
Նվազագույն աշխատավարձի չափը 68 000 դրամ դարձնել. Կառավարությունը հավանության արժանացրեց նախագիծը
Կառավարությունը հավանության արժանացրեց նվազագույն աշխատավարձի չափը 68000 դրամ դարձնելու առաջարկը: Նվազագույն աշխատավարձը բարձրացնելու նախագիծ ներկայացրել էին ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Վարազդատ Կարապետյանը: Սակայն պատգամավորները առաջարկում էին նվազագույն աշխատավարձի չափը 63000 դրամ սահմանել:
Նշենք, որ գործող օրենքով նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամ է:
Պատգամավորները նվազագույն աշխատավարձը բարձրացնելու նախագիծը հիմնավորել են այն հանգամանքով, որ այժմ առկա նվազագույն աշխատավարձի չափը չի լուծում աշխատողների սոցիալական բոլոր խնդիրները և որ շատ դեպքերում համարժեք չէ աշխատողի կողմից ներդրված ջանքերին: Պատգամավորները ընդգծել էին, որ ներկայիս նվազագույն աշխատավարձի չափը չի համապատասխանում նաեւ Հայաստանում հաշվարկված սպառողական զամբյուղին եւ սպառողական գների ինդեքսի աճին: «Այսպիսով, ստանալով 55000 դրամ աշխատավարձ, քաղաքացին ի զորու չէ հոգալ իր ամենապարզունակ կարիքները: Իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ շատ դեպքերում ընտանիքի անդամներից աշխատանք ունի միայն մեկը, առաջ է գալիս գոյատեւելու խնդիրը»,- հայտնել էին նրանք:
Կառավարության նիստին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը ներկաներին հայտնեց, որ մինչ այս նախագիծը, դեռ երեք ամիս առաջ իրենք պատվիրակել են մի քանի ուսումնասիրություններ՝ նվազագույն աշխատավարձի սոցիալ-տնտեսական օրինաչափ մեծությունը գնահատելու վերաբերյալ: Ուսումնասիրությունների արդյունքով ընտրվել է նվազագույն աշխատավարձ սահմանել 68 հազար դրամ շեմը:
«Առաջարկում ենք, որպեսզի նախագծին ոչ թե 63 000 դրամով դրական կարծիք տանք, այլ 68 000 դրամով»,- նշեց Գասպարյանը:
Նախագիծը արդեն կքննարկվի Ազգային ժողովում:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել