HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավետիք Իշխանյան

Հայհոյաստան ասելիս․․․

Փողոցով քայլում ես, կողքիցդ հեռախոսներն ականջներին դրած` տարբեր տարիքի տղամարդիկ են անցնում․ «․․․հա, ցավդ տանեմ, ինձի յա էտի պետք։ Հա, էդ ․․․ի տղուն ասա, որ որդե բռնել եմ մաման ․․․, հա կյանքիդ մեռնեմ» և այլն։ Երբեմն նույնպես տարբեր  տարիքի կանայք են անցնում՝ հեռախոսներն ականջներին․ « ․․․խի՞, աղջի էտի խի՞ ա ըտենց անում, էդ լիրբը, էսի էլ թազա նորություն ա՞․․․»։ Նստում ես տաքսի։ Որպես կանոն, ռադիոն միացած է, երբեմն լսվում են լուրեր, բայց հիմնականում կլկլացող, սրտաճմլիկ, դարդիման ռաբիս՝ «սեեերըըըս, կյանքըըըըըս, յաարրսս» և այլն։ Վարորդների գերակշիռ մասը մեքենան վարելուց, փողոցների փոսերից, այլ մեքենաներից իր մեքենան «փախցնելու»  ընթացքում «արտահայտվում» է․ «արա, այ ոչխար․․․անասուն, ես քու ծնողի․․․մորդ էն․․․» և այլ մտքի գոհարներ։ Լսել ես և լսում ես ԱԺ տարբեր տարիների պատգամավորներին․ «․․․Ծնոտդ կպոկեմ․․․, արա նստի տեղդ, չաթլախ, ․․․-ի տիրու մերը, բոմժ, չխաբնվեք » և այլն։ Մտնում ես «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը, որը կարծում եմ լավագույնս է արտահայտում հասարակության մակարդակը, կարդում ծանոթ, անծանոթ, կարկառուն վերլուծաբանների, քաղաքագետների, փորձագետների, քաղաքական, հասարակական գործիչների գրառումներ․ « լածիրակ, եթիմ, պոռնիկ, տականք, վիժվածք, գյալմա ․․» և այլն՝ բոլորդ էլ գիտեք, այլ մեջբերումների կարիք չկա։

Վերջերս կարդացի, որ դեռևս 15-րդ դարում պրուսացի ազգագրագետ Հանս Մյուլլերն ուսումնասիրել է արևելյան մի շարք լեզուներ և նրան ապշեցրել է հայերեն խոսակցականում բազմաթիվ հայհոյանքների առկայությունը։ Մյուլլերը պարզել է, որ երբ երկու և ավելի հայեր հանդիպում են, իրենք նման հանդիպումներն անվանում են հայ-հայ, այսինքն՝ ավելի քան մեկ հայ և սկսում իրար հայհոյել։ Հետագայում «հայ-հայ»-ը փոխվել դարձել է՝ «հայ-հույ», հետո՝ «հայ-հոյ» որից էլ հենց առաջացել է «հայհոյանք» բառը։ Այսինքն հպարտորեն կարող ենք ասել, որ «հայհոյանք» բառի արմատը «հայ»-ն է, այսինքն  մեր ինքնությունը։ Ուստի և, ոչ թե պետք է պայքարել այդ երևույթի դեմ, այլ զարգացնել, հարստացնել նոր առավել հնչուն, հյութեղ հայհոյաբառերով, և ինչպես դարերի ընթացքում, հարևան ժողովուրդներից վերցնել նրանց լավագույն հայհոյանքները (սիկտիր, դոլբայոբ, բլյա, գ․․․թ և այլն), հարստացնելով մեր բազմադարյա մշակույթը։ Հայհոյանքի համար Հայաստանի հայհոյող, հպարտ քաղաքացին չպետք է կրի որևէ բարոյական, վարչական, քրեական պատասխանատվություն։ Հայհոյանքի՝ որպես ազգային արժեքի դասավանդումը, պետք է սկսել նախադպրոցական տարիքից, իսկ դպրոցում այն դարձնել պարտադիր առարկա։ ՀՀ ԳԱ Լեզվի ինստիտուտում, ինչպես նաև Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում բացել հայհոյանքի բաժին և ամբիոն։ ՀՀ Ազգային ժողովում հիմնադրել Հայհոյանքի մշտական  հանձնաժողով, Հայհոյանքի նախարարություն, ներեցեք վարչապետին կից Հայհոյանքի Ազգային ծառայություն (ՀԱԾ)։ ՀՀ Նախագահը պարտավոր է  սահմանել նոր՝ Նախագահի ամենամյա «Հայհոյանքի մրցանակ»։

Հայաստանում ամեն տարի անցկացնել «Ոսկե հայհոյանք», կամ «Հայհոյաֆոնիա» միջազգային մրցույթ-փառատոն, որը կդառնա նոր Հայաստանի բրենդը, Հայաստանին կբերի միջազգային լայն ճանաչում, նոր բարեկամների ձեռքբերումներ։ Հասնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայհոյանքի հայկական մշակութային ժառանգության ճանաչման։

Եվ վերջապես, սպասվելիք սահմանադրական փոփոխությունների ժամանակ «Հայաստանի Հանրապետություն» բառերը փոխարինել․ «Հայհոյաստանի Հանրապետություն» բառերով։

Ժամանակի ընթացքում լեզվի և գրականության ինստիտուտները կխմբագրեն ողջ հայ գրականությունը և հայ գրականության մեջ նույնպես «Հայաստան»-ը կփոխարինեն «Հայհոյաստան»-ով, օրինակ՝ Չարենցի «Ես իմ անուշ Հայհոյաստանի․․․»։

Մեկնաբանություններ (3)

Դավիթ Հարությունյան
Ողջույն հարգելի Պարոն Իշխանյան միշտ էլ հաճույքով եմ ընթերցել ու ընթերցում ձեր հոդվածները, Անշուշտ բավականին բարդ է խնդիրը և ոչ միայն Հայաստանում։ ինչ վերաբերում է սոցիալական ցանցերում կատարված գրառումներին որոշակի իմաստով հասկանում եմ դրանց առնվազն մի մասի օբիեքտիվությանը բացատրեմ ինչու՞ երբ լսում ես , որ օրինակ այն տեղեկությունները որոնք բացահայտում են նախկին իշխանությունների կատարածների մասին միայն այն տարակուսելի ու հռետորական հարցը թե ինչ է արել մեր երկիրը իրե՞նց, ինչ վատություն է արել որ այսպես անխնա թալանել կամ վատնել են այն։ այլ կերպ ասած քերել կերել են ու դեռ իրենց իրավունք են վերապահում հիմնականում մանիպուլյատիվ ձևերով քննադատել ներկայիս իշխանություններին, ամեն կերպ փորձելով սևացնել նրանց գործողությունները։ Ճիշտ է հայհոյելու սովորություն չունեմ, սակայն հաճախ չեմ արձագանքում շատ հոդվածների որովհետև արձագանքս հայհոյանքից զատ ուրիշ բան չի գալիս ։։ Ինչ վերաբերում է առօրյա Հայհոյանքներին ասեմ իմ տեսակետը, արդեն մոտ ինը տարի ապրում եմ հայաստանից դուրս, որից մոտ վեցը՝ Ֆրանսիայում ու կասեմ հետևյալը, Այստեղ իսկապես սարսափելի է Հայհոյում են ամեն ուր , հայհոյում են փողոցում, հայհոյում են դպրոցում , հայհոյում են կանայք , հայհոյում են աղջիկները , հայհոյանքով են խոսում հաճախ մայրերը իրենց երեխաների հետ խոսելիս, տեսել եմ նաև , թե ինչպես է մայր հայհոյում երիտասարդ աղջիկը երիտասարդ տղային հասարակական տրանսպորտում, մի խոսքով կարող եմ պնդել, որ եթե մենք հայհոյանքի լայն տեսականի ու մեծ ընտրություն ունենք, ապա Ֆրանսիացիները վստահաբար լայն օգտագործման տեսանկյունից հայհոյելու աշխարհի չեմպյոն կարող են համարվել։
Լիանա Խառատյան
Այո, հայերենը չափազանց աղտոտված է հայհոյանքով ու զազրախոսությամբ, որ մարդկանց մի մեծ խմբի ականջը ոչ մի կերպ չի ընդունում ու չի վարժվում դրան, այդ թվում՝ ես։ Դա մեջ պատիվ չի բերում, ազդում է մեր երեխաների դաստիարակության ու մտածելակերպի վրա։ Հեղինակը ճիշտ է արել, որ խոսում է այս մասին։ Հարցին լուծման ձևեր է պետք գտնել։ Սկսել, բարձր ամբիոններից հայհոյելն արգելելուց դրա համար սահմանելով պատիժ, օրինակ՝ ԱԺ-ականներին հայհոյական բառեր, արտահայտություններ օգտագործելու համար զրկել մանդատից, աշխատել դպրոցներում, մի խոսքով՝ վերից վար բոլոր մակարդակներում։
Gayane
Չեմ հասկանում, թե ինչ հաճույք եք ստանում հայ ազգն ու լեզուն փնովելուց : Բոլոր լեզուներում էլ կան հայհոյանքներ; Գերմաներեն հաստատ ավելի հարուստ է հայհոյանքներով, քան հայերենը, մեր սիրելի ռուսաց լեզվի մասին էլ չեմ ասում: Հանս Մյուլլերի մասին չեմ լսել, բայց Բայրոնն , ասում են, շատ էր հավանում հայոց լեզուն :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter