
ԿԳՄՍ նախարարության թափուր աշխատատեղերը կհրապարակվեն staff.am-ում
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և staff.am պորտալն այսուհետ կհամագործակցեն մարդկային ռեսուրսների հավաքագրման ոլորտում` հաշվի առնելով քաղաքացիների լայն շրջանակների իրազեկվածության անհրաժեշտությունը ոլորտում առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ։ Այս մասին գրված է նախարարության կայքում:
Այդ նպատակով այսօր ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի գլխավոր քարտուղարի լիազորություններն իրականացնող Սամվել Մուրադյանն ու staff.am պորտալի ներկայացուցիչ Նազելի Բադալյանն ստորագրել են համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է նախարարությունում և վերջինիս ենթակա մարմիններում առկա թափուր պաշտոնների հայտարարությունները հրապարակել staff.am հարթակում:
Կարևորելով նախաձեռնությունը` գլխավոր քարտուղարի լիազորությունները կատարող Ս. Մուրադյանը նշել է, որ այս հուշագիրը մեծ քայլ առաջ է մրցունակ և արհեստավարժ մասնագետներին պետական համակարգում ներգրավելու առումով։ Staff.am-ի ներկայացուցիչ Նազելի Բադալյանն էլ, իր հերթին, ընդգծել է, որ պորտալի նպատակն աշխատաշուկայի զարգացմանը նպաստելն է, և իրենք միշտ բաց են պետության հետ համագործակցության հարցում:
Համագործակցության շրջանակում staff.am ընկերությունը ապահովում է նախարարության տրամադրած թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտարարությունների և մրցույթների պատշաճ տարածումը և հասարակության լայն շրջանակների իրազեկումը` անվճար հիմունքներով:
Մեկնաբանել