութիւնները, այլեւ պետական գանձարանն է կողոպտւում արտաքուստ «օրինական» ճամբաներով, բայց շահարկելով հասարակութեան ընդարմացած վիճակը, որպիսին յոյս ունեն, թէ դեռ երկար է շարունակուելու…

Ինչի՞ վրայ է այդ յոյսը…

Խեղճացուած, ստորացուած, իրաւազրկուած ժողովրդի բարոյալքումի ու վախի՞ վրայ…

Բայց գալիս է, արդէն եկել է երիտասարդութիւնը։

Ուրեմն, իրաւազանց իշխանութեան յոյսը ռուսական 102-րդ զօրախմբի վրայ՞յ է…

Փետրուար, 2012
Փարիզ

Առաջին լուսանկարը` հեղինակի Facebook-ի էջից

Մեկնաբանություններ (6)

Նուբար Ասլանյան
Ուղղում՝ վերը նշածս «նախաբանը»պիտի լիներ Նախագահ : Ներողություն եմ խնդրում անփութության համար(մատս թռել է):Հարգելի ԱԴՄԻՆ խնդրում եմ ուղղել:
Նուբար Ասլանյան
ՍԻՐՈՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՍԱԲԱՆ ՆԱԽԱՐԱՐ Հասմիկ Պողոսյանին: Նախարար եմ մշակույթի Գործ եմ անում այլ բնույթի Ես ինչ անեմ՝ կենսաբան եմ Մշակույթի մեջ անբան եմ: Հայրս «դզեց»գործերը իմ Որ գամ նստեմ էս աթոռին Ես էլ եկա ու նստեցի, Ու էս գործը շա՜տ սիրեցի: Առավոտից մինչ իրիկուն Սուրճ եմ խմում համով,կումկում Մտածում եմ ՝վաղն ինչ անեմ Չլնի հանկարծ համը հանեմ: Ու հարցնում եմ ես բոլորին Մոցարտն ով է,կամ թե Բախը Ինձ ասում են,- սուս կաց,տիկին Քո գործը չէ,առ քո հախը: Մի կողմ քաշվի,թող աշխատենք, Առանց էն էլ տեղից բան չենք, Նստիր տեղդ այ նախարար Սուս մնալդ շատ է հարմար: Է,ինչ անեմ,սուս եմ մնում Լավ մարդիկ կան,գործ են անում Թե որ գործը էսպես գնա Իմ ԱԹՈՌԸ պինդ կմնա... Ն.Ա.Հայֆա,Իսրայել,05.02.12.
Նուբար Ասլանյան
Պարոն Hovhannes:Նախ «վերնագիրդ»հայերեն գրել սովորիր,երկրորդ,եթե ժամանակին հայրդ դասալիք լիներ մորիցդ,դու չէիր ծնվի:Ափսոս:Դասալիք բառիդ վրա զգույշ եղիր,այսօր նրանց թիվը հասել է միլիոնի:Ես քեզ հասկանում եմ՝Էշին (իշխանություններին)չծեծողը փալանն է ծեծում:Տես՝ չծեծվես:
Նուբար Ասլանյան
Հարգելի Կարեն Ա.Սիմոնյան,փոքր ինչ սխալվում եք ասելով«Այդ աղէտի հեղինակը Մշակոյթի նախարարն է»:Ոչ սիրելիս,նա ընդհամենը կամակատար է,ՄԵՂԱՎՈՐԸ նրան «տեղավորողն»,(պրոտեկցիան)եւ օրինական հաստատողը՝ վարչափետ,կամ նախաբան,քանզի խեղճ տիկինը մեղավոր չէ՝կրթությունով ԿԵՆՍԱԲԱՆ է:
Hovhannes
Զարմանում եմ ձեզ վրա, որ այս ապազգային դասալիքին ու հինգկոպեկանոց գաղթական մուրացկանին Հայաստանի մասին դատողություններ անելու հնարավորություն եք տալիս:
Վեհարի
Հոդվածում նշված` ,, Հիւսիսային Հայաստանի մէջ 13 հեկտարանոց նախնադարեան դամբարանադաշտը,,` ինչպես երևում է Ձորագետ գետի ձախափնյակում, ,,Լոռէ Բերդ,, ամրոցից մինչև Ստեփանավանի կամուրջը գտնվող տարածքի մասին չէ խոսքը: Այս տարածքի ոչ թե 13, այլ հարյուրավոր հեկտարներով ձգվող նախնադարյան դամբարանադաշտի վրա, Մեծ Երկրաշարժից հետո, տարբեր շինություններ են կառուցվել: Պայթեցումներից հետո դամբարանների օդ բարձացած քարերի հետ գետնին թափվող բրոնզե արձանիկների կամ արտառոց խեցեղենի վրա չնայած ուսյալ շինարարները ուշադրություն չէին դարձնում, սակայն որտեղից որտեղ հայտնված լենինականցիների մի խումբ, վրաններ խփեց ուղիղ դամբարանադաշտում, և ոսկեփնտրիչ սարքերով զինված, ըստ լուրերի բավականին եկամտաբեր գործարարություն ձեռնարկեց: Երկրաշարժից հետո այդ օրերին, ոչ պակաս խանդավառությամբ էր գործում տեղական իշխանությունը: Նրանց հիմնական խնդիրն էր առանց աղմուկի, այսինքն պեղումներով զբաղվող `գիտաշխատող Սեդա Դեվեջյանի արշավախմբի մեկնումից անմիջապես հետո, քանդելուն պատրաստ սպասող գերհզոր բուլդոզերների միջոցով, հարթեցնել հազարամյակներ անց հողաբլուրների տեսք ձեռք բերած քարե դամբարանների հետքը, իսկ հետո, ոչ պաշտոնական աճուրդով, հողատարածքները նույն օրինականությամբ բաժանել տնաքանդվածներին: Չգիտեմ, միգուցե և մեր մամուլը անդրադարձել է ասենք շինարարական աղբը դամբարանադաշտերում կուտակելու խնդրին կամ նման հարցերին: Սակայն չեմ կարծում թե որևէ մեկը ի վիճակի է գնահատել դամբարանների ոչնչացման մաշտաբները, այն պարզ պատճառով, որ այս տարածքի դամբարանների մեծ մասը, ոչ մասնագետի աչքի համար աննկատ են: ԵՎ մյուս կողմից, խորհրդային ժամանակներում գոյություն չուներ այս տարածքի դամբարանների մեծ մասը որպես հուշարձան արձանագրելու, հետազոտելու պետական թույլտվություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter