HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փախստականներ եւ ներքին տեղահանվածներ. 19 տարի անց

«Ռեգիոն» կենտրոն

Փախստականները որպես գործոն, բողոքավոր խավ ներքաղաքական եւ ղարաբաղյան կարգավորման բնագավառներում. հիմնականում այս տեսանկյունից են հայ եւ ադրբեջանցի քաղաքագետները մեկնաբանում անցած 19 տարիների ընթացքում փախստականների հետ տեղի ունեցած փոխակերպումները:

Քաղաքագետներ Մանվել Սարգսյանը եւ Էլդար Նամազովն այս շարքի մեր վերջին զրուցակիցներն են: Հարցումների բոլոր արդյունքները հաջորդ երկուշաբթի կներկայացվեն վերլուծաբանների համեմատական մեկնաբանություններում:
 
«Պետք է գտնել թշնամանքի հիմնաքարերը»

Հարցազրույց քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ

Ի՞նչ տեղ են զբաղեցնում փախստականները երկրի հասարակական-քաղաքական կյանքում:

Խնդրի նկատմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի մոտեցումները նույնը չէին: Հետեւաբար, տարբեր էր նաեւ փախստականների գործոնի ազդեցությունը տվյալ պետությունների հասարակական-քաղաքական կյանքում: Մեզ մոտ փախստականների հարցը որպես քաղաքական խնդիր չձեւավորվեց, նույնիսկ այն քաղաքականացնելու փորձեր էլ չեղան, ձգտում կար, որպեսզի մարդիկ բնակարանները փոխանակեն երկրից հեռացող ադրբեջանցիների հետ: Այս առումով որոշակի հատվածի խնդիրները մասնակի լուծվեցին:

Մի մասի համար էլ ստեղծվեցին նվազագույն պայմաններ, որոշներն իրենք իրենց հարցերն ինչ-որ ձեւով լուծեցին` կարծես տարրալուծվելով հասարակության մեջ: Շատ փախստականներ տեղավորվեցին գյուղական բնակավայրերում` քաղաքական թոհուբոհից, զարգացած սոցիալական համակարգից հեռու: Եվ սա է պատճառը նաեւ, որ համաժողովրդական մակարդակով չընկալվեցին ռեալության մեջ գոյություն ունեցող խնդիրները:

Բայց ամենացավալին այն է, որ փախստականների կեսից ավելին, զրկված լինելով ամեն ինչից, երկրից ուղղակի հեռացավ: Այդ մարդիկ, բնական է, որպես գործոն վերացան: Այսինքն` փախստականների հետ ծագած խնդիրները ժամանակի ընթացքում թուլացան:

Ադրբեջանում այլ էր: Այստեղ փախստականների խնդիրն իշխանությունների կողմից ի սկզբանե քաղաքականացվեց: Շրջաններում ստեղծվեցին հատուկ ճամբարներ, որտեղ տարիներ շարունակ շատ վատ պայմաններում ապրում էին հարյուր հազարավոր փախստականներ: Նպատակը մեկն էր` խնդիրը շահարկել ղարաբաղյան կարգավորման դիվանագիտության մեջ:

Մյուս կողմից, ներքաղաքական կյանքում հարցն անընդհատ թեժ պահելու միտումով` երկրի բնակչությունը տեղեկատվական հզոր ճնշման տակ էր: Սակայն անցյալ տարվանից Ադրբեջանը, կա՛մ հուսահատվելով տվյալ քաղաքականությունից, կա՛մ էլ ընդամենը եվրոպական կառույցների ճնշումներին ենթարկվելով, սկսեց ցրել այդ ճամբարները եւ խնդիրը կարգավորել:

Դասո՞ւմ եք, արդյոք, փախստականներին հասարակության բողոքավոր խավին, ընտրազանգվածին, ինչի՞ հետ է դա կապված, ներքաղաքական իրավիճակի՞, թե՞ ղարաբաղյան հակամարտության:


Փախստականներն աշխարհին նայում են իրենց սոցիալական վիճակից ելնելով: Նրանք կարող է երկրից շատ դժգոհ են, իշխանությանը չեն ուզում, բայց ռիսկի չեն գնում, հեռու են մնում քաղաքականությունից, որպեսզի չկորցնեն այն նվազագույնը, որ ստացել են, թեկուզ եւ` ունեցած տանիքից: Ուրիշ բան է, որ նրանք այդ պասիվության շնորհիվ, իրենց կամքից անկախ, դառնում են իշխանական ռեսուրս` մեծ ազդեցություն ունենալով քաղաքական գործընթացների վրա: Իսկ այն փախստականներին, որոնք ձուլվել են նոր իրավիճակի մեջ եւ նոր հնարավորություններ են ստացել, փախստական կոչել պետք չէ: Այդ մարդիկ երբեք ստեղծված քաղաքական իրավիճակին դեմ չեն գնա: Ուստի, փախստականներին որպես բողոքական զանգված, առավել եւս` ընտրազանգված, դիտարկելը ճիշտ չէ:

Բնակչության այս շերտին կարելի՞ է համարել գործոն բանակցային գործընթացում, ինչպիսի՞ ազդեցություն է այն ունենում գործընթացի վրա:


Արցախը փորձելով բնութագրել որպես երկու համայնքների տարածք` ադրբեջանցիները կարողացան միջազգային փաստաթղթերում ձեւակերպել Ղարաբաղի ադրբեջանական համայնքի իրավունքները: Եթե Մինսկի խմբի համանախագահներն այցելում են Ղարաբաղ, ապա գնալով Բաքու` նրանք անպայման հանդիպում են նաեւ Ղարաբաղի ադրբեջանցիների ներկայացուցիչներին: Սա զուտ քաղաքական ֆորմուլա է, եւ Ադրբեջանը կարողացավ ձեւավորել այն, թեեւ դրա տակ ո՛չ բնակչություն կա, ո՛չ կազմակերպվածություն:

1994 թ., երբ Մոսկվայում Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Հայաստանի ստորագրություններով կնքվեց զինադադարի պայմանագիրը, փորձ արվեց առանձին տողով անդրադառնալ բոլոր կողմերի փախստականներին, որպեսզի նրանք մասնակցեին բանակցություններին: Չստացվեց, Ադրբեջանը հայտարարեց, որ կդադարեցնի բանակցությունները, եթե ներկայացուցչական ֆորմատի մեջ փոփոխություն մտցվի: Հետագայում եւս տարբեր երկրների կողմից մասնակցության ֆորմատի մեջ փոփոխություններ մտցնելու փորձեր եղել են, բայց ամեն ինչ մնացել է նույնը: Ուստի, մեզ մոտ բնակչության այս շերտը բացարձակ ազդեցություն չունի բանակցային գործընթացի վրա:

Հակամարտ կողմերի միջեւ վստահության ձեւավորման գործում փախստականների վերադարձի հարցը հիմնական համարո՞ւմ եք:

Հայերն ու ադրբեջանցիներն իրենց տարածքներից դուրս միմյանց հետ շատ նորմալ հարաբերվում են, համատեղ բիզնես են անում, նրանք որեւէ պրոբլեմ չունեն: Մանավանդ, եթե երկու կողմից էլ փախստականներ են, նրանք իրենց զգում են նույն կարգավիճակում եւ շատ հարազատ: Չի կարելի ասել, որ հայի եւ ադրբեջանցու միջեւ անձնավորված թշնամություն կա: Խնդիրը քաղաքական անհամաձայնությունն է: Իսկ առանց այդ համաձայնության փախստականների վերադարձը հնարավոր չէ: Համաշխարհային պրակտիկան դա է փաստում: Եթե վաղը Ղարաբաղը կամ Ադրբեջանը սահմանը բացեն, չեմ կարծում, որ որեւէ փախստական վերադառնա: Նա երբեք չի գնա մի տարածք, որտեղ երաշխիքներ չկան իր ապագայի եւ անվտանգության համար: Որեւէ մեկն իր ձգտումների կամ իղձերի պատճառով իր երեխայի կյանքը ռիսկի չի ենթարկի:

Ձեր կարծիքով, ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել փախստականների իրական վերադարձի համար, բացի այդ մասին կնքված փաստաթղթերից:


Անհրաժեշտ է փոխել հակամարտության շուրջ ձեւավորված մթնոլորտը: Կողմերը պետք է գնան երկխոսության եւ գտնեն թշնամանքի հիմնաքարերը. որտեղի՞ց են գալիս պատկերացումների, ընկալումների տարբերությունները: Այս դեպքում մարդիկ քայլ առ քայլ կընդունեն իրենց կատարած հանցագործությունները եւ կգան խորքային համաձայնության: Նման ձեւով են կոնֆլիկտը հարթել Չեխիան եւ Սլովակիան: Սա աշխարհում լուծման ամենահզոր ձեւն է: Բայց Ադրբեջանն այսօր Ղարաբաղի հետ երկխոսության չի գնում:

Շատերը հայերին եւ ադրբեջանցիներին առաջարկում են հարցը լուծել մի այլ, սովորականից տարբերվող, երրորդ գաղափարի միջոցով: Դա պետք է լինի մի հզորագույն գաղափար, որի շուրջ կողմերն իսկապես կհամախմբվեն: Սա խորքային համաձայնության գալու ամենակարճ ճանապարհն է: Բայց չի կարելի ասել, որ այն միակ տարբերակն է: Կա նաեւ երկրորդը, ինչն էլ ընտրել են Հայաստանն ու Ադրբեջանը: Հարցը գցել են միջազգային հանրության ձեռքը: Աշխարհի կոնֆլիկտների 99 տոկոսն այս կերպ է լուծվել: Այսինքն` ուրիշների գործոնն է սկսում ձեւավորել սեփական դիրքորոշում: Կողմերը ստիպողաբար ստորագրում են միջազգային հանրության ներկայացրած փաստաթուղթը: Դրանից հետո մարդիկ կամաց-կամաց սկսում են հարաբերվել:

Հարցազրույցը՝ Արարատ Դավթյանի

Նյութերը  պատրաստվել են բրիտանական «Հաշտեցման ռեսուրսներե (Conciliation resources) կազմակերպության աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում: Նյութերում արտահայտված մտքերը հեղինակներինն են եւ կարող են չհամընկնել խմբագրության կարծիքների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter