HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային քննարկում՝ անցումային արդարադատության և իրավունքների մասին

«Բոլորի համար տեսանելի է, թե որքան կարևոր է դատաիրավական համակարգի բարեփոխումների ընթացակարգը: Դատավորների վեթինգի իրականացման գործընթացներում մենք փորձում ենք բոլորի հետ երկխոսություններ վարել, մասնավորապես՝ քաղհասարակության և Կառավարության հետ»,- անցումային արդարադատության համատեքստում խոշտանգումների զոհերի իրավունքների վերականգնման մեխանիզմները թեմայով հանրային քննարկմանն ասաց ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սերանոն։

Ըստ նրա` կարևոր է, որ գործընթացն իրականացվի միջազգային չափանիշներին համաձայն: Մարդու իրավունքի վերաբերյալ ԵՄ ներկայացուցիչը կարևորեց քաղհասարակության կողմից կատարվող գործընթացը:

Մարդու իրավունքի պաշտպան Արման Թաթոյանը խոսեց փակ հաստատություններում, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկում առաջացած խնդիրների մասին, նշեց, որ մի մասն օրենսդրական խնդիրներ են, մի մասն ուշադրության պակասի հետևանքներ են, որոնք լուծում ստանալու համար ժամանակ են պահանջում:

«Մեր ՔԿՀ-ները պահպանում են պատժիչ բնույթը, այլ ոչ թե վերականգնողական արդարադատության համակարգին բնորոշ հատկանիշները: Սա խնդրահարույց է, մի շարք հարցեր կան, որոնք այս համակարգում արմատավորված չեն: ՔԿՀ-ում չկա անհատական մոտեցում ազատությունից զրկված մարդու նկատմամբ, չի իրականացվում վարքագծի ռիսկային գնահատում»,- նշեց Արման Թաթոյանը` պնդելով, որ պետք է յուրաքանչյուր որոշում կատարելիս ապահովվի տվյալ մարդու մասնակցությունը, որոնք վերաբերում են իրեն, և կանխատեսելի դառնա այն ճանապարը, որով մարդն անցնի և ազատ արձակվի. «նրա համար պարզ պետք է լինի, թե ինչ ճանապարհ պետք է անցնի և ինչ վարքագիծ ձևավորի ՔԿՀ-ում»,- հավելեց ՄԻՊ-ը:

Պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու ինստիտուտի վերաբերյալ Թաթոյանը նշեց, որ անընդհատ քննադատություններ են հնչում, թե որևէ աշխատանք չի կատարվում, որով կնախապատրաստվի անձին ՔԿՀ-ից ազատ արձակելը. «Վերջում ասում ենք` ներողություն, դուք պատրաստ չեք ազատ արձակվել, հարց է առաջանում` ինչո՞ւ պետք է մարդը զրկանքներ կրի, ինչ է թե պետությունը բավարար ջանքեր չի գործադրել՝ իրեն պատրաստելու ազատության, և հիմա էլ մենք պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ժամանակ մերժում ենք նրան»։

Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման չգործելու վերաբերյալ Թաթոյանը նշեց՝ համակարգի չգործելու պատճառով է, որ հանգեցնում են հանցագործության աճի, որից հետո` համաներման. «Մեր հասարակության մեջ չկա պատկերացում, թե համաներման նպատակը որն է. նպատակն այն չէ, որ լցնենք ՔԿՀ-երը և վերջում սպասենք, թե երբ է լինելու համաներում, սա պետք է լինի բնականոն պրոցես, և մարդիկ կարողանան ազատ արձակվել»:

ՔԿՀ-ի բուժսպասարկման վերաբերյալ առաջացած խնդիրների մասին Թաթոյանն արձանագրեց, որ իրենց զեկույցներում առկա են դեպքեր, երբ հայտնաբերվել են ժամկետանց դեղեր, չի իրականացվում դեղերի հաշվառում. «թե ինչ դեղեր կան դատապարտյալների մոտ, կարող ես մտնել խուց և հայտնաբերել խրձով դեղ, ՔԿՀ-ի ծառայակիցները չգիտեն, թե ինչի համար են դեղերը, այստեղ պետք է վերահսկողություն: Մենք չունենք բժիշկների վերապատրաստման պատշաճ մեխանիզմներ»:

Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանն անդրադարձավ անցումային արդարադատությանը՝ նշելով, որ անցումային արդարադատությունից հետո կարևոր է անցում կատարել դեպի վերականգնողական արդարադատության համակարգ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը խոսեց խոշտանգումերից և նշեց, որ ոլորտում առկա են լրջագույն խնդիրներ, ասաց, որ Քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածով (խոշտանգում) քննվել է 113 գործ, որից միայն 2-ն է ուղարկվել դատարան, 84 գործ կարճվել է, 7 գործ կասեցվել է, նախաքննությունը շարունակվել է միայն 9 գործով։ «Սա նշանակում է, որ Քր. օրենսգրքի 309.1-րդ հոդվածը չի ծառայում իր նպատակին»,- ասաց Սիմոնյանը: Հավելեց՝ պարտադիր չէ, որ խոշտանգումը լինի ծեծի, բռնության տեսքով, այն կարող է լինել նաև օրինակ բժշկական ծառայություններից չօգտվելու պատճառով:

Սիմոնյանը տեղեկացրեց, որ ՄԻՊ-ը բազմաթիվ բողոքներ է ստացել ՔԿՀ-ում պատշաճ բուժօգնություն չիրականացվելու վերաբերյալ. «Օրինակ բժիշկը նշանակել է դեղորայք, սակայն հիմնարկը չի ունեցել այն, չի տրամադրել անձին։ Այդ դեղորայքից անձը զրկված է եղել տևական ժամանակ։ Եվ արդյունքում՝ անձը դատարանում վիճարկել է ՔԿՀ-ի և պետության անգործությունը, որի արդյունքում իր առողջությանը պատճառվել է վնաս»,- նշեց ՄԻՊ ներկայացուցիչը:

Միջոցառումն իրականացնում են Հանրային լրագրության ակումբը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի, Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոնի (GCRT) հետ համատեղ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter