HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանն էժան վիսկի է արտահանում. 2018-ին արտահանումը կրճատվել է

Վերջին տարիներին Հայաստանում ոչ մեծ ծավալի վիսկի է արտադրվում, որի մի մասը սպառվում է տեղում, մի մասն՝ արտահանվում։ Թե ինչ որակ ունի հայկական վիսկին, կարող են ասել մասնագետները, բայց փաստ է, որ այն մի քանի անգամ ավելի էժան է, քան ներմուծվողը։

2018 թվականին Հայաստանից 333 հազ. լիտր վիսկի է արտահանվել` նախորդ տարվա 520 հազ. լիտրի դիմաց։ Ինչպես ցույց են տալիս Պետական եկամուտների կողմից «Հետք»-ին տրամադրած տվյալները, 2018 թվականին արտահանված վիսկիի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է մոտ 1.1 մլն դոլար։ Այդպիսով ստացվում է, որ արտահանվող մեկ լիտր հայկական վիսկիի արժեքը կազմել է մոտ 3.3 դոլար կամ 1580 դրամ (2018 թվականի միջին փոխարժեքով):

Ի տարբերություն մյուս ալկոհոլային խմիչքների՝ կոնյակի, գինու, օղու ու գարեջրի, հայկական վիսկիի արտադրության ու արտահանման ծավալները բավականին փոքր են։ Վիսկին ալկոհոլային խմիչքների վիճակագրության մեջ առանձին տողով հայտնվեց 2015 թվականից։ Այդ տարի հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված ընկերությունը սկսել է վիսկի արտադրել ու արտահանել։

Ըստ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ)՝ 2018 թվականին Հայաստանում արտադրվել է 806 հազ. լիտր վիսկի, որը 2017 թվականի համեմատ նվազել է 23.3 %-ով։ Համեմատության համար նշենք, որ նույն տարում Հայաստանում արտադրվել է 30 մլն լիտր կոնյակ, մոտ 8.8 մլն լիտր գինի և այլն։

Վերջին տարիներին ամենաշատ վիսկին արտադրվել է 2016 թվականին՝ 1.4 մլն լիտր։ Արտահանման ամենամեծ ծավալը ևս գրանցվել է այդ տարի։

Այս տարի ևս վիսկիի արտադրությունը կրճատվել է։ Վերջին տվյալներով՝ 2019թ. հունվար-ապրիլին արտադրվել է 219 հազ. լիտր վիսկի՝ նախորդ տարվա նույն ամիսների մոտ 273 հազ. լիտրի դիմաց։

Երբ հայկական վիսկին սկսեց արտահանվել, մասնավորապես՝ դեպի Իրաք, կանախատեսումներ կային, որ ցածր գնային սեգմենտի շնորհիվ դրա արտադրության ու արտահանման ծավալները կարող են կտրուկ մեծանալ։ Սակայն, նման արդյունքներ չգրանցվեցին։

Կրկին Վիճկոմիտեի տվյալներով՝ նախորդ տարվա դրությամբ Հայաստանում վիսկիի է արտադրում հինգ կազմակերպություն։ Արտադրողների անունները Վիճկոմիտեն չի հայտնում։

Փոխարենը հայտնի են արտահանողների անունները։ Մաքսային ծառայությունից մեր հարցմանը պատասխանել են, որ նախորդ տարի Հայաստանից վիսկի է արտահանել 8 կազմակերպություն և 1 անհատ։  Արտահանողներից մեկը «Ալկո իմպորտ էքսպորտ» ընկերությունն է, որը փոխկապակցված է Սամվել Ալեքսանյանին։ Նախկինում գործարարին պատկանող «Ա և Գ» ընկերությունն էր զբաղվում վիսկիի արտադրությամբ ու արտահանմամբ։ Այժմ նույն ապրանքանիշի վիսկիի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվում է «Ալկո իմպորտ էքսպորտ»-ը։ Ըստ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում հրապարակված մի հետազոտության, որտեղ ուսումնասիրվել է «Ալկո իմպորտ էքսպորտ»-ի կողմից արտանետված վնասարար նյութերի աղտոտվածության աստիճանը, «Ալկո իմպորտ էքսպորտ» ընկերությունը զբաղվում է էթիլ սպիրտի արտադրությամբ։ Նախկինում նույն հասցեում արտադրական գործունեություն է իրականացրել «Ա և Գ» ընկերությունը։ Մեր տեղեկություններով՝ վիսկիի արտադրության և արտահանման հիմնական մասն ապահովում է «Ալկո իմպորտ էքսպորտ»-ը։

Ի դեպ, նախորդ տարվա մայիսին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Ալկո իմպորտ էքսպորտ» ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշում է ընդունել։ Պատճառը «Ալկո իմպորտ էքսպորտ»-ի կողմից  արտասահմանյան օղիների հայտնի ապրանքանիշերով օղիներ արտադրելն էր։ Այլ կերպ ասած՝ ընկերությունը կեղծել է օղիները։

Վիսկին են արտահանում նաև «Պռոշյանի կոնյակի գործարանը», «Հայասի գրուպը», «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ», Արարատի մարզի կոնյակի գործարանը՝ «Ա.Կ.Զ.»-ն, «Դյութի ֆրի ալիանս», «Ալդի գրուպ», «Ալֆա վին» ընկերությունները, ինչպես նաև մեկ անհատ՝ Եղիազարյան Թաթուլ։

Հայկական վիսկին առաքվում է Իրաք ու Ռուսաստան։ Որոշակի խմբաքանակ արտահանվում է նաև Գերմանիա, Ուկրաինա, Քուվեյթ, Սինգապուր, Ռումինիա և Վրաստան։

Ներմուծվում է քիչ քանակությամբ, բայց՝ ավելի թանկ վիսկի

Դատելով Հայաստան ներմուծվող, ինչպես նաև` տեղում արտադրվող վիսկիի ծավալներից՝ կարելի է եզրակացնել, որ հայերը վիսկիի սիրահար չեն։ 2018 թվականին Հայաստան է ներմուծվել ընդամենը 53.5 հազար լիտր վիսկի՝ 2017 թվականի մոտ 50 հազար լիտրի դիմաց։ Համեմատության համար նշենք, որ ըստ Մաքսային ծառայության տվյալների, նույն տարում մեր երկիր է ներմուծվել 4.5 մլն լիտր գարեջուր, 390 հազ. լիտր գինի և այլն։

Ի տարբերություն հայկական վիսկիի, որը ինչպես տեսանք բավականին ցածր գնով է արտահանվում, ներմուծվող վիսկին ավելի թանկ է։ Ընդհանուր առմամբ, նախորդ տարի 53.5 հազար լիտրի մաքսային արժեքը (սա ներառում է նաև արտահանման ճանապարհային ծախսերը) կազմել է 1.4  մլն դոլար։ Այդպիսով, ներմուծվող մեկ լիտրի արժեքը կազմել է 26.5 դոլար կամ 12 800 դրամ։

Վիսկին ներմուծվում է Մեծ Բրիտանիայից, Վրաստանից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, Իտալիայից, Լատվիայից, Լիտվայից, ԱՄՆ-ից, Շվեյցաիայից ու Գերմանիայից։  Հիմնական ներմուծողները ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերություններ են՝ «ՍարգիսԿարոլինա»-ն, «Սաս-Գրուպ»-ը, «Վինո վինո»-ն, «Պեռնո ռիկար Արմենիա»-ն, «Անդակո»-ն և այլն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter