HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Չկոտրվելու և ընտանիք վերադառնալու համար դատապարտյալը որոշել է ակտիվ ստեղծագործել 

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի գրադարանում հնչում էր երաժշտություն, իսկ ներսում դատապարտյալներից մի քանիսը ստեղծագործում էին: Մեկը նկարում էր, մյուսը՝ ապակու վրա փորագրած պատկերները տեղավորում: Պատրաստվում են ցուցահանդեսի, և յուրաքանչյուրը ջանում է հնարավորինս լավ ներկայանալ:

Հրանտ Սարգսյանը «Վարդաշեն»-ի ստեղծագործող դատապարտյալներից է: «Հետքի» հետ զրույցում պատմեց, որ ստեղծագործում է արդեն 12-13 տարի: Զինված ուժերում ծառայելու ընթացքում մեկ անգամ տեսել է, թե ընկերն ինչպես է ապակու վրա փորագրում: Ստեղծագործելու այդ եղանակը հոգեհարազատ է դարձել և որոշել է ինքն էլ փորձել:

 «Ծառայությունս ավարտելուց հետո փորձեցի ինքնուրույն ստեղծագործել, և ստացվում էր ինձ մոտ: Դրանից հետո, որ հայտնվեցի կալանավայրում, ավելի մասշտաբային դարձրի իմ գործը, քանի որ այստեղ ժամանակի խնդիր չկա»,- ասում է Հրանտ Սարգսյանը:

Նրա ստեղծագործությունների մեծ մասը վերաբերում է սրբերին: Ասում է, որ սրբապատկերներ փորագրելիս ֆիզիկապես և հոգեպես հանգստանում է, խաղաղվում է հոգեկան աշխարհը: Սրբապատկերներից հետո, գայլի գլուխ է փորագրում ապակու վրա: Գայլն իր ամենասիրած կենդանին է:

«Նախընտրում եմ մենակ աշխատել՝ լռության մեջ, որպեսզի կարողանամ հոգի ներդնել իմ աշխատանքի մեջ»,- նշում է Հրանտը:

Նա անկեղծացավ, որ ստեղծագործելու ժամանակ մտածում է ընտանիքի և երեխաների մասին: Հրանտն ասում է, ստեղծագործության միջոցով փորձում է «մաքրվել» մեղքերից, վերագնահատել իր արժեքները, նախկին վարքը: Հենց այդ հարցում իրեն շատ է օգնում սրբապատկերներ փորագրելը:

Հրանտի ամենասիրած գործերից է 10 պատվիրանների փորագրությունը: Ցուցահանդեսից հետո այն փակցնելու է քրեակատարողական հիմնարկի մատուռում: Դրանից հետո հույս ունի պայմանագրային հարաբերություններ ստեղծել և աշխատանքները վաճառել: Հրանտն այնքան է սիրել իր գործը, որ նպատակ ունի ազատության մեջ ևս շարունակել, ավելի զարգացնել:

Հրանտը պատմում է, որ առաջին անգամ դատապարտվողի համար անսովոր է քրեակատարողական հիմնարկի միջավայրը, իսկ հարմարվելու համար պետք է պարզապես զբաղվել, ազատ ժամանակը լրացնել: Ստեղծագործելը նրան շատ է օգնել: Ցանկանում է, որ քրեակատարողական հիմնարկներում ավելանան ստեղծագործողները, դրանով կփոխվի նաև միջավայրը: Այս ընթացքում փորձել է նոր շրջապատ ձեռք բերել ու իր պահվածքով արժանանալ, թե՛ դատապարտյալների, թե՛ վարչակազմի հարգանքին:

«Երկու երեխա ունեմ, զուտ մտածել եմ իմ երեխաների մասին, որ չկոտրվեմ, ողջառողջ հասնեմ տուն ու գտնվեմ երեխաներիս, ընտանիքիս կողքին»,- նշում է Հրանտը:

 

Տեսանյութը և լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter