HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կնիքի պահանջի վերացում, թվային կառավարում. խորհրդարանական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «կադաստրային նախագծերին»

Ազգային ժողովի տնտեսական հարցերով հանձնաժողովն այսօր կողմ արտահայտվեց «կադաստրային» նախագծերի փաթեթն Ազգային Ժողովում քննարկելուն։ Այս մասին տեղեկացնում է Կադաստրի պետական կոմիտեի լրատվական ծառայությունը:

Այդ փաթեթով առաջարկվում են փոփոխություններ ու լրացումներ հիմնականում Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքում, որոնց ընդունումից և ուժի մեջ մտնելուց հետո Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն կկոչվի Կադաստրի կոմիտե, կվերանա «կադաստրային» փաստաթղթերում կնիքի պահանջը, կկարգավորվի Կադաստրի (այդ թվում՝ Ինտեգրված կադաստրի) էլեկտրոնային ինքնաշխատ (ավտոմատ) համակարգով գործունեությունը։ 

Կնիքի պահանջի վերացում

Հարցը հանձնաժողովում զեկուցելիս Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն ասաց, որ սրանով Կադաստրի տրամադրած բազմաթիվ փաստաթղթերի իսկությունը՝ սեփականության վկայական, միասնական ու այլ տեղեկանքներ, կհաստատվի ոչ թե կնիքով, այլ առցանց։ Յուրաքանչյուր փաստաթուղթ առանձին կոդ է «գեներացնելու», որով ամեն ոք կարող է Կադաստրի պաշտոնական կայքի էլեկտոնային բաժնում (e-cadastre.am) ճշտել դրա իսկությունը և օգտագործել.

«Սա շոշափելիորեն կհեշտացնի Կադաստրի գրասենյակ դիմողների գործը. դիմումը հանձնելու և տեղեկանքը ստանալու երկու այցերը կդառնան մեկ՝ բացառությամբ գույքի գրանցման և օտարման դեպքերի»,-ասաց Սարհատ Պետրոսյանը։ 

Սեփականության էլեկտրոնային վկայական

Առաջարկվող փոփոխություներով, սեփականատիրոջը հնի փոխարեն նոր նմուշի վկայական տալու հնարավորություն է ստեղծվում (գործող օրենքով հին նմուշի՝ «ծալովի», վկայականը նորով չի փոխարինվում)։ 

«Սեփականության վկայականում ցանկացած փոփոխության դեպքում կտրամադրվի նոր տեսակի առցանց վկայական, իսկ հին վկայականները կամաց-կամաց դուրս կգան շրջանառությունից»։ 

Ապակենտրոնացում՝ խնայողության հեռանկարով

Փաթեթն ընդունվել-ուժի մեջ մտնելուց հետո Կադաստրի կոմիտեն արդարադատության նախարարության հետ մեկ այլ նախաձեռնությամբ հանդես կգա, որով նոտարական գրասենյակներում արվող անշարժ գույքի բոլոր գործարքները պարտադիր կերպով կմուտքագրվեն Կադաստրի համակարգում.

«Այս փոփոխությունների արդյունքում մոտավորապես 50 տոկոսով կկրճատվի Կադաստրի գրասենյակների ծանրաբեռնվածությունը։ Այդ գրասենյակները մենք անվանում ենք front office, և նրանց աշխատանքի համար մենք տարեկան շուրջ 700 մլն դրամ ենք ծախսում։ Կարծում եմ, որ երկարաժամկետ կտրվածքով շոշափելի խնայողություններ կունենանք այս առումով ևս»։

Զեկուցողը նաև նշեց, որ այս և այլ բարեփոսխումների կիրառումը կբերի կադաստրի ծառայությունների սակագներն իջեցնելուն։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ընդունված օրենքի պաշտոնական հրապարակումից 10 օր անց։ Փաթեթի ընդունման անհրաժեշտությունը և հրատապությունը Սարհատ Պետրոսյանը բացատրեց նախ կառավարության որդեգրած սկզբունքով՝ օր առաջ բարելավել պետության մատուցած ծառայությունների որակը։ Մյուսը Գործարար միջավայրի բարելավման ծրագրով ստանձնած պարտավորությունը կատարելն է, և՝ ժամանակին։ 

Փաթեթը հունիսի 28-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգի նախագծում է և, ամենայն հավանականությամբ, առաջին ու երկրորդ ընթերցմամբ (ամբողջովին) ընդունելու համար կկիրառվի քննարկման 24-ժամյա ռեժիմ։

Ի դեպ, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակվելուց ի վեր Սարհատ Պետրոսյանն այսօր առաջին անգամ էր օրենքի նախագիծ զեկուցում խորհրդարանական հանձնաժողովում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter